Избранное сообщение

Գաբրիել Գարսիա Մարկես. Մտքեր

1.Ես քեզ սիրում եմ ոչ նրա համար, թե ով ես դու, այլ նրա համար, թե ով եմ ես, երբ քո կողքին եմ: 2. Ոչ մեկը արժանի չէ քո արցունքներին: Իսկ ...

четверг, 16 февраля 2012 г.

ԲԱՐԳԱՎԱՃԱԾ ՕՍԿԱՆՅԱՆԸ ԵՎ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԱՇՏԻ ԽՄՈՐՈՒՄՆԵՐԸ


Վերջին օրերին իշխանական դաշտում տեղի ունեցող խմորումները նոր իրողությունների առաջ են կանգնեցնում քաղաքական դաշտին: Նոր իրողությունների ի հայտ գալը առավել շոշափելի է դառնում ՏԻՄ ընտրություններում Հանրապետականի ՙբացահայտ՚ հաղթանակի ֆոնին: Այդ ընտրությունները հնարավորությունների, հավակնությունների ու ուժերի փորձարկման դաշտ էր՝ գլխավոր մարտից առաջ, ինչքան էլ որ ՏԻՄ ընտրությունները իրենց մեխանիզմով, գաղափարախոսությամբ ու նշանակությամբ տարբերվեն խորհրդարանականից:

Հենց ընտրությունների հաջորդ օրը իշխանական կոալիցիան հանդես եկավ հայտարարությամբ, ազդարարելով, որ ՙկոալիցիոն կողմերը քննարկել և արձանագրել են խորհրդարանական ընտրություններում սեփական ընտրացուցակներով հանդես գալու, փոխադարձ հանդուրժողականության մթնոլորտում և քաղաքակիրթ մրցակցության կանոններով ընտրություններին մասնակցելու իրենց պատրաստակամությունը՚: Չեն մոռացել կարեւորել նաեւ կոալիցիոն գործընկերության միասնականությունն ու համախմբվածությունը: 


Այն, որ կոալիցիոն կուսակցությունները ընտրություններին մասնակցելու են առանձին-առանձին, հայտնի էր վաղուց՝ վերջիններիս մասնավոր հայտարարություններից: Փետրվարի 13-ի հայտարարությամբ կոալիցիան արդեն պաշտոնական ձեւակերպում տվեց այդ փաստին: Հայտնի է, որ նմանատիպ հայտարարությամբ կոալիցիան հանդես էր եկել նաեւ անցած տարվա փետրվարին, ուր խոսք էր գնում խորհրդարանում իրենց ունեցած համամասնությունը պահպանելու մասին, կոպիտ ասած՝ ամեն մեկը ստանում է այնքան տեղ, որքան ունի: Դեռ այն ժամանակ հայտարարության այս կետը լայն քննադատության արժանացավ, անգամ գնահատվեց հակասահմանադրական՝ նկատի ունենալով այն հանգամանքը, որ դրանով կանխորոշում են ընտրությունների արդյունքները, այսինքն՝ բացահայտ խոսում թվանկարչության մասին: Նոր հայտարարության մեջ նման կետ արդեն չկա եւ խոսք է գնում ՙքաղաքակիրթ մրցակցության մասին՚: Այսինքն՝ ամեն մեկը ստանում է այնքան, որքան կհաջողեցնի:

Կոալիցիոն հայտարարության հենց հաջորդ օրը նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանն հայտարարեց, որ դիմում է գրել ՙԲարգավաճ Հայաստան՚ կուսակցություն մտնելու մասին: Օսկանյանի ՙբարգավաճացումը՚ սպասելի էր, այդ մասին թե նա, թե կուսակցության պատասխանատուները հասկացնել էին տվել դեռ օրեր առաջ: Հիմա արդեն դա կայացած փաստ է: Ու այդ փաստի ետեւում շատերը շարունակում են տեսնել Ռոբերտ Քոչարյանի գործոնը: Հիմա առավել հետաքրքիր է դառնում, թե ինչ պատկեր ենք ունենալու իշխանական դաշտում, մասնավորապես ՀՀԿ-ԲՀԿ հարաբերություններում:

Հրապարակային քաղաքականություն վերադառնալուց հետո Օսկանյանը մշտապես հանդես է եկել իշխանության արտաքին, ներքին ու տնտեսական քաղաքականության քննադատությամբ: Ընդ որում, այդ քննադատությունը շատ դեպքերում եղել է առավել քան արմատական դիրքերից, իր, այսպես ասած, դոզայով հավասարազոր արմատական ընդդիմության դիրքորոշմանը: Այստեղ այնքան էլ կարեւոր չէ, թե որքան է անկեղծ Օսկանյանն իր քննադատության մեջ, կամ, ընդհանրապես, նա իրավունք ունի՞ մատ թափ տալ ներքաղաքական խնդիրների ուղղությամբ՝ հաշվի առնելով նրա կեցվածքը 2008 թվականի մարտի 1-ին: Հիմա առավել կարեւոր է, թե որպես ԲՀԿ անդամ՝ նա շարունակելու՞ է պահել քննադատության դոզայաչափը: Նախկինում Օսկանյանը հանդես էր գալիս որպես անհատ գործիչ, հիմա հանդես է գալու որպես ԲՀԿ ներկայացուցիչ, ընդ որում՝ ոչ շարքային: Ու  բնականաբար, նրա ցանկացած հայտարարություն ընկալվելու է որպես Բարգավաճի դիրքորոշում: Այսինքն՝ ստացվում է, որ, եթե նա շարունակում է քննադատել իշխանությանը, դա չի վերաբերելու միայն ՀՀԿ-ին, այլ՝ որոշակի չափով նաեւ ԲՀԿ-ին՝ որպես իշխանության մաս: Ի վերջո, մեծ հաշվով, վարվող ընդհանուր քաղաքականության համար պատասխանատու է ամբողջ կոալիցան, թեեւ առանձին խնդիրների շուրջ կոալիցիոն կուսակցությունների միջեւ կարող են լինել անհամաձայնություններ, ինչը ժամանակ առ ժամանակ արտահայտում է ԲՀԿ-ն:

Իսկ եթե հիմա Օսկանյանի բերանով ԲՀԿ-ն քննադատելու է Սերժ Սարգսյանի վարած ընդհանուր քաղաքականությունը,  դուրս է գալիս, որ Բարգավաճը ՙհագնելու է՚ ընդդիմադիրի շապիկ: Այս հանգամանքը ուշագրավ է նաեւ այն առումով, որ վերջերս Օսկանյանը խոսել էր ընդդիմադիր ուժերի՝ մասնավորապես ՙԺառանգության՚, ՙԱզատ դեմոկրատների՚, ՀՅԴ-ի ու ՀԱԿ-ի հետ հնարավոր համագործակցության մասին՝ շեշտադրելով արդար ընտրություններ անցկացնելու պահը: Հասկանալի է, որ սա հերթապահ հայտարարություն է եւ շատ քիչ է հնարավոր նման համագործակցությունը կամ դաշինքը: Սակայն այժմ հետաքրքիր կլինի տեսնել, թե որպես ԲՀԿ-ական՝ Օսկանյանը ընդդիմության հետ համագործակցության պատրաստակամություն հայտնելու՞ է:

Չմոռանանք մի կարեւոր փաստ. ԲՀԿ-ն օրեր առաջ միացավ խորհրդարանական ընդդիմության հայտարարությանը՝ ԱԺ-ում 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգին անցնելու շուրջ խորհրդարանական լսումներ անցկացնելու մասին: Երեկ այդ լսումները տեղի ունեցան. խորհրդարանական ու արտախորհրդարանական ընդդիմությունը հայտարարեցին մեծամասնական ընտրակարգը վերացնելու մասին՝ դա համարելով ընտրակեղծիքների հիմնական աղբյուր: ՀՀԿ ու կառավարության ներկայացուցիչները կողմ արտահայտվեցին մեծամասնականը պահպանելուն: Իսկ ԲՀԿ ներկայացուցիչ Սամվել Բալասանյանը, ով մի քանի անգամ պատգամավոր է դարձել մեծամասնական ընտրակարգով, թեւ նշեց, որ 100 տոկոսանոց համամասնականի գաղափարը իրենց ծրագրում կա, սակայն  դեմ արտահայտվեց ներկա պահին այդ ընտրակարգին անցնելուն՝ նշելով, որ «այդ դեպքում ընտրող-պատգամավոր կապը կխզվի և ԱԺ–ում ներկայացված կլինեն պատգամավորներ հիմնականում Երևանից»։

Ի դեպ, դա արհեստական ու շատ թույլ կռվան է, քանի որ կուսակցությունները կարող են իրենց համամասնական ցուցակներում ընդգրկել նաեւ թեկնածուներ մարզերից, եթե, իհարկե, արժանիներ կան: Իսկ եթե չկան, ապա ավելի լավ է խորհրդարանում ընդհանրապես չհայտնվեն չխոսկան կամ տարին մեկ խոսող պատգամավորներ:

Համլետ Կիրակոսյան


Комментариев нет:

Отправить комментарий