Избранное сообщение

Գաբրիել Գարսիա Մարկես. Մտքեր

1.Ես քեզ սիրում եմ ոչ նրա համար, թե ով ես դու, այլ նրա համար, թե ով եմ ես, երբ քո կողքին եմ: 2. Ոչ մեկը արժանի չէ քո արցունքներին: Իսկ ...

среда, 11 апреля 2012 г.

«ՃԱԿԱՏԱՅԻՆ ՊԱՅՔԱՐ» ԸՆՏՐԱԿԵՂԾԻՔՆԵՐԻ ԴԵՄ


Ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի շրջանում կարծես նշմարվում է երկու բեւեռ՝ մի կողմում ընդդիմադիր դաշտը ներկայացնող հիմնական 3 ուժերը (Կոնգրես, ՀՅԴ, «Ժառանգություն՚) եւ իշխող կոալիցիայի անդամ ԲՀԿ-ն, մյուս կողմում՝ կոալիցիայի մյուս երկու կուսակցությունները՝ ՀՀԿ-ն ու ՕԵԿ-ը: Այսպիսի տպավորություն է ստեղծվում վերջին օրերին ընթացող գործընթացներից՝ կապված քաղաքակիրթ ընտրություններ անցկացնելու շուրջ տեղի ունեցող բանակցություններից, հայտարարություններից ու նախաձեռնություններից:

Չնայած ընդդիմադիր հիմնական ուժերի միավորում ու դաշինք չստեղծվեց, սակայն, այնուամենայնիվ, քարոզարշավի մեկնարկի նախաշեմին այդ ուժերը միավորվեցին մեկ այլ գաղափարի շուրջ՝ ձեւավորելով ընտրությունները վերահսկող միասնական կուսակցական շտաբ: Կոալիցիոն ԲՀԿ-ն միացավ նախաձեռնությանը, ՀՀԿ-ն՝ ոչ: Հանրապետականը նախ վիրավորվել էր, որ իր արբանյակ ՕԵԿ-ին այս ուժերը արհամարհել ու չէին հրավիրել հանդիպմանը, բացի այդ էլ հայտարարեց, թե նման մարմին ստեղծելը ձեւական բնույթ է կրում: ՕԵԿ-ն այդպես արհամարհված էլ մնաց, ու որեւէ մեկը ոչ հետաքրքրվում ու ոչ էլ հարցնում է, թե ինչ կարծիք ունի վերջինս այդ շտաբի մասին:

Կոմկուսը եւս վիրավորված է, որ իրեն «բանի տեղ չեն դրել» ու չեն հրավիրել հանդիպմանը, ուստի այս կուսակցությունը եւս իր բացասական վերաբերմունքն է արտահայտել ընդդիմության նախաձեռնության մասին: Այն, որ կոմունիստները չեն գործելու հիմնական ընդդիմության դաշտում, պարզ էր ի սկզբանե ու երեւաց նաեւ նրանց համամասնական ցուցակից, որտեղ 4-րդ հորիզոնականում տեղ է գրավել Գյումրիի փոխքաղաքապետ Գագիկ Մանուկյանը: Վերջինս, ի դեպ ժամանակին եղել է Կոմկուսի Գյումրիի կազմակերպության առաջին քարտուղարը, այսօր էլ այս կուսակության անդամ է: Իսկ ընդդիմադիր փոխքաղաքապետ Հայաստանում դժվար է պատկերացնել:

Սա ի միջիայլոց: Առավել հետաքրքրական է ԲՀԿ-ի ներկայությունը ընդդիմադիր շտաբում: Սա նշանակում է արդյո՞ք, որ Բարգավաճը վերջնականապես կապերը խզում է կոալիցիոն գործընկերների հետ ու անցնում ընդդիմադիր դաշտ՝ գոնե կապված այս հարցի հետ: Դժվար հարց է, եւ պատահական չէ, որ հասարակական-քաղաքական շրջանակներում եւս միանշանակ կարծիք չկա այս հարցի շուրջ:

Միասնական շտաբի գործառույթը լինելու է պայքարը ընտրակեղծիքների ու խախտումերի դեմ: Այսինքն՝ պայքար կոնկրետ երեւույթի դեմ, որի ետեւում կանգնած են կոնկրետ ուժեր ու մարդիկ: Ովքե՞ր կարող են լինել այդ ուժերն ու մարդիկ, որոնք հնարավորություն ունեն կեղծիքներ ու խախտումներ անել. բնականաբար, իշխանության ներկայացուցիչներն ու նրանց վերահսկողության տակ գտնվող քրեա-թաղային զանգվածը: Այս զանգվածի հիմնական կրողը ՀՀԿ-ն է, ու բնականաբար դուրս է գալիս, որ ԲՀԿ-ն, որը եւս ինչ-որ չափով այդ զանգվածի կրող է համարվում, ընդդիմադիր ուժերի հետ պայքարելու է ՀՀԿ-ի դեմ:

Սակայն ամբողջ իրավիճակի անհեթեթությունն այն է, որ ՀՀԿ-ն  ու իշխանությունը եւս, իրենց հերթին, ընտրակեղծիքների դեմ պայքարելու ու նորմալ ընտրություններ անցկացնելու ինչ-որ նախաձեռնություններով են հանդես եկել: Միասնական շտաբ ձեւավորելու մասին ընդդիմադիրների հայտարարությունից անմիջապես հետո հայտարարությամբ հանդես եկավ ՀՀԿ-ական Դավիթ Հարություննյանը, ով քաղաքական ուժերին առաջարկեց ստորագրել իրենց կողմից մշակված վարքականոնները, որոնք կոչված են ապահովելու ընտրական գործընթացի մասնակիցների քաղաքակիրթ մրցակցությունը` ընտրությունների պատշաճ անցկացման նպատակով:

Սա դեռ քիչ է, Ազգային ժողովի նախագահ Սամվել Նիկոյանի նախաձեռնությամբ ստեղծվել է ընտրությունների մշտադիտարկման աշխատանքային խումբ, որը եւս կոչված է  Ընտրական օրենսգրքի խախտումներին արձագանքելն ու կանխելը: Այս խմբում ընդգրկվելու են ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի, ՀԿ-ների ներկայացուցիչներ, դիտորդի կարգավիճակով մասնակցելու են նաեւ միջազգային կազմակերպությունները:

Մեկ անգամ եւս ընդգծենք, որ ՀՀԿ-ի ու իշխանության այս նախաձեռնությունները երեւան եկան միայն այն բանից հետո, երբ ձեւավորվեց ընդդիմության միասնական շտաբը (պետք է նկատել, որ այս շտաբի ձեւավորումը եւս դեռ վերջնական կայացած փաստ չէ եւ հնարավոր են ինչ-ինչ խմորումներ դրա շուրջ): Մտածելու շատ հետաքրքիր հարց է. արդյո՞ք ՀՀԿ-ն նման առաջարկներ կաներ, եթե ընդդիմությունը հանդես չգար վերահսկող մարմին ստեղծելու առաջարկով: Ինչու՞ իշխանությունը իր նախաձեռնությունների մասին չէր բարձրաձայնում դրանից առաջ. հատկապես ԱԺ նախագահ Ս. Նիկոյանի նախաձեռնությունը բոլորի համար անակնկալ էր:

Այսպիսով, ՀՀԿ-ն իր առաջարկներով փորձելու է ինչ-որ հավասարակշռության ֆոն ստեղծել՝ ի պատասխան ընտրությունների ժամանակ ընդդիմության միասնական շտաբից ընտրակեղծիքների մասին եկող ահազանգերի: Իբր իրենք առավել են շահագրգռված ազատ ու արդար ընտրությունների կայացման համար: Չէ՞ որ Սերժ Սարգսյանը միջազգային ուժերին ու Հայաստանի հանրությանը խոստացել է դա: Միջազգային ուժերը հավատացել են դրան, կամ ցույց են տալիս, որ հավատացել են ու մասնակցում են նիկոյանական նախաձեռնությանը: Իսկ հանրությունը կամ գոնե նրա մեծ մասը՝ չի հավատում:

Համլետ Կիրակոսյան


Комментариев нет:

Отправить комментарий