Избранное сообщение

Գաբրիել Գարսիա Մարկես. Մտքեր

1.Ես քեզ սիրում եմ ոչ նրա համար, թե ով ես դու, այլ նրա համար, թե ով եմ ես, երբ քո կողքին եմ: 2. Ոչ մեկը արժանի չէ քո արցունքներին: Իսկ ...

среда, 4 апреля 2012 г.

ՕՍԿԱՆՅԱՆՆ ՈՒ «ԱՆԻՄԱՍՏ» ԿՈԱԼԻՑԻԱՆ


Օրերս ԲՀԿ համամասնական ցուցակի երկրորդ հորիզոնականում հանգրվանած, Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը բավականին ուշագրավ հայտարարություն էր արել: Ըստ նրա, իշխող կոալիցիան մինչ այժմ ձեւական բնույթ է կրել, եւ խորհրդարանում մեծամասնություն կազմող հանրապատականները օրինագծեր առաջարկելիս ու ընդունելիս «բանի տեղ չեն դրել» ԲՀԿ-ին, ուստի երկրում առկա սոցիալ-տնտեսական ծանր վիճակի պատասխանատվությունն ամբողջությամբ ՀՀԿ-ի վրա է: Օսկանյանը նաեւ ավելացրել էր, որ եթե առաջիկայում Ազգային ժողովում ձեւավորվի նույն պատկերը, ապա ինքն ամեն ինչ կանի, որ ԲՀԿ-ն Հանրապետականի հետ կոալիցիա չկազմի: 

Այս հայտարարությունները բավականին լայն արձագանք էին գտել հասարակական-քաղաքական շրջանակներում, մանավանդ, մինչ այդ էլ ԲՀԿ ցուցակում ընդգրկված Տիգրան Ուրիխանյանը եւ  Վահան Բաբայանը տեսակետ էին հայտնել, որ այսօր կոալիցիա էլ չկա: Այսպիսով, ԲՀԿ ցուցակում հայտնված առանձին գործիչներ փորձում են հստակ սահմանաբաժան դնել ՀՀԿ-ի ու ԲՀԿ-ի միջեւ՝ մի կողմից զրոյացնելով կոալիցիոն պարտավորությունները, մյուս կողմից՝ ազատում իրենց ձեռքերը՝ առաջիկա քարոզարշավի ժամանակ ընդգծված ՙընդդիմադիր՚ դիրքերից հանդես գալու համար:

Ըստ ՀՀԿ փոխնախագահ Էդ.Շարմազանովի, ստացվում է, որ ինքը ավելի լավ կարծիք ունի ԲՀԿ-ի նկատմամբ, քան Օսկանյանը:

Հիմա ամբողջ խնդիրն այն է, թե հայտնված կարծիքները պե՞տք է արդյոք դիտարկել որպես ԲՀԿ պաշտոնական տեսակետ: Ըստ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Խաչիկ Գալստյանի, «Բարգավաճ Հայաստանի» պաշտոնական տեսակետը կարող է արտահայտել միայն ԲՀԿ նախագահն ու նրա կողմից լիազորված անձինք, այդ թվում մամուլի խոսնակը: «Որպես ԲՀԿ ղեկավարի մամուլի խոսնակ կարող եմ ասել, որ կոալիցիան գործում է մինչեւ խորհրդարանական ընտրություններ եւ միայն դրանից հետո նոր կորոշվի կոալիցիայի հետագա ճակատագիրը: Արդյո՞ք կձեւավորվի նոր կոալիցիա՝ ավելի քիչ անդամներով, թե՞ ավելի ընդլայնված կազմով: Դա պետք է որոշի արդեն ընտրողը», - ասել է նա: Այսինքն՝ Խաչիկ Գալստյանը հասկացնել է տվել, որ դրանք առանձին տեսակետներ են: Մասնավորապես Օսկանյանի հայտարարության առումով նա ասել է, որ Օսկանյանն այդ հարցազրույցը տվել է որպես անհատ վերլուծաբան եւ ներկայացրել է իր անձնական կարծիքը:

Եթե Օսկանյանը ԲՀԿ-ի երկրորդ համարն է, դա նշանակում է, որ նա շարքային կուսակցական չէ, բավականին բարձր դիրք ունի կուսակցության ներսում, եւ դժվար, թե այդպիսի մի նուրբ խնդրի մասին հայտարարություններ աներ՝ առանց կուսակցության առաջնորդի գիտության: Հաշվի առնենք, որ նա ոչ միայն գնահատական է տալիս կոալիցիային ու ՀՀԿ-ի գործունեությանը, այլեւ հստակ շեշտադրում, թե ամեն ջանք կներդնի, որ ԲՀԿ-ն այլեւս կոալիցիայի մեջ չմտնի: Այսինքն՝ նա խոսում է ոչ այնքան որպես անկախ վերլուծաբան, որքան ԲՀԿ-ի քաղաքական դիրքորոշման արտահայտիչ:

Վարդան Օսկանյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է իր հայտարարություններին եւ դրանց շուրջ ծավալված մեկնաբանություններին: Նախկին արտգործնախարարը գրել է. «Զարմանում եմ, որ մարդիկ չեն ուզում իրականությունը տեսնել այնպես, ինչպես այն կա: Կոալիցիաները երկու տեսակի են լինում (նայե՛ք քաղաքագիտական ցանկացած բառարան): Առաջինը, երբ ընտրությունների արդյունքում քաղաքական մեկ ուժ չի ստանում այնքան քվե, որպեսզի կարողանա միայնակ կառավարություն կազմել, եւ ստիպված է լինում համագործակցության գնալ քաղաքական այլ ուժի կամ ուժերի հետ: Հայաստանի պարագայում հստակորեն սա չէ: Երկրորդ տեսակը կոչվում է մեծ կոալիցիա կամ ազգային միասնության կառավարություն: Այն հիմնականում կազմվում է պատերազմների, խորը տնտեսական ճգնաժամերի եւ այլ ֆորս-մաժորային իրավիճակներում, երբ դրան մասնակցում են բոլոր կուսակցութունները, հատկապես գլխավոր ընդդիմադիր կուսակցությունները: Հայաստանի դեպքը սա էլ չէ: Այլ տեսակի կոալիցիա քաղաքագիտության պատմությանը հայտնի չէ»:

Հայաստանի ներկայիս կոալիցիան ձեւավորվել է 2007 թվականին, թարմացվել 2008-ին: 2007-ից մինչեւ 2008-ը Օսկանյանը եղել է իշխանության մեջ: Հետաքրքիր է՝ ինչու՞ այդ ընթացքում նա չէր ցուցաբերում իր քաղաքագիտական գիտելիքները եւ չէր բարձրաձայնում «անիմաստ» կոալիցիայի գոյության մասին:

Համլետ Կիրակոսյան
«Ասպարեզ»

Комментариев нет:

Отправить комментарий