Избранное сообщение

Գաբրիել Գարսիա Մարկես. Մտքեր

1.Ես քեզ սիրում եմ ոչ նրա համար, թե ով ես դու, այլ նրա համար, թե ով եմ ես, երբ քո կողքին եմ: 2. Ոչ մեկը արժանի չէ քո արցունքներին: Իսկ ...

пятница, 10 февраля 2012 г.

Ինչ-որ չի կպնում, պարոնայք


ՀՀԿ-ն, իր ծրագիրը ու ընտրագանգվածը

Վարչապետ Տիգրան Սարգսյանը լրագրողների հետ ճեպազրույցում բավականին հետաքրքիր հայտարարություններ է արել: Անդրադառնալով այն հարցին, թե ով է գլխավորելու ՀՀԿ համամասնական ցուցակը, նա ասել է, որ «Կարեւոր չէ, թե ով կլինի առաջինը կամ երկրորդը ՀՀԿ-ի նախընտրական ցուցակում:  Հասարակության համար կարեւոր է, թե ինչ գաղափարներով ենք մենք մասնակցում ընտրություններին»: Այս հայտարարության երկրորդ մասը՝ ինչ-որ գաղափարներով ընտրություններին մասնակցելու մասին, հասկանալի է, զուտ հերթապահ արտահայտություն է:

Իր ու իր թիմի գաղափարների մասին Տիգրան Սարգսյանը խոսում է արդեն երեք տարի, այդ գաղափարներին ծրագրային տեսք տալու մասին՝ 2.5 տարի, այդ ծրագրերը իրականացնելու մասին՝ 2 տարի: Սակայն պետությունն ու հասարակությունը ոչ գաղափարներից, ոչ ծրագրերից, ոչ էլ, առավել եւս, դրանց իրականացումից որեւէ դրական ու շոշափելի բան չտեսան: Օրինակ, ասենք, գյումրեցիները ի՞նչ տեսան կամ ի՞նչ են տեսնում Գյումրու տեխնոպարկից, որը եւս տիգրանսարգսյանական գաղափարներից է: Արդեն երեք տարի հեքիաթ է պատմվում Գյումրին «հեղաշրջող» ու տեխնոքաղաքի վերածող այդ ծրագրի մասին: Գյումրու տեխնոպարկը վարչապետական աշխարհացունց ծրագրերի օրինակներից մեկն է: Նման անպտուղ ծրագրերի պակաս անցած երեք տարիների ընթացքում չզգացվեց: Սակայն հանրությունը դրանց տված օգուտը, անգամ մեծ ցանկության ու լավատեսության դեպքում, չի տեսնում:

Այդ չտեսնելու ֆոնին առավել քան զարմանալի է Տիգրան Սարգսյանի հաջորդ հայտարարությունը. «Այն, որ մեր ընտրազանգվածի հիմնական մասը հետաքրքրված է մեր ծրագրով, վկայում է ՀՀԿ-ի տնտեսական կոնֆերանսի հանդեպ ցուցաբերվող հետաքրքրությունը, որտեղ մենք զեկուցեցինք նախորդ տարիներին կատարած աշխատանքի մասին»: Այսինքն թե՝ դեռ քիչ է իրենք, որ ընտրազանգված ունեն, այդ ընտրազանգվածի հիմնական մասն էլ, ուրեմն,  հետաքրքրված է ՀՀԿ-ի ծրագրով: Գիտենք, թե հասարակության որ հատվածն է իրենց ընտրազանգվածը ու ինչպես է դառնում նման զանգված. հիմնականում չինովնիկական դասն ու նրանց ընտանիքների անդամների մի մասը, որոնք պարտադրված են նման զանգված դառնալու, օլիգարխիան ու նրա շուրջը պտտվող քրեական դասը, 5 հազարանոցները, մեռած հոգիները, թվանկարչության «զոհերը», որոնք, անկախ իրենց ցանկությունից, դատապարտված են լինելու ՀՀԿ-ի ընտրազանգված:

Իհարկե, երբ այս դասերն ու միջնադասերը գումարում ենք, ահագին զանգված ստացվում է, բայց ոչ այնպիսի զանգված, որը հետաքրքրված է ՀՀԿ-ի ծրագրով: Օրինակ, այդ ծրագրի հանդեպ ի՞նչ հետաքրքրություն կարող են ունենալ «5 հազարանոցները», մեռած հոգիները, թվանկարչության «զոհերը». «5 հազարանոցների» հեչ պետքն էլ չէ ոչ ՀՀԿ-ն, ոչ էլ նրա ծրագիրը, մեռած հոգիներին, հասկանալի պատճառներով, այլեւս պետք չէ, թվանկարչության «զոհերն» էլ դեռ քիչ է, որ զոհի կարգավիճակ են ստանում, մի բան էլ պետք է իրենց զոհե՞ն ՀՀԿ-ի ծրագրին ծանոթանալու, առավել եւս հետաքրքրված լինելու համա՞ր… Ինչ-որ չի կպնում, պարոնայք…

Համլետ Կիրակոսյան
«Ասպարեզ»

Комментариев нет:

Отправить комментарий