Избранное сообщение

Գաբրիել Գարսիա Մարկես. Մտքեր

1.Ես քեզ սիրում եմ ոչ նրա համար, թե ով ես դու, այլ նրա համար, թե ով եմ ես, երբ քո կողքին եմ: 2. Ոչ մեկը արժանի չէ քո արցունքներին: Իսկ ...

четверг, 6 октября 2011 г.

Եվրոպայի քարտ-բլանշները ուղղակի նվեր են Հայաստանի իշխանություններին


Այսպիսով, Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովը ընդունել է «Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների գործունեության մասինե բանաձևի նախագիծը, որը առաջարկել էին Հայաստանի հարցով համազեկուցող բրիտանացի Ջոն Պրեսկոտը և գերմանացի Աքսել Ֆիշերը: Բանաձեւում մասնավորապես նշվում է, որ «Հայաստանում հայտարարված վերջին համաներումը, 2008 թվականի մարտին զոհված 10  քաղաքացիների մահվան հանգամանքները նորովի հետաքննելու ազդակը և ընդդիմության ու իշխանական կոալիցիայի կառուցողական երկխոսության փաստը նշանակում է, որ 2008 թվականի մարտյան իրադարձությունների էջը կարող է համարվել փակված Վեհաժողովի համար»: Հայաստանի պատվիրակության անդամներ Զարուհի Փոստանջյանն ու Արմեն Ռուստամյանն առաջարկել են բանաձևից հանել տվյալ կետը, սակայն առաջարկը չի ընդունվել: Այս ամենով հանդերձ, բանաձևում նաև ասվում է, որ ԵԽԽՎ-ն շարունակելու է մոնիտորինգի տակ պահել Հայաստանը:

ԵԽԽՎ-ն փաստորեն մարտի 1-ի էջը փակված է համարում երեք պատճառաբանությամբ.

1. «Հայաստանում հայտարարվեց համաներումե: Այս կետը կարծես թե բավարար փաստարկ է մարտի 1-ի էջը փակված համարելու համար: Սակայն պետք է նկատել, որ Հայաստանի իշխանությունները մեծ դժվարությամբ եւ ոչ ինքնակամ գնացին համաներման՝ ամիսներ շարունակ ենթարկվելով թե ներքին ու թե արտաքին ճնշումների: Եթե չլինեին ադ ճնշումները, իշխանությունները երբեք չէին գնա նման քայլի: Բացի այդ, չմոռանանք, որ այսօր եւս Հայաստանում կան քաղաքական դրդապատճառներով կալանավորված անձինք, մասնավորապես ՀԱԿ երիտասարդ ակտիվիստ Տիգրան Առաքելյանը:

2. «2008 թվականի մարտին զոհված 10  քաղաքացիների մահվան հանգամանքները նորովի հետաքննելու ազդակը»: Հիշեցնենք, որ այս մասին հավաստիացրել էր Սերժ Սարգսյանը՝ համապատասխան հանձնարարական տալով իրավապահ մարմիններին: Սակայն այդ հավաստիացումն ու հանձնարարականն այդպես էլ մնացին զուտ հայտարարություն: Չնայած քննչական մարմինը իբր թե շարունակում է հետաքննությունը, սակայն ակնհայտ է, որ դա որեւէ գործնական արդյունք չի տվել ու չի էլ կարող տալ: Պատահական չէ հանրության մեջ արմատավորված այն կարծիքը, որ գործող իշխանությունների օրոք չի կարող բացահայտվել մարտի 1-ը եւ դրա կազմակերպիչները պատասխանատվության չեն ենթարկվի: 2008-ից հետո ընդդիմության բազմաթիվ ակտիվիստներ ձերբակալվեցին հենց մարտի 1-ին մասնակցություն ունենալու կասկածանքով, հարուցվեցին քրեական գործեր, դատվեցին մարդիկ: Իշխանությունները փորձում էին ամեն կերպ մարտի 1-ը բարդել ընդդիմության վրա: Սակայն դա չստացվեց, եւ մինչեւ օրս էլ մարտի 1-ի զոհերի համար որեւէ մեկը այդպես էլ պատասխանատվության չի ենթարկվել, չնայած որեւէ մեկի համար գաղտնիք չէ, թե ովքեր են հրաման տվողներն ու կատարողները:

3. «Ընդդիմության ու իշխանական կոալիցիայի կառուցողական երկխոսության փաստը»: Այս փաստարկը ժամանակավրեպ է: Եվրախորհուրդը բանաձեւի նախագիծը կազմել էր դեռ այն ժամանակ, երբ իշխանական կոալիցիայի եւ Կոնգրեսի միջեւ նոր էր սկսվել երկխոսությունը ու դեռ հայտնի չէր, թե այն ինչ ընթացք կունենա: Ընթացքը պարզ դարձավ հետագայում, երբ  առկախվեց երկխոսությունը եւ հայտնի էլ չէ,  ինչ ժամկետում կվերսկսվի այն, կամ արդյո՞ք կվերսկսվի: Առայժմ ակնհայտն այն է, որ երկխոսությունը որեւէ կերպ չի ազդել ներքաղաքական լարվածության թուլացման վրա, ինչը հենց Հայաստանի վերաբերյալ ԵԽԽՎ-ի տարատեսակ բանաձեւերի հիմնական պահանջներից մեկն է:
Ուշադրություն դարձնենք բանաձեւի այն ձեւակերպմանը, որ Եվրախորհուրդը մարտյան իրադարձութունների էջը ձակված է համարում իր համար: Այսինքն, եվրոպացի խորհրդարանականները հասկանում են, որ Հայաստանի ժողովրդի համար այդ էջը փակված չէ եւ չի փակվի այնքան ժամանակ, քանի դեռ պատասխանատվության չեն ենթարկվել մարտի 1-ի բուն կազմակերպիչներն ու կատարողները:

Epress.am-ի հետ հեռախոսազրույցում Ստրասբուրգից բանաձևի քվեարկությունը մեկնաբանելով` Հելսինկյան ասոցիացիայի նախագահ, իրավապաշտպան Միքայել Դանիելյանը կարծիք է հայտնել, որ «դա  քարտ-բլանշ էր Հայաստանի իշխանությունների համար: Նրանք հասան իրենց նպատակին»: Սա ճշգրիտ ձեւակերպում է. Եվրոպան արդեն երեք տարի քարտ-բլանշ է տալիս մեր իշխանություններին, ինչից էլ վերջիններս օգտվում են ու որեւէ բան չեն անում երկրում առկա ներքաղաքական խնդիրները լուծելու համար: Եվրոպայի քարտ-բլանշները ուղղակի նվեր են Հայաստանի իշխանություններին…

Համլետ Կիրակոսյան
«Ասպարեզ»

Комментариев нет:

Отправить комментарий