Избранное сообщение

Գաբրիել Գարսիա Մարկես. Մտքեր

1.Ես քեզ սիրում եմ ոչ նրա համար, թե ով ես դու, այլ նրա համար, թե ով եմ ես, երբ քո կողքին եմ: 2. Ոչ մեկը արժանի չէ քո արցունքներին: Իսկ ...

вторник, 14 февраля 2012 г.

Ինչպե՞ս պայքարել հինգ հազարի դեմ


Հայաստանում հերթական անգամ հաղթեցին նորին գերազանցություն ընտրակեղծիքն ու ընտրակաշառքը: Հրազդանում տեղի ունեցած քաղաքապետի ընտրությունը ի դերեւ հանեց ազատ ու արդար, Հայաստանի պատմության մեջ ամենալավ ընտրություններ անցկացնելու մասին իշխանությունների բոլոր հավաստիացումները: Ճիշտ է, այդ հավաստիացումները իշխանությունները տվել են առաջիկա խորհրդարանական ընտրությունների մասով, սակայն դրանից մեծ բան չի փոխվում:

Հրազդանի ընտրությունը մի ավելորդ անգամ ցույց տվեց, որ իշխանությունները պատրաստ չեն լավ ընտրությունների: Ճշմարտության դեմ չմեղանչելու համար պետք է ասենք, որ ոչ միայն իշխանությունը, հասարակության մի մասն էլ, ընդ որում՝ մեծ մասը, պատրաստ չէ դրան: Ձայն ծախելու եւ առնելու երեւույթը երկկողմանի պրոցես է. մեկը պատրաստակամ է ծախելու, մյուսը՝ առնելու: Եթե ծախող չլինի, առնող էլ չի լինի, ավելի ճիշտ՝ նման ցանկություն ունեցող կլինի, ուղղակի առնելու բան չի լինի: Առայժմ երկու կողմն էլ կա, ու նրանք ընտրությունների շրջանում փնտրում ու դտնում են իրար՝ հանդես գալով որպես դաշնակիցներ:

Անկախ Հրազդանի ընտրությունների վերջնական ու պաշտոնական արդյունքներից, ակնհայտ է որ այստեղ իշխանությունը գործարկեց ընտրակեղծարարության ողջ մեխանիզմը՝ ընտրակաշառք, կարուսել, ուղղորդված քվեարկություն, «ավտոբուսներովե ընտրություն, լցոնում, թվանկարչություն եւ այլն՝ մեկը մի փոքր քիչ, մյուսը՝ շատ: Լրագրողները, տեսախցիկները, դիտորդներն ու վստահված անձինք արձանագրել ու հայտարարել են նման տիպի խախտումների մասին:

Հրազդանում ընդդիմությունն ուներ բավականին ուժեղ ու անցողիկ թեկնածու՝ ի դեմս Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ, ազատամարտիկ, քաղաքում մեծ հեղինակություն վայելող Սասուն Միքայելյանի: Ընդդիմությունը Հրազդանում կենտրոնացրել էր մեծ ուժեր, Սասուն Միքայելյանին սատարում էին ընդդիմադիր այլ կուսակցություններ, մասնավորապես «Ժառանգությունն» ու «Ազատ դեմոկրատները», ընտրական պրոցեսին տեղերում հետեւում էին քաղաքական հայտնի ու ընտրություններում թրծված գործիչներ: Ինչպես ցույց են տալիս քվեարկության նախնական արդյունքները, նրանք հնարավորինս կարողացան պահպանել Սասուն Միքայելյանի ձայները, ամեն դեպքում՝ նրա ու իշխանության ներկայացուցիչ, գործող քաղաքապետի ձայների տարբերությունը շատ մեծ չէ: Սակայն դա բավարար չեղավ Սասուն Միքայելյանի համար գրանցված հաղթանակ ապահովելու համար:

Անգամ գրանցված ձայների տարբերության ու ընտրական խախտումների համեմատությունից իսկ կարելի է հաստատապես ասել, որ հանրապետական Արամ Դանիելյանը, ըստ էության, չի հաղթել ընտրություններում, եւ հերթական անգամ ունենք ոչ լեգիտիմ ընտրություն ու ոչ լեգիտիմ իշխանավոր:

Այսօր մեր իրականության ամենամեծ պրոբլեմը սա է. Ուրեմն՝ մեր ու հասարակության մտածող հատվածի մտահոգությունն էլ ոչ թե Սասուն Միքայելյանի չընտրվելն է, այլ այն, որ չընտրվեց նաեւ քվեարկության արդյունքներով «հաղթած» թեկնածուն: Մեր մտահոգությունն այն է, որ Հայաստանում հնարավոր չէ ընտրությունների միջոցով փոխել իշխանությունը, տեղի է ունենում միայն իշխանության վերարտադրություն՝ վերջինիս կամքով ու ցանկությամբ: Մեր մտահոգությունն այն է, որ ընտրողի քվեն չունի այն իրական արժեքն ու վճռորոշ դերը, որը պետք է ունենար:

Եթե ընտրությունների միջոցով հնարավոր չէ իրականացնել իշխանափոխություն, մնում է մեկ ճանապարհ՝ արմատականություն: Հրազդանի ընտրությունների գիշերը այս թեմայով ֆեյսբուքյան քննարկումներից մեկում հայտնվեց կարծիք, թե «ընտրությունների միջոցով իշխանափոխություն հնարավոր է, եթե այն համապատասխանում է ժողովրդի պահանջներին»: Ուզում է ասել, եթե պահանջարկ, ընդունելի գաղափարներ, ծրագրեր ու արժանի թեկնածուներ կան: Միգուցե այդպես պետք է լիներ, բայց այդպես չէ: Ժողովուրդը պահանջներ ունի, ու շատ պահանջներ: Խնդիրն այն է, որ ընտրությունների շրջանում այդ ժողովրդի մի մասի միակ պահանջը դառնում է իրեն նետվող 5 հազար դրամը: Ուրեմն՝ պետք է պայքարել այդ 5 հազար դրամի ու իր ձայնի դիմաց այն վերցնելու պատրաստ մարդու դեմ, ավելի ճիշտ՝ համար: Ինչպես երեւում է, գաղափարներով ու ծրագրերով այդ պայքարը հաջողություն չի ունենում: Ու նորից միակ միջոցը մնում են արմատական քայլերը:

Համլետ Կիրակոսյան
«Ասպարեզ»

Комментариев нет:

Отправить комментарий