Избранное сообщение

Գաբրիել Գարսիա Մարկես. Մտքեր

1.Ես քեզ սիրում եմ ոչ նրա համար, թե ով ես դու, այլ նրա համար, թե ով եմ ես, երբ քո կողքին եմ: 2. Ոչ մեկը արժանի չէ քո արցունքներին: Իսկ ...

воскресенье, 1 января 2012 г.

ՏԱՐՎԱ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԻՆՏՐԻԳՆԵՐՆ ՈՒ ԾԻՏԻԿՆԵՐԻ ԾԼՎԼՈՑՆԵՐԸ



2011 թվականի քաղաքական տարին սկսվեց ինտրիգներով, ընթացքում ունեցավ բազմաթիվ ինտրիգային պահեր ու ավարտվեց քաղաքական կյանքում ինտրիգային վիճակներ պահպանելով:

Ողջ տարին անցավ ՀՀԿ-ԲՀԿ փոխհարաբերությունների պարզաբանմամբ, որի ժամանակ երկու կուսակցությունների ներկայացուցիչները զերծ չէին մնում նաեւ փոխադարձ «կրակոցներից» ու հակընդեմ հայտարարություններից: Արդեն փետրվարին ծիտիկների ծլվլոցներից ծայր առան խոսակցություններ, թե կոալիցիոն երկու գործընկերների ջրերը մի առվով չեն հոսում եւ ահա-ահա ԲՀԿ-ն կոալիցիայից դուրս է գալու: Հետո տեղի ունեցավ ԲՀԿ համագումարը եւ կոալիցիան լքելու հայտարարությանն սպասող հանրությունը լսեց բոլորովին այլ հայտարարություն. ԲՀԿ-ն մնում է կոալիցիայում , գործընկեր կուսակցությունները համերաշխ են իրար հետ, խորհրդարանական ընտրություններին չեն պայքարելու իրար դեմ, պահպանելու են կոալիցիոն տեղերի համամասնությունը(՞),  իսկ նախագահական ընտրություններին պաշտպանելու են Սերժ Սարգսյանի թեկնածությունը: Չնայած սրան՝ Գագիկ Ծառուկյանը շարունակում էր խոսել ԱԺ ընտրություններում 50-1 տոկոս ձայն հավաքելու իրենց մտադրության մասին, հանրապետականներն էլ «մեծ-մեծ խոսելու» համար դասեր էին տալիս ԲՀԿ-ականներին:

Քաղաքական գործընթացներն էլ ավելի ինտրիգային ու հետաքրքրական դարձան, երբ մարտից վերսկսվեցին Հայ ազգային կոնգրեսի հանրահավաքները: Հենց առաջին հանրահավաքում Լեւոն Տեր-Պետրոսյանը 15 կետանոց պահանջներ ներկայացրեց իշխանությանը (դրանցից մեկը վերաբերում էր քաղբանտարկյալների ազատ արձակմանը) եւ հատուկ պատվիրակություններով ու հատուկ օրակարգով երկխոսություն սկսելու պատրաստակամություն հայտնեց:

Արդեն հաջորդ հանրահավաքում Կոնգրեսը հաղթանակորեն «վերանվաճեց» Ազատության հրապարակը, ու ծնվեց հաջորդ ինտրիգը, այս անգամ Կոնգրես-Ժառանգություն փոխհարաբերություններում: Ազատության հրապարակում  «Ձոն ազատության՚» հիմնով ծոմապահության նստած Րաֆֆի Հովհաննիսյանը նեղացավ Լեւոն Տեր-Պետրոսյանից, որ հանրահավաքի ժամանակ վերջինս չի մոտեցել ու ողջունել իրեն: Ու սկսվեց երկու ընդդիմադիր կուսակցությունների ՙմիկրոմենամարտը՚, որը մի քանի շաբաթ էլ զբաղեցրեց թամաշայասեր հանրության ուշադրությունը:

Այնուհետեւ այդ հանրության ուշադրությունը բեւեռվեց իշխանություն-Կոնգրես հնարավոր երկխոսության վրա: ՀՀԿ-ի ամենախորաթափանցն ու փիլիսոփան՝ անզուգական Գալուստ Սահակյանն իրեն անմիջապես մեջ գցեց՝ ազդարարելով, թե իշխանությունը Կոնգրեսի հետ խոսելու չունի, հետո էլ թե՝ ինչ պատվիրակություն, ինչ բան, կարելի է նաեւ ռեստորանում հանդիպել: «Քյաբաբի» ու «արաղի» մասին բան չասաց, բայց դե հասկացանք… Ու շուտով հասկացանք նաեւ, որ Գրիգորիչը, իրոք, իզուր էր շտապել ու իրեն մեջ գցել, քանզի մի քիչ չեմուչում անելուց հետո, իշխանությունը ընդունեց Կոնգրեսի երկխոսության հրավերը: Ընդունեց, բայց դե, հո չէ՞ր խոստովանելու, թե Կոնգրեսի առաջարկով է երկխոսության գնում: Սերժ Սարգսյանը շտապեց հայտարարել, որ ինքը երկխոսության առաջարկ արել էր դեռ…2008-ին: Իշխանությունը մի ՙսրբագրում՚ էլ արեց, ըստ որի, իրենք երկխոսության են գնում ոչ թե պատվիրակությամբ, այլ աշխատանքային խմբով՝ կազմված կոալիցիոն կուսակցությունների ներկայացուցիչներից:

Քաղբանտարկյալներն ազատ արձակվեցին ու սկսվեց երկխոսությունը…ռաունդներով, բանակցությունների սեղանով, օրակարգով: Կողմերից յուրաքանչյուրը ներկայացրեց իր օրակարգը: Կոնգրեսն առաջ քաշեց արտահերթ ընտրությունների հարցը՝ հայտարարելով, թե ներքաղաքական ճգնաժամը չի լուծվի ու Հայաստանում որեւէ զարգացում չի լինի՝ մինչեւ արտահերթ ընտրությունների միջոցով երկրում չվերականգնվի սահմանադրական կարգն ու ու չձեւավորվի լեգիտիմ իշխանություն: Լեւոն Տեր-Պետրոսյանը մինչեւ իսկ առաջարկեց նոր տերմին՝ օրինակարգ իշխանություն: Իշխանությունն իր հերթին ասաց՝ դուք ձեր մասին մտածեք, մենք լավ էլ լեգիտիմ, մինչեւ իսկ օրինակարգ ենք, ու սեղանին դրեց սեփական օրակարգը՝ եկեք քննարկենք նորմալ ընտրություններ անցկացնելու հարցը: Բայց ոչ մեկը քննարկվեց, ոչ էլ մյուսը. ռաունդներն էլ կիսատ մնացին: Չէ, որեւէ մեկը նոկդաուն, առավել եւ՝ նոկաուտ չեղավ: Բայց ով գիտի, կարող է եղավ, ուղղակի մենք չտեսանք: Նոկաուտի մասով բան չենք ասում, չտեսնել չէր լինի, բայց նոկդաունի մեջ որեւէ մեկը կարող է հայտնվել նաեւ աննկատ…

Ինչեւէ, փաստն այն է, որ երկխոսությունն առկախվեց: Կոնգրեսը մեղադրեց իշխանությանը, թե վերջինս այդպես էլ խելքի չի եկել, ու չնայած երկխոսությանը՝ շարունակում է հանրահավաքների օրերին փակել ճանապարհները, ճնշումների ենթարկել իրենց կողմնակիցներին, անգամ գործ սարքում ու անօրինական կալանավորում երիտասարդ ակտիվիստներին: Իշխանությունն էլ փոխադարձ մեղադրանք ներկայացրեց Կոնգրեսին, իբր թե վերջինս «մահանա»  էր ման գալիս «ռինգը» լքելու համար:

Աշնանը սկսվեցին Կոնգրեսի շուրջօրյա հանրահավաքներն ու նստացույցի ակցիան: ՀԱԿ առաջնորդներն հայտարարեցին, թե իշխանությունը խելքի եկողը չէ, երկխոսությունը անիմաստ ժամավաճառություն է ու էս հարցը կլուծվի միայն ՙգեղական՚ կարգով՝ Սերժ Սարգսյանի անհապաղ հրաժարականը պահանջելով. հրաժարականի պահանջ՝ ժողովրդի ճնշմամբ: Բայց երեւի թե ժողովուրդը լավ չճնշեց կամ Կոնգրեսի առաջնորդները չտեսան այդ ճնշումը, ու շուրջօրյա հանրահավաքները դադարեցվեցին. մնացին հերթականները՝ ամիսը մեկ անգամ:

Այդ ընթացքում նորից սրվեցին ՀՀԿ-ԲՀԿ հարաբերությունները: Այս անգամ «ծիտիկները» հաստատ լուր բերեցին, թե ԲՀԿ-ն անպայմանորեն դուրս է գալու կոալիցիայից, որպեսզի Ռոբերտ Քոչարյանի հետ պալատական հեղաշրջում անի: «Ծիտիկների» բերած այս լուրերի համար որոշակի հիմքեր կային. արդեն տեւական ժամանակ Քոչարյանը  «ճիտ» էր անում քաղաքական պատուհաններից, հետո էլ նրա շրջապատից հայտարարություններ հնչեցին, թե նա պատրաստվում է վերադառնալ քաղաքականություն ու ինչ-որ ձեւով մասնակցել խորհրդարանական ընտրություններին: Այդ ինչ-որ ձեւով-ի ամենահարմար տարբերակը ԲՀԿ-ի, ինչ-որ տեղ նաեւ ՀՅԴ-ի միջոցով վերադառնալն էր: Այդ վերադարձի համար կարծես թե ստեղծվել էր նաեւ արտաքին քաղաքական հարմար ֆոն, հատկապես այն բանից հետո, երբ Քոչարյանի ռուսական ՙվերադաս՚ Պուտինը հայտարարվել էր Ռուսաստանի հաջորդ նախագահացու (այդ ժամանակ դեռ տեղի չէին ունեցել Ռուսաստանի Պետդումայի աղմկահարույց ընտրությունները ու մասսաների ՙհեղափոխական՚ պոռթկումները՝ ընդդեմ այդ խայտառակ ընտրությունների ու Պուտինի: Սա ի միջիայլոց):

ՀՀԿ-ԲՀԿ հերթական լարվածության ժամանակ ասպարեզ նետվեց հաջորդ ինտրիգը: Լեւոն Տեր-Պետրոսյանը հանրահավաքի ժամանակ անսպասելիորեն համագործակցության առաջարկ արեց ԲՀԿ-ին՝ երկրում նորմալ ընտրություններ կազմակերպելու ու լեգիտիմ իշխանություն ձեւավորելու համար: Այս կոնկրետ առաջարկի հետ մեկտեղ առաջին նախագահը հասկացնել տվեց, որ եթե ԲՀԿ-ն ուզում է դառնալ ինքնուրույն քաղաքական դերակատար, պետք է սահմանազատվի ինչպես Սերժ Սարգսյանից, այնպես էլ Ռոբերտ Քոչարյանից:

Տարեվերջյան քաղաքական զարգացումներում ՀՀԿ-ԲՀԿ հարաբերությունների վերջնական պարզեցում տեղի չունեցավ, չնայած երկու կողմից էլ հավաստում են, թե իրենք իրար հետ որեւէ խնդիր չունեն ու մնում են դաշնակիցներ: Չհնչեց նաեւ Գագիկ Ծառուկյանի պատասխանը Լեւոն Տեր-Պետրոսյանին: Հնարավոր է՝ չհնչի էլ, չնայած՝ ով գիտի, մեծ աշխարհ է…

Այս ամենի փոխարեն իշխանությունը մատուցեց նոր անակնկալ՝ եւս մեկ ինտրիգ հաղորդելով քաղաքական խաղին. հանրապետությունում սկսվեց  պաշտոնանկությունների ու հրաժարականների շքերթ, այն էլ ինչպիսի դեմքերի. Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյան, ոստիկանապետ Ալիկ Սարգսյան, Ազգային Ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյան ու ոչ ավել, ոչ պակաս, հանրապետության գլխավոր փեսա, նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Միքայել Մինասյան: Վերջին երկուսը գործուղվեցին ՀՀԿ նախընտրական շտաբ՝ երկրում ՙլավ՚ ընտրություններ կազմակերպելու ազգանվեր առաքելությամբ: Ամենայն հավանականությամբ, ծիտիկները ՀՀԿ-ի ականջին փսփսացել են, թե Հայաստանում շուտով ընտրություններ են: Բարի Ամանոր ու բարի ընտրություններ: Չնայած՝ Հայաստանում ընտրությունների բարին լինու՞մ է որ:

Համլետ Կիրակոսյան
«Շրջապատ»


Комментариев нет:

Отправить комментарий