Избранное сообщение

Գաբրիել Գարսիա Մարկես. Մտքեր

1.Ես քեզ սիրում եմ ոչ նրա համար, թե ով ես դու, այլ նրա համար, թե ով եմ ես, երբ քո կողքին եմ: 2. Ոչ մեկը արժանի չէ քո արցունքներին: Իսկ ...

воскресенье, 16 октября 2011 г.

Բանակի պատասխանատուները մարտահրավեր են նետել հայ ժողովրդին



Հայոց բանակում կատարվողը այն վերջին սահմանն է, որը կարող է եւ պետք է լցնի ժողովրդի համբերության բաժակը: Բանակում կատարվողը մարտահրավեր է հայ ժողովրդին, ու այդ մարտահրավերը նետել են բանակի համար պատասխանատուները` իրենց գերագույն հրամանատար Սերժ Սարգսյանի գլխավորությամբ: Մարդիկ, ովքեր ի պաշտոնե պետք է պատասխանատվություն կրեն յուրաքանչյուր սպանված հայ զինվորի համար, սակայն իրենց իրավունք են վերապահում բարոյականության դասեր տալ բանակում կատարվող անօրինականությունների եւ օրումեջ գրանցվող սպանությունների մասին բարձրաձայնողներին:

Այդ բարձրաձայնողներն այսօր քիչ են եւ թերեւս սա է պատճառը, որ հաստափոր ու հաստավիզ գեներալները փորձում են լկտիաբար կոծկել բանակային կյանքում տիրող իրականությունը, սպանությունը ներկայացնել ինքնասպանություն, եթե անգամ ինքնասպանություն է` հազար ու մի պատճառ մոգոնել դրա կատարման համար, արդարացում գտնել, չքմեղանալ, կարծես անուղղակիորեն իրենք ու իրենց հովանավորյալները չեն, որ երիտասարդներին մղում են նման քայլի:

Ժողովուրդը ժողովուրդ չի լինի, եթե հանդուրժի այս վիճակը: «Չենք լռելու» կարգախոսը պետք է դառնա ամեն մի հայ մարդու ամենօրյա կարգավիճակը: Պետք է չլռեն անկախ իրենց քաղաքական հայացքներից կամ դրանց չգոյությունից, անկախ հասարակական դիրքից, մասնագիտությունից ու զբաղմունքից, ճաշակից ու անճաշակությունից: Պետք է դուրս գալ անտարբերության թմբիրից, դեն նետել հարմարվողականության շապիկը, թոթափել հայ մարդուն բնորոշ կամ նրան վերագրվող անհատապաշտության զրահը, այն մտայնությունը, որ եթե այդ դժբախտությունը ինձ հետ չի պատահել, ուրեմն ամեն ինչ լավ է ու մտահոգվելու բան չկա:

Իրականում մտահոգվելու շատ բան կա: Բանակն այն ասպարեզն է, որտեղ ուրիշի դժբախտություն չկա, դժբախտությունն համընդհանուր է, նաեւ այն հայ մարդկանցը, ովքեր այսօր Հայաստանում չեն, ու իրենց երեխաները չեն ծառայել կամ չեն ծառայելու մեր բանակում:

Բանակում տիրող վիճակն այն բարոմետրն է, որով կարելի է չափել տվյալ պետության, ժողովրդի ու հասարակության ֆիզիկական ու բարոյական ամրության աստիճանը: Այսօրվա հայկական իրականության մեջ այդ աստիճանը շատ ցածր է, ցավալիորեն ցածր:

Հայոց բանակում օրումեջ զինվոր է սպանվում, ու հասարակությունը հանգիստ խղճով քնում է, զբաղվում իր առօրյա հոգսերով, չի մեղադրում ու չի պահանջում, չի միանում որդեկորույս մայրերի բողոքի ցույցերին: Մինչդեռ այդ հասարակությունը պետք է ճչար, ընդվզեր, պահանջեր արդար իրավական դատաստան այն բոլոր մարդկանց համար, ովքեր պատասխանատու են բանակու տիրող վիճակի համար, ովքեր իրենց անմեղսունակ վարքով հեքիաթներ են պատմում բանակում տիրող կարգ ու կանոնի, եղած թերությունների հարցում իրենց մտահոգությունների, դրանք անհապաղ վերացնելու համար ներդրած ջանքերի, արդար դատաքննության, մեղավորներին գտնելու ու պատժելու մասին:

Իրենց այս անտարբեր հանգստությամբ եւս մեր փառապանծ գեներալիտետն ու բանակի պատասխանատուները կարծես մարտահրավեր են նետում հայ հանրությանը, օգտվում այն բանից, որ հասարակության մեծ մասը ըստ ամենայնի չի դատապարտում բանակում տիրող ոչ կանոնակարգային հարաբերությունները, զինվորների ֆիզիկական, հոգեբանական ու բարոյական ծաղր ու ծանակը:

Համլետ Կիրակոսյան
«Ասպարեզ»

Комментариев нет:

Отправить комментарий