Избранное сообщение

Գաբրիել Գարսիա Մարկես. Մտքեր

1.Ես քեզ սիրում եմ ոչ նրա համար, թե ով ես դու, այլ նրա համար, թե ով եմ ես, երբ քո կողքին եմ: 2. Ոչ մեկը արժանի չէ քո արցունքներին: Իսկ ...

суббота, 9 марта 2013 г.

Ժողովուրդը «զադնին» չի ընդունի

Մամուլի հրապարակումների համաձայն, մարտի 8-ի երեկոյան ՀՅԴ ԳՄ շենքում տեղի է ունեցել ԲՀԿ-ի, ՀՅԴ-ի և «Ժառանգության» ներկայացուցիչների եռակողմ հանդիպումը: Քննարկվել է Երևանի խորհրդի ընտրություններին միասնական ցուցակով մասնակցելու հնարավորության հարցը, և կողմերից յուրաքանչյուրը ներկայացրել է իր մոտեցումները: Վերջնական որոշում չի կայացվել եւ որոշվել է քննարկումը շարունակել վաղը:

Ավագանու ընտրություններին մասնակցելու մասին, ընդ որում՝ միասնական ցուցակով, հայտարարություններ մի քանի անգամ հնչեցվել են նաեւ «Ազատության» հրապարակում տեղի ունեցող հանրահավաքների ժամանակ, հիմնականում դաշնակցականների կողմից: ՀՅԴ-ական Արմեն Ռուստամյանն անգամ հայտարարել էր, որ եթե այժմ հնարավոր չէ իրականացնել իշխանափոխություն եւ դե յուրե հաստատել Րաֆֆի Հովհաննիսյանի հաղթանակը նախագահական ընտրություններում, չպետք է թեւթափ լինել եւ պայքարել իշխանական այլ լծակների տիրանալու համար: Իսկ Վահան Հովհաննիսյանը օրերս հեռուստատեսային հաղորդումներից մեկի ժամանակ հայտարարել էր, որ չպետք է հրաժարվել այն ամենից, ինչ այսօր հնարավոր է ստանալ, պետք է իշխանական մարմիններում պլացդարմ ու լծակներ ստեղծել՝ հետագայում համակարգային իշխանափոխություն կատարելու համար: Մոտավորապես միտքը այս էր: Ինչպես երեւում է, ըստ դաշնակցականների, այդ լծակները Երեւանի ավագանու աթոռներն են...

ԲՀԿ-ն մինչ այս հանդիպումը դրական էր գնահատել ավագանու ընտրություններին միասնական թիմով մասնակցելու առաջարկները, միեւնույն ժամանակ՝ քննարկել էր իր առանձին ցուցակը եւ որոշել առաջին 3 տեղերը (Վարդան Օսկանյան, Գուրգեն Արսենյան, Նաիրա Զոհրաբյան): ԲՀԿ-ն այժմ խնդիր ունի նախագահական ընտրությունների չմասնակցելու հետեւանքով ունեցած վարկանիշային ու ընտրազանգվածային կորուստներից հետո վերականգնել դիրքերը, բայց շատ կասկածելի է, որ նրանք Երեւանի ընտրություններին գնան միասնական ճակատով, ինչքան էլ այժմ ողջունեն ու մասնակցեն քննարկումներին: Հրաժարվելու համար վաղը կամ մյուս օրը որեւէ պատճառ ԲՀԿ-ականները անպայման կգտնեն, ինչպես գտան նախագահական ընտրությունների ժամանակ: Եւ հետո՝ «Ժառանգություն»-ԲՀԿ-ն ինչ-որ շատ անհամատեղելի բաներ են, չնայած քաղաքականության մեջ ամեն ինչ հնարավոր է, անգամ անհամատեղելիների համատեղումը...

Հատկանշական է, որ այս քննարկումներից դուրս է մնացել Կոնգրեսը, չնայած ՀԱԿ ներկայացուցիչները ևս կողմ էին արտահայտվել միասնական ցուցակին եւ կարծես առաջինն էին առաջարկել նման ձեւաչափի մասին: Մամուլում լուրեր են հայտնվել, թե իբր ՀԱԿ-ի մասնակցությանն ամենաշատը դեմ է «Ժառանգությունը», որի ներկայացուցիչները, «ըստ էության, դեմ են որևէ միավորման, որտեղ կարող է լինել ՀԱԿ-ը»: Այդպես է, թե ոչ, դժվար է ասել, բայց մի բան ակնհայտ է. այս երկու ուժերի միջեւ վերջին շրջանում անհամաձայնություններն ու խանդի տեսարանները անպակաս են, «բարեւ չտալը», թերեւս, չի մոռացվել՝ մեր մեջ ասած... Սա այն դեպքում, երբ նախագահական ընտրությունների ժամանակ տեղամասերում ամենաակտիվն ու Րաֆֆի Հովհաննիսյանի ձայները պահողները եղել են Կոնգրեսի ներկայացուցիչներն ու համակիրները, այսօր հրապարակում եւս մեծ թիվ են կազմում նրանք...

Այս ամենը մի կողմ, ի՞նչ է մտածում հրապարակի ժողովուրդը հետագա պայքարի առումով: Հաստատ նրանց ակնկալածը Երեւանի ավագանու տեղերը չեն, ոչ էլ անգամ քաղաքապետինը, եթե անգամ դա հաջողվի, ինչը խիստ կասկածելի է այն պարագայում, եթե ընդդիմությունը համակերպվում է նախագահական կեղծված ընտրությունների արդյունքների հետ...

Չնայած Րաֆֆի Հովհաննիսյանը ամեն օր հայտարարում է «զադնի» չտալու մասին, բայց հրապարակի որոշ ուժեր կարծես այլ մտածումներ ունեն այս առումով. ասենք՝ «զադնի» տալ, հետո կամաց-կամաց առաջ գնալ...մարմանդ խոդով...

Ըստ այդմ, Րաֆֆի Հովհաննիսյանին միացած որոշ քաղաքական ուժերի ու գործիչների գլխավոր նպատակը, իմ հայացքով, ոչ այնքան իշխանափոխությունն ու Րաֆֆու դե ֆակտո հաղթանակը դե յուրե դարձնելն է, որքան առաջիկա գործընթացներում տեղ ու ակտիվ դերակատարություն ունենալն է:  Նման տպավորություն, համենայն դեպս, կարելի է ստանալ դաշնակցական գործիչների ելույթներից ու դիրքորոշումից...

Խոսքը վերաբերում է  ոչ միայն Երեւանի քաղաքային իշխանության ձեւավորման պրոցեսին, այլեւ ընդդիմությանը վերահսկող ֆունկցիաներ տալու իշխանական խոստումներին, ԱԺ-ում արտահերթ խորհրդարանական ընտրություններին վերաբերող մշուշոտ քննարկումներին ու ոչ պակաս մշուշոտ սահմանադրական բարեփոխումների իշխանական խոստումներին: Հատկապես այս վերջինը իշխանական հերթական կուտը կարող է լինել, որն ունի իր զուգահեռը, երբ կարծեմ 1998-ին Պարույր Հայրիկյանը նման հանձնաժողով գլխավորեց Ռոբերտ Քոչարյանի մոտ, եւ կարճ ժամանակ անց՝ հրաժարվեց այդ անպտուղ գործից...

Իսկ եթե, այնուամենայնիվ, ներքաղաքական հանգամանքները հանգեցնեն «զադնի» տալու  որոշմանը, ապա հրապարակում հավաքված ժողովուրդը այդ «զադնին» չի ների...ու չի ընկալի Երեւանի խորհրդի միջոցով դանդաղ «իշխանափոխության» երազանք-պատրանքը...

Համլետ Կիրակոսյան

Комментариев нет:

Отправить комментарий