Избранное сообщение

Գաբրիել Գարսիա Մարկես. Մտքեր

1.Ես քեզ սիրում եմ ոչ նրա համար, թե ով ես դու, այլ նրա համար, թե ով եմ ես, երբ քո կողքին եմ: 2. Ոչ մեկը արժանի չէ քո արցունքներին: Իսկ ...

суббота, 24 марта 2012 г.

ԵՎ «ՇԵՖԸ» ՀԱՅՏՆՎԵՑ ՎԵՐՋԻՆ ՊԱՀԻՆ


Մեծամասնական առաջադրումներից ամենաանակնկալը, անսպասելին ու աղմկոտը եղավ առաջադրման ժամկետի վերջին օրը, վերջին րոպեներին: «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ  Րաֆֆի Հովհաննիսյանն իր թեկնածությունն առաջադրեց այն ընտրատարածքում, որտեղ առաջադրվել էր Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Նիկոլ Փաշինյանը:

Ո՞րն է Ր.Հովհաննիսյանի առաջադրման մեջ անակնկալն ու անսպասելին, ինչու՞ այդքան աղմուկ բարձրացավ դրա շուրջ, ի՞նչ մի զարմանալի բան կա այն փաստի մեջ, որ ՀՀ քաղաքացին, քաղաքական գործիչը, կուսակցության առաջնորդը իր թեկնածությունն է դնում նաեւ մեծամասնական ընտրակարգով: Եթե չլինեին մի քանի հանգամանքներ, ընդհակառակը, այդ փաստը շատ ողջունելի կլիներ: Իսկ նման հանգամանքներ կան ու դրանք մի քանիսն են:

Առաջին, ինչու՞ է կուսակցության առաջնորդն առաջադրվում ոչ թե իր ղեկավարած քաղաքական ուժի կողմից, այլ ինքնառաջադրվում է: Չէ՞ որ առավել դասական ու ընդունելի մոդելն այն է, երբ կուսակցականը, այն էլ կուսակցապետը, ընտրապայքարին մասնակցի իր կուսակցության անունից՝ այդ կերպ ցույց տալով, որ ետեւում կանգնած է իր քաղաքական թիմը, ու ինքը ներկայացնում է այդ կուսակցության գաղափարախոսությունն ու ծրագրերը (իհարկե, ինքնաառաջադրման դեպքում էլ նա կարող է ասել, որ իր թիկուքում կանգնած է իր կուսակցությունը, բայց այս պարագայում ինչ-որ անհամ բան կստացվի):

Երկրորդ, երբ իր ու Ազատ լիբերալների համամասնական ցուցակը հրապարակելուն զուգահեռ Ժառանգությունը ներկայացրել էր մեծամասնական ընտրատարածքներում առաջադրվող իր թեկնածուների ցանկը, այդտեղ Րաֆֆի Հովհաննիսյանի անունը չկար, եւ բնականաբար, թե քաղաքական դաշտը, թե հանրությունը ընդունել էր այն փաստը, որ նա ընտրություններին մասնակցելու է միմիայն համամասնական ընտրակարգով՝ գլխավորելով ՙԺառանգության՚ ու ՙԱզատ լիբերալների՚ ցուցակը: Ուրեմն, մի քանի օրվա ընթացքում այդ ի՞նչ պատահեց, որ նա որոշեց առաջադրվել նաեւ մեծամասնականով:

Երրորդ, ինչու՞ ամենավերջին պահին Րաֆֆի Հովհաննիսյանը իր փաստաթղթերը ներկայացրեց Ընտրական հանձնաժողով, ու մինչ այդ պահը ոչ մամուլում, ոչ էլ քաղաքական կուլիսներում որեւէ ակնարկ չկար նրա հնարավոր առաջադրման մասին:
Չորրորդ, ինչու՞ Րաֆֆի Հովհաննիսյանն առաջադրվեց հենց այն ընտրատարածքում, որտեղ առաջադրվել էր մեկ այլ ընդդիմադիր ուժի՝ ՀԱԿ-ի, ամենաուժեղ թեկնածուներից մեկը՝ Նիլոլ Փաշինյանը, ով պայքարելու է իշխանական համակարգը բնորոշող ամենատիպիկ ներկայացուցչի՝ Սամվել Ալեքսանյանի (Լֆիկ Սամո) դեմ: Առաջադրվելու ուրիշ ընտրատարածք չկա՞ր: Րաֆֆի Հովհաննիսյանի ու ՙԺառանգության՚ մտքով չի անցել, որ այդ կերպ, ուզած, թե չուզած, տեղի է ունենալու ընդդիմադիր ձայների փոշիացում, որն աշխատելու է միմիայն իշխանության ներկայացուցչի օգտին: Ու որքան էլ չուզես մտածել, ինքնըստինքյան առաջանում է հռետորական հարցը. միգուցե Րաֆֆի Հովհաննիսյանի առաջադրման նպատակը հենց ա՞յդ է…

Սրանք հարցեր են, որոնք պատասխաններ են պահանջում: Ժառանգության ներկայացուցիչ Ստեփան Սաֆարյանը փորձել է ինչ-որ կերպ պատասխանել այդ հարցերին: Իրոք, պատասխանները ստացվել են ՙինչ-որ կերպ՚: Անդրադառնալով ինքնաառաջադրման հարցին, նա ասել է, թե դրա պատճառները զուտ տեխնիկական են: Նա նաեւ նշել է, թե իրենք չեն իմացել, որ Նիկոլ Փաշինյանը առաջադրվելու է հենց այդ ընտրատարածքում, ինչը առավել քան զարմանալի է, քանի որ մինչ այդ խոսվում էր այդ մասին:

Ըստ Ս.Սաֆարյանի, Ժառանգությունը պայքարում է նոր Հայաստանի համար, այլ ոչ թե` Հայ ազգային կոնգրեսի դեմ: Րաֆֆի Հովհաննիսյանը եւս հերքել է տարածված լուրերն այն մասին, թե Ժառանգությունն ու իր առաջնորդը ինչ-որ ուժերի պատվերն են կատարում: «Իմ պատվերը գալիս է իմ խղճից, իմ հավատից ու իմ սիրուց»,- իր զգայացունց ոճով հայտարարել է Րաֆֆի Հովհաննիսյանը:

Սակայն Րաֆֆի Հովհաննիսյանն ինչ բացատրություն էլ տա մեծամասնականով իր առաջադրվելուն, այդ բացատրությունը երկու ոտքով կաղ կլինի: Փաստն այն է, որ նա նախապես չկար ՙԺառանգության՚ մեծամասնականի ցուցակում ու հանկարծ վերջին պահին առաջադրվեց այն ընտրատարածքում, որտեղ թեկնածություն էր դրել Նիկոլը: Ուրեմն, այդ ընթացքում ինչ-որ բան է տեղի ունեցել՝ ինչ-որ կաբինետներում, ինչ-որ հարցերի շուրջ, ինչ-որ պայմանավորվածությունների տեսքով: Ահա այս ինչ-որ բաներին պետք է պատասխանի Րաֆֆի Հովհաննիսյանը:

Համլետ Կիրակոսյան
«Ասպարեզ»

Комментариев нет:

Отправить комментарий