Избранное сообщение

Գաբրիել Գարսիա Մարկես. Մտքեր

1.Ես քեզ սիրում եմ ոչ նրա համար, թե ով ես դու, այլ նրա համար, թե ով եմ ես, երբ քո կողքին եմ: 2. Ոչ մեկը արժանի չէ քո արցունքներին: Իսկ ...

пятница, 3 февраля 2012 г.

ՆՇՄԱՐՎՈՂ ԴԱՇԻՆՔՆԵՐ ՈՒ ԴԱՍԱՎՈՐՈՒՄՆԵՐ


Հայաստանում սկսվել է նախընտրական գործընթացների բուռն շրջան: Քաղաքական ուժերի ներսում քննարկումներ են ընթանում ընտրություններին մասնակցության ձեւաչափի, ընտրական ցուցակների ձեւավորման, նախընտրական քարոզարշավի ռազմավարությունն ու մարտավարությունը կառուցելու շուրջ: Այս իմաստով անցած շաբաթը հարուստ էր բազմատեսակ իրադարձություններով, որոնց համադրությունը հնարավորություն է տալիս որոշակի գծագրումներ անել քաղաքական դաշտի դասավորվածության ու հնարավոր վերդասավորումների շուրջ: Նման վերադասավորումներ, ամեն դեպքում, կլինեն, որոնք ամբողջական տեսքի կգան մարտ ամսին, երբ քաղաքական ուժերը կանցկացնեն կուսակցական համագումարները եւ վերջնականապես կորոշեն իրենց անելիքները: Իսկ մինչ այդ տեղի են ունենում կուլիսային հանդիպումներ ու քննարկումններ:

Անցած շաբաթ բարձր մակարդակով տեղի է ունեցել կոալիցիայի նիստ, որին մասնակցել են կոալիցիոն կուսակցությունների ղեկավարները. ՀՀԿ-ից՝ Սերժ Սարգսյանն ու Հովիկ Աբրահամյանը, ԲԳԿ-ից՝ Գագիկ Ծառուկյանն ու Վարդան Վարդանյանը (քաղաքաշինության նախարար), ՕԵԿ-ից՝ Արթուր Բաղդասարյանն ու Հեղինե Բիշարյանը: Եթե հաշվի առնենք այն, որ Հ. Աբրահամյանն ու Հ. Բիշարյանը ՀՀԿ-ի ու ՕԵԿ-ի նախընտրական շտաբի պետերն են, ապա կարելի է ենթադրել, որ ԲՀԿ-ում այդ աշխատանքները կհամակարգի Վ.Վարդանյանը: Սա պարզ կդառնա առաջիկայում: Մինչ այդ առավել հետաքրքիր է, թե ինչ են խոսել կոալիցիայի ղեկավարները, մասնավորապես՝ Սերժ Սարգսյանն ու Գագիկ Ծառուկյանը: Հետո էլ, խոսելուց հետո եղե՞լ է արդյոք որեւէ պայմանավորվածություն:
Ըստ պաշտոնական տեղեկատվության, նիստում քննարկվել են առաջիկա ընտրություններին վերաբերող հարցեր: Հասկանալի է, որ խոսքը չի վերաբերում դաշինք կազմելուն կամ միասնական ցուցակ կազմելուն: Այս հարցը կարծես վերջնականապես լուծված է. կուսակցությունները ընտրություններին մասնակցելու են առանձին:

Այդ դեպքում ի՞նչ են քննարկել կուսակցապետերը: Դժվար թե նրանք քննարկեին այնպիսի հարցեր, ինչպիսիք են, օրինակ, արդար ընտրությունները, պայքարելը ընտրակեղծիքների դեմ, քաղաքական ուժերի միջեւ հավասար հնարավորություններ ստեղծելը եւ նմանատիպ այլ ՙծեծված՚ թեմաներ: Ըստ մամուլում հայտնված որոշ տեղեկությունների, քննարկման առանցքում եղել է պայմանավորվածությունը ընտրությունների արդյունքների ու խորհրդարանական տեղերի շուրջ, այլ կերպ ասած՝ թվանկարչությունը: Կարելի է ենթադրել, որ խոսք է գնացել նաեւ մեծամասնական ընտրատարածքներում հնարավոր թեկնածություններ առաջադրելու ու իրար միջեւ պայքարի ձեւերը հստակեցնելու շուրջ:

Այս ամենի համապատկերում հետաքրքիր է, որ ԲՀԿ-ն միացել է ՀՅԴ-ի ու «Ժառանգության» հարյուր տոկոսանոց համամասնական ընտրակարգին անցնելու վերաբերյալ խորհրդարանական լսումներ անցկացնելու նախաձեռնությանը: Ի՞նչ է ուզում սրանով հասկացնել ԲՀԿ-ն: Այս կուսակցության ներկայացուցիչները տարատեսակ հայտարարություններ են անում այս հարցի վերաբերյալ իրենց դիրքորոշման շուրջ. մեկ ասում են, թե 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգը իրենց ծրագրային դրույթներից մեկն է, մեկ էլ հայտարարում, որ համամասնականի ու մեծամասնականի ներկա համադրումը իրենց համար ընդունելի է: Հատկանշական է, որ հենց այս պահն են մատնանշում ՀՀԿ գործիչները, նշելով, թե ԲՀԿ-ն ժամանակին կողմ է քվեարկել գործող կարգին:

Իհարկե, ՀՅԴ-ի ու «Ժառանգության» նախաձեռնությանը միանալը բնավ չի նշանակում, որ եթե համապատասխան օրինագիծը մտնի ԱԺ օրակարգ, ԲՀԿ-ական պատգամավորները անպայմանորեն կողմ կքվեարկեն դրան: ԲՀԿ-ի քայլն ավելի շուտ ուղղված է Սերժ Սարգսյանին ու ՀՀԿ-ին՝ առ այն, որ ինչ-ինչ հանգամանքների պարագայում կարող է միանալ ընդդիմադիր մի հատվածում ձեւավորվելիք դաշինքին: Նման հնարավոր դաշինք արդեն նշմարվում է՝ ի դեմս ՀՅԴ-ի, «Ժառանգության» ու «Ազատ լիբերալների»: Վերջին եկու կուսակցությունների ներկայացուցիչները հաստատում են, որ իրար հետ դաշինք կազմելու շուրջ բանակցություններ ընթանում են, ու կողմերը դրական են տրամադրված բանակցությունների հաջող ելքի  նկատմամբ: ՀՅԴ-ից չեն բացառում նման դաշինքի միանալու հեռանկարը: Եթե ԲՀԿ-ն, այնուամենայնիվ, որոշի սահմանազատվել ՀՀԿ-ից, այդ դաշինքում օտար չի լինի…

Առաջիկա ընտրություններին է անդրադարձել նաեւ Կոնգրեսի քաղխորհուրդը: ՀԱԿ-ի կազմի մեջ մտնող կուսակցությունները որոշել են ընտրություններին մասնակցել դաշինքով: Սա սպասելի էր: Առայժմ համամասնական ցուցակի հարց չի քննարկվել, կուսակցությունները ներկայացնելու են իրենց առաջարկները եւ ըստ այդմ էլ կկազմվի ցուցակը: Այդ ցուցակն իրենից մեծ հետաքրքրություն է ներկայացնում: Խոսքը վերաբերում է ոչ միայն հարցի մեջ առկա ինտրիգին, այլեւ այն հանգամանքին, որ ցուցակից կախված է լինելու հիմնական ընդդիմադիր ուժի հաջողությունը իշխանության դեմ պայքարում:

Համլետ Կիրակոսյան
«Շրջապատ»

Комментариев нет:

Отправить комментарий