Избранное сообщение

Գաբրիել Գարսիա Մարկես. Մտքեր

1.Ես քեզ սիրում եմ ոչ նրա համար, թե ով ես դու, այլ նրա համար, թե ով եմ ես, երբ քո կողքին եմ: 2. Ոչ մեկը արժանի չէ քո արցունքներին: Իսկ ...

четверг, 1 марта 2012 г.

ՄԵԶ «ԿՈՃԱԿ ՍԵՂՄՈՂՆԵՐ»ՊԵՏՔ ՉԵՆ


Այսօր Հայաստանում գործող խորհրդարանի կազմն ու ուժերի դասավորվածությունը չի արտահայտում այն տրամադրությունները, որոնք առկա են հասարակության մեջ: Խեղված է ուժերի տեղաբաշխման համամասնությունը, ցածր է խորհրդարականների ինտելեկտուալ մակարդակը, նրանցից շատերը կոչված չեն օրինաստեղծ աշխատանքի, թերեւս չեն էլ խորամուխ լինում  ու հասու չեն այն օրինագծերի բովանդակությանը, որոնք դրվում են քննարկման ու քվեարկության: Պատահական չէ, որ ժողովուրդը պատգամավորներից շատերին կնքել է «կոճակ սեղմողներ» անունով:

Սա խորհրդարանի մեծամասնության կարճ բնութագիրն է. կամ իրենք են կոճակ սեղմում, կամ ուրիշները սեղմում են իրենց փոխարեն, քանի որ վերջիններս այդ պահին բացակայում են Ազգային ժողովի նիստից: Մարդիկ չեն գալիս ու վերջ: Գան ի՞նչ անեն. ոչ օրինագծեր են կարդալու, ոչ մասնակցելու են քննարկումներին, ոչ էլ ձայն-ծպտուն են հանելու հարց ու պատասխանի ժամանակ: Եթե իրենց գործը միայն կոճակ սեղմելն է, գործընկեերները կսեղմեն, էլ ինչ կարիք կա միայն այդ «թեթեւ գործի» համար գալ հասնել խորհրդարան, նստել ու լսել ձանձրալի ելույթները, մեկ-մեկ էլ ննջել՝ իրենց ենթարկելով լրագրողների տեսախցիկներով անմահանալու ու թերթերի առաջին էջերին հայտնվելու վտանգին:

Վաղուց նկատված երեւույթ է, որ գնալով նվազել է Հայաստանի խորհրդարանի ինտելեկտուալ մակարդակը. անկախության առաջին տարիներին խորհրդարան էին մտնում բանիմաց մարդիկ ու, իրոք, ինտելեկտուալներ: Պատահական չէ, որ այդ տարիներին բոլորովին այլ էին խորհրդարանական քննարկումների բնույթն ու որակը. կար բանավեճ, մտքերի բախում, ու դա դրսեւորվում էր անգամ  նույն քաղաքական ուժին պատկանող մարդկանց միջեւ: Այսօր այդպես չէ. քվեարկում են այնպես, ինչպես հրահանգված է վերեւից:

Ժամանակին Ազգային ժողովի աշխատանքի արդյունավետությունը բարձրացնելու համար  ձեռնամուխ եղան պրոֆեսիոնալ խորհրդարանի ձեւավորմանը, այսինքն՝ պատգամավորները չպետք է վարեն պետական պաշտոններ ու չպետք է կատարեն որոշակի այլ աշխատանք ու պետք է միայն զբաղվեն օրինաստեղծ աշխատանքով: Ըստ այդմ էլ, այսօր համարվում է, որ ունենք պրոֆեսիոնալ խորհրդարան: Բայց, ըստ էության, դա այնքան էլ այդպես չէ: Իսկ այդպես չէ, քանի որ չունենք պրոֆեսիոնալ պատգամավորներ: Սա ամբողջ հասարակության խնդիրն է, այն հասարակության, որը, ի վերջո, ընտրում է այդ պատգամավորներին: Ընտրողը պիտի գիտակցի, որ ինքը պետք է ընտրի ոչ թե կոճակ սեղմողի, այլ օրենք հասկացող ու օրենք գրող պատգամավորի:

Համլետ Կիրակոսյան
«Շրջապատ»

Комментариев нет:

Отправить комментарий