Избранное сообщение

Գաբրիել Գարսիա Մարկես. Մտքեր

1.Ես քեզ սիրում եմ ոչ նրա համար, թե ով ես դու, այլ նրա համար, թե ով եմ ես, երբ քո կողքին եմ: 2. Ոչ մեկը արժանի չէ քո արցունքներին: Իսկ ...

пятница, 10 февраля 2012 г.

Կենացները թանկանում են


Կոալիցիոն կուսակցությունների ղեկավարների հանդիպումից հետո, թվում էր, գոնե ժամանակավորապես հարթվել են ՀՀԿ- ԲՀԿ հարաբերություններում առկա լարվածությունը: Ժամանակավորապես ասելով, նկատի ունենք առնվազն այս տարվա մայիսը` ԱԺ ընտրությունները: Կոալիցիայի վերջին նիստից հետո տեղեկություններ հայտնվեցին, թե Սերժ Սարգսյանն ու Գագիկ Ծառուկյանը պայմանավորվել են ի ցույց չդնել իրենց միջեւ գոյություն ունեցող տարաձայնությունները: Սակայն, ինչպես երեւում է, պայմանավորվածությունը շատ կարճ տեւեց ու ականատես ենք հերթական առճակատմանն ու փոխադարձ մեղադրանքներին:

Այն բանից հետո, երբ ԲՀԿ-ն Ազգային ժողովում բոյկոտեց կառավարության ներկայացրած «Կանխիկ գործառնությունների սահմանափակման մասինե օրինագծի քվեարկությունը եւ դրա ընդունումը փաստորենն տապալվեց, հանրապետականները հանկարծ հիշեցին ու մատնացույց արեցին ԲՀԿ-ական հիմնական կարգախոսը՝ «Մեր խոսքը գործ է»: Այժմ ՀՀԿ-ականները կոալիցիոն գործընկերոջը երեսով են տալիս, թե նրանց խոսքն ու գործը չեն համապատասխանում իրար. «Ով խոսում է ժողովրդի անունից, հարկերի հավաքման արդարությունից եւ այդ խնդիրներով վաղը ժողովրդի առջեւ կանգնելով կուրծք է ծեծելու, պետք է գործնականում ապացուցեր իր խոսքի եւ գործի նույնությունը»,-իր զայրույթը չի թաքցրել խորհրդարանի նախագահ Սամվել Նիկոյանը: ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն էլ ԲՀԿ-ին մեղադրել  է կոալիցիոն պայմանավորվածությունները խախտելու մեջ: ՀՀԿ-ականները ԲՀԿ-ի բոյկոտը դիտարկում են որպես էժանագին պիառ քայլ` ԱԺ ընտրությունների նախաշեմին:

Ըստ հանրապետականների, ներկայացված օրինագիծը հակակոպուպցիոն շարքից էր, եւ դեմ գնալով այդ օրինագծին, ԲՀԿ-ն ապացուցում է, որ կողմ է կոռուպցիային: ԲՀԿ խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանը ի պատասխան մեղադրանքների՝ Tert.am-ին ասել է, որ իրենք կոռուպցիայի դեմ պայքարը «կարեւորում են, կարեւորել են եւ կարևորելու ենե: «Մենք 5 տարի շարունակ դրա մասին խոսում ենք և մեր նախընտրական նոր ծրագրում էլ այդպիսի բազմաթիվ դրույթներ կան»,-ասել է Արամ Սաֆարյանը` նշելով, որ ԲՀԿ-ն ողջունում է օրենքի նախագծի գաղափարախոսությունը, սակայն դեմ է դրա կիրառման տեխնիկական ձևին: «Այսինք մենք դեմ ենք բանկային համակարգի այցելուների թվի կտրուկ ավելացմանը»,- նշել է նա: ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանն էլ հանրապետականներին մեղադրում է կոռուպցիայի դեմ պայքարի վերաբերյալ ամպագոռգոռ հայտարարություններ անելու մեջ. «Այդ նախագիծը որեւէ կապ չունի կոռուպցիայի դեմ պայքարի հետ, եւ նախագծի իրական նպատակը մեկն է` լրացուցիչ արտոնյալ եկամուտներ ապահովել առանց այն էլ երանելի իրավիճակում գտնվող բանկերի համար` ի հաշիվ հանրապետության քաղաքացիների»,-հայտարարել է Ն. Զոհրաբյանը:

Ավելացնենք, որ ըստ նախագծի`  2012 թ. հուլիսի 1-ից ֆիզիկական անձանց միջեւ ապրանքների (գույքի) օտարման, օգտագործման, աշխատանքների կատարման եւ ծառայությունների  մատուցման  համար 3 միլիոն դրամը գերազանցող գործարքների վճարումները չեն կարող իրականացվել կանխիկ գումարով, այսինքն՝ դրանք իրականացվելու են բանկերի միջոցով:

Այս ամբողջ պատմության մեջ հատկանշական է մի քանի դրվագ:

1. Ըստ հանրապետականների տրամաբանության ստացվում է, որ հանրապետությունում, առնվազն գոնե խորհրդարանում, միայն իրենք են կողմ կոռուպցիայի դեմ պայքարին, ինչը սակայն, հասկանալի է, ֆանտաստիկայի ոլորտից է ու անախրոնիզմ: Նշենք, որ «Ժառանգությունըե եւս չի մասնակցել քվեարկությանը, իսկ ՀՅԴ-ն ձեռնպահ է մնացել (թերեւ այս պարագայում եւս աշխատել է «կողմ ըլալով, դեմ կըլանք»՝ Դաշնակցությանը բնորոշ բանաձեւը):

2. Ըստ նույն հանրապետականների տրամաբանության, սեփական կարծիք ու դիրքորոշում ունենալը դավաճանություն ու պայմանավորվածությունների խախտում է: Այսինքն, ըստ նրանց, ինչ վերեւից հրամայվել է, անհապաղ ենթակա է կատարման (ի դեպ` սա գրեթե բոլոր հանրապետականներ կրեդոն է, ու նրանք երբեւէ չեն խախտում այս կանոնը):

3. ԲՀԿ-ն առճակատման գնալով ՀՀԿ-ի հետ` չի ցանկանում, կամ առայժմ չի ցանկանում քաղաքական հարթություն տեղափոխել այդ առճակատումը: Այսպես պետք է հասկանալ ԲՀԿ խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանի այն հայտարարությունը, թե իրենց դիրքորոշումը քաղաքական չէ եւ պետք չէ քաղաքական ենթատեքստ փնտրել ԲՀԿ գործողության մեջ:

4. Անկախ ամեն ինչից` ակնհայտ է, որ ԲՀԿ-ՀՀԿ հարաբերություններում նման իրավիճակներն առաջիկայում առավել հաճախակի կդառնան, մանավանդ, եթե նկատի ունենանք, որ մոտ օրերս ԱԺ-ում քննարկվելու է հարյուր տոկոս համամասնական ընտրակարգին անցնելու` ՀՅԴ-ի ու «Ժառանգության» օրինագիծը, որին կողմ է արտահայտվել նաեւ ԲՀԿ-ն: Այսինքն` ուժերի տեղաբաշխման առումով ունենալու ենք այն պատկերը, ինչ «հակակոռուպցիոնե օրինագծի ժամանակ. մի կողմում` ՀՀԿ ու ՕԵԿ (այս կուսակցությունից հայտարարել են, որ համամասնականին անցնելու օրինագիծը համարում են ժամանակավրեպ), մյուս կողմում՝ «Ժառանգություն», ՀՅԴ, ԲՀԿ: Այսինքն` խորհրդարանում կենացները թանկանալու են:

Համլետ Կիրակոսյան
«Ասպարեզ»

Комментариев нет:

Отправить комментарий