Избранное сообщение

Գաբրիել Գարսիա Մարկես. Մտքեր

1.Ես քեզ սիրում եմ ոչ նրա համար, թե ով ես դու, այլ նրա համար, թե ով եմ ես, երբ քո կողքին եմ: 2. Ոչ մեկը արժանի չէ քո արցունքներին: Իսկ ...

пятница, 21 октября 2011 г.

Էս գեներալները լավ երեւույթ են Մանավանդ՝ հաղթանակած, նամանավանդ՝ փառապանծ


Հայաստանում բանակի խնդիրը դարձել է առավել պրոբլեմային, քան ներքաղաքական որեւէ այլ հարց: Բանակի խնդիրն հանգուցվել է ներքաղաքական ընդհանուր կծիկին ու իր մեջ պարունակող  վտանգներով մղվել առաջին պլան: Հասարակական դժգոհության ալիքը օրեցօր մեծանում է, եւ դա հասկանալի ու ըմբռնելի է, այլ կերպ լինել չէր էլ կարող: Այդ ալիքը մեծանում է, բայց այդպես էլ չի հասնում այն սահմանագծին, որը կլիներ ներկայում բանակում կատարվող խայտառակության հակազդեցության առավել բնական վիճակը:  Հակազդեցություն, իհարկե, կա, սակայն ոչ այն հակազդեցությունը, որը կստիպեր կտրուկ քայլերի դիմել բանակում առկա վիճակը փոխելու համար:


Բացի այդ, խնդիր է նաեւ, թե ով է փոխելու վիճակը. գործող իշխանությու՞նը, հասարակությու՞նը: Հասարակությունը միգուցե, իսկ իշխանությունից նման սպասելիքներ ունենալը անհույս գործ է: Իշխանությունը, ինչպես ցույց է տալիս անցած տարիների փորձը, ոչ ցանկություն, ոչ էլ հնարավորություն ունի որեւէ բան փոխել: Նման անկարողությունը վերաբերում է ինչպես բանակին, այնպես էլ մեր կյանքի մյուս բոլոր ոլորտներին: Իշխանությունը խոսելուց, հոխորտալուց ու մեղադրելուց բացի որեւէ այլ բանի ընդունակություն չունի:

Հայ երիտասարդ տղաները խաղաղ պայմաններում սպանվում կամ, ինպես վերջերս նոր արտահայտություն է մտել մեր բառապաշարի մեջ, ինքնասպանվում են իրենց հայրենիքի պաշտպանության ժամանակ, իսկ իշխանության ու բանակի պատասխանատուների հեչ պետքն էլ չէ: Ընդհակառակը, վերջիններս մեղադրում, դավաճան ու այլ պիտակավորում են տալիս այն մարդկանց, ովքեր իրենց մտահոգությունն են արտահայտում ու բողոքի ձայնն են բարձրացնում բանակում կատարվող անօրինությունների, օրումեջ կատարվող սպանությունների դեմ: Եթե անգամ ենթադրենք, որ դրանց մի մասը, իրոք, ինքնասպանություն են, դա ոչինչ չի փոխում, չի մեղմացնում վիճակն ու փոքրացնում պատասխանատուների մեղքի բաժինը. ինչու՞ պետք է հայ զինվորը դիմի ինքնասպանության. ուրեմն այնպիսի պայմաններ են ստեղծում, որ նա ստիպված է լինել դիմել նման քայլի, նրան մղում են այդ քայլին: Իսկ ո՞վ է նման պայմանների ստեղծողը. իհարկե, բանակի ղեկավարությունը կամ նրա կողմից հովանավորվող լակոտ-լուկուտները:
Պաշտպանության նախարարության բարձրաստիճան պաշտոնյաները փոխանակ կարգի հրավիրեն իրենց այդ խաժամուժին, դեռ մի բան էլ անհայրենիք մարդիկ են համարում բոլոր նրանց, ովքեր բողոքի ակցիաներով, մամուլի հրապարակումներով,սոցիալակական ցանցերում ծավալվող քննարկումներով բողոքում են բանակում տեղի ունեցող ողբերգական իրադարձությունների ու վիճակի համար:

Պաշտպանության փոխնախարար, ոչ անհայտ Վովա Գասպարյանը, ում Արցախյան ազատամարտին մասնակցության մասին նրա կողքին գտնված մյուս ազատամարտիկները իր համար ոչ այնքան հաճելի պատմություններ են պատմում, մեղադրում է ոչ միայն առանձին անհատների, այլեւ այն հասարակական կազմակերպություներին , որոնք աշխատում են արտասահմանյան դրամաշնորհներով: Ահա մեր իշխանությանը եւ հասարակական որոշ շերտերին բնորոշ մի քանի արտահայտություններ հայոց բանակի «փառապանծ» բանակի մտքի գոհարներից. «Ոնց կարող է ցավալ մարդու սիրտ մի երկրի բանակի համար, երբ ֆինանսավորվում ու աշխատավարձ է ստանում ուրիշ երկրներից»: Ահա այս արտահայտությամբ մեր հերոսական գեներալը բացահայտում է հայոց պետության ու բանակի դեմ ուղղված հերթական միջազգային դավադրությունը: Ուրեմն, ըստ Վ. Գասպարյանի տրամաբանության, բոլոր այն մարդիկ, ովքեր ընդվզում են բանակում կատարվող սպանությունների դեմ, հայրենիքի դավաճան ու լրտես են:

Ահա փոխնախարարի հաջորդ «հանճարեղ» արտահայտությունը. «Ոնց կարող է մարդու սիրտ ցավա, երբ նա մտածում է` ինչքան աղմկահարույց, ինչքան վատ դեպք պատահի, էնքան լավ է, որովհետև դրա վրա ավելի շատ փող կարող է աշխատի»: Այ այստեղ մեր գեներալը ուրիշներին հաստատ չափում է իրենց արշինով. Խոսում են ու ուրիշներին անբարոյական միջոցներով փող աշխատելու մեղադրանք են ներկայացնում հայրենիք, ժողովուրդ թալանած, փող աշխատելու ու հարստանալու մեջ խտրություն չդնող մարդիկ: Իրենց միլիոնները թողած խոսում են ուրիշների կոպեկների մասին:

Վ. Գասպարյանի հաջորդ գոհարը չքմեղության ու «ստախոսության» դասական օրինակ է: Ահա թե ինչ է նա ասում. «Քավ լիցի, մենք մեր արածի համար թողեք պատասխան տանք, ձեր չարածները, ձեր քաղաքական երազանքները բանակի հետ մի կապեք, բանակը երբեք չի եղել քաղաքականության մեջ, բանակը քաղաքականությունից դուրս է և թույլ չի տա, որ նման չարախոաություններով իրեն ներքաշեն քաղաքականության մեջ»: Ուրեմն, պարզվում է բանակը քաղաքականության մեջ ներքաշված չէ, ու դա այժմ փորձում են անել «չուզողները»: Հասարակության հիշողությունը այնքան էլ կարճ չէ, ինչպես կարծում է պարոն գեներալը: Եթե բանակը քաղաքականության մեջ ներքաշված չէ, ուրեմն ինչու՞ են իրար հաջորդող պաշտպանության նախարարները օրումեջ քաղաքական հայտարարություններ անում, ստիպում զինվորներին ընտրությունների ժամանակ քվեարկել իրենց թեկնածուի օգտին, արդյունքում՝ քվեարկության արդյունքներով իշխանական թեկնածուն հավաքում է 99.9 տոկոս ձայն: Եթե բանակը ներքաշված չէ  քաղաքականության մեջ, բա ով էր 2008-ի նախագահական ընտրություններից հետո միջամտում ներքաղաքական գործընթացներին, պետական հեղաշրջում անում ու հակասահմանադրական հրամաններ կատարում: Միգուցե միջազգային դրամաշնորհներից օգտվողնե՞րը…

«Ու հաստատ իմացեք, վաղը, եթե հանկարծ ինչ-որ բան լինի, ոչ միայն խոր թիկունքում նրանց չենք գտնելու, այլև Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում այդ երևույթներին չենք կարողանալու գտնել»: Ինչպես երեւում է, ղարաբաղյան պատերազմը «հաղթած» Վ. Գասպարյանը երեւույթներ է անվանում այն մարդկանց, ովքեր բարձրաձայնում են բանակի խնդիրների մասին: Ուրեմն, չպետք է խոսես, որ երեւույթ չդառնաս: Պետք է լռես, որ լավ քաղաքացի լինես, կամ լավ երեւույթ: Չէ, իրոք որ , մեր էս գեներալները լավ երեւույթ են: Մանավանդ՝ հաղթանակած: Նամանավանդ՝ հերոս ու փառապանծ:

Համլետ Կիրակոսյան

Комментариев нет:

Отправить комментарий