Избранное сообщение

Գաբրիել Գարսիա Մարկես. Մտքեր

1.Ես քեզ սիրում եմ ոչ նրա համար, թե ով ես դու, այլ նրա համար, թե ով եմ ես, երբ քո կողքին եմ: 2. Ոչ մեկը արժանի չէ քո արցունքներին: Իսկ ...

пятница, 23 декабря 2011 г.

ՀՀԿ-ն ու իր թեւերը


ՀՀԿ-ԲՀԿ  փոխհարաբերությունների հարցը քաղաքական ներկա փուլում մղվել է ետին պլան: Սա չի նշանակում, թե այդ հարցն ընդմիշտ վերացել է եւ օրերից մի օր, ընդ որում՝ շատ մոտ ապագայում, չի կարող նորից հայտնվել ասպարեզում: Երբ խոսք է գնում այս երկու կուսակցությունների փոխհարաբերությունների մասին, պետք չէ այնպես հասկանալ, թե անպայմանորեն նկատի ունենք նրանց միջեւ եղած առճակատումը: Միգուցե նման առճակատում չկա, երբեւէ չի եղել ու չի էլ լինելու: Եւ միգուցե քաղաքական ասպարեզ նետված այս հարցը ինքնին արհեստական է ու «հատուկ բեմադրություն»: Նման բեմադրություններ մեր իրականության մեջ շատ են եղել, որոնք, ամեն դեպքում, բեմադրիչների համար տվել են նրանց ցանկալի արդյունքը:

Իհարկե, ՀՀԿ-ի ու ԲՀԿ-ի միջեւ մրցակցություն կարող է լինել ու կլինի: Սա բոլորովին ուրիշ խնդիր է: Մրցակցությունն կա ու կլինի անգամ որեւէ կուսակցության ներսում, հատկապես, երբ խոսքը վերաբերում է իշխանական լծակներ, հսկայական ֆինանսական ռեսուրսներ ու չինովնիկական մեծ ապարատ ունեցող կուսակցության, որտեղ կիսելու շատ բան կա: Հայաստանում նման կուսակցություն է ՀՀԿ-ն, որի ներսում տարբեր թեւերի առկայության մասին խոսակցություններ միշտ էլ եղել են: Ու որքան էլ դրա ներկայացուցիչները փորձեն բացառել նման թեւերի գոյությունը, դա այնքան էլ համոզիչ չի թվա:

Ներքին մրցակցությունն հատկապես ընգծված ձեւով է ի հայտ գալիս նախընտրական ժամանակաշրջանում, երբ առաջնային է դառնում կուսակցական ընտրացուցակի հարցը: Այս իմաստով ՀՀԿ-ի ներսում խմորումները վաղուց էին սկսվել, դեռ այն ժամանակ, երբ հանրապետական գործիչները սկսեցին բարձրաձայն խոսել այն մասին, որ օլիգարխները հաջորդ խորհրդարանում չեն հայտնվելու: Որեւէ մեկի համար գաղտնիք չէ, որ երբ իշխանությունը խոսում է օլիգարխների մասին, նկատի ունի իր շարքերում եղած օլիգարխներին, քանի որ ուրիշ տեղ նրանք պարզապես չկան: Այդ օլիգարխները 90 տոկոսով ՀՀԿ-ում են, երեւի մի 10 տոկոսով էլ՝ ԲՀԿ-ում:

Օրերս այդ օլիգարխներից մեկը՝ ՀՀԿ-ական Ռուբեն Հայրապետյանը, հայտարարեց, որ ինքը ցանկություն չունի հայտնվել հաջորդ խորհրդարանում, միաժամանակ չմոռանալով նշել, որ նորից պատգամավոր կդառնա միայն այն դեպքում, եթե այդպես որոշի կուսակցությունը (այսինքն՝ Սերժ Սարգսյանը): Հավանաբար մյուս օլիգարխները եւս նման կերպ են մտածում, չնայած այդ մասին դեռեւս չեն բարձրաձայնում: Ամենայն հավանականությամբ իշխանությունն այս հարցի շուրջ դեռ վերջնական որոշում չի կայացրել: Վերջնական որոշում չի կայացրել նաեւ ՀՀԿ-ի ընտրական ցուցակի շուրջ: Եվ քանի դեռ այդ որոշումը չի կայացել՝ Հանրապետականի ներսում տարբեր թեւերի միջեւ ներքին պայքարը կշարունակվի:

Այդ թեւերի հասցեականության ու «առաջնորդների» մասին շատ է խոսվել. վարչապետ Տիգրան Սարգսյան՝ իր տնտեսական «իտելեկտուալների» խմբով ու ՀՀԿ-ին մոտ-մոտ անող տարատեսակ ժամկետանց քաղաքական գործիչներով (Խոսրով Հարությունյան, Վազգեն Մանուկյան, Արշակ Սադոյան, Վազգեն Մանուկյան, Շավարշ Քոչարյան, Յուրի Մանուկյան, Արտաշես Գեղամյան, ինչու չէ, նաեւ Պարույր Հայրիկյան): Վերջիններիս՝ ժամանակ առ ժամանակ արվող հայտարարություններից դժվար չէ կռահել, որ նրանք հայտ են ներկայացրել ընդգրկվել ՀՀԿ-ի ցուցակում, ու վարչապետը, ամենայն հավանականությամբ, դրական է մոտենում այդ հայտերին: Ավելի շուտ՝ հենց Տիգրան Սարգսյանի ցանկությամբ են ի հայտ եկել այդ հայտերը: Վերջերս կարծիք հայտնվեց, որ վարչապետական խմբին միացել է նաեւ Աժ նորընտիր նախագահ Սամվել Նիկոյանը: Այս վերջին «ալյանսի» ներքին դրդապատճառն առավել քան հասկանալի է. «վարչապետական» խմբի գերակայությամբ խորհրդարանական ընտրություններում ՀՀԿ-ի հաղթանակի դեպքում  Սամվել Նիկոյանը կօգնի Տիգրան Սարգսյանին վերստին ստանձնել վարչապետի պաշտոնը, վերջինս էլ կաջակցի Նիկոյանին նորից դառնալ խորհրդարանի խոսնակ:

Հիշենք, որ նախկին խոսնակ եւ ՀՀԿ-ական երկրորդ թեւի առաջնորդ Հովիկ Աբրահամյանը հրաժարական ներկայացնելով Ազգային Ժողովի նախագահի պաշտոնից՝ անթաքույց հայտարարեց, որ ցանկություն ունի նոր խորհրդարանում ներից լինել դրա խոսնակը: Նման հավակնությունների պարագայում Տ. Սարգսյան-Ս.Նիկոյան  դաշինքը խիստ տրամաբանական է:


Ինչ վերաբերում է Հովիկ Աբրահամյանի թեւին, ապա դժվար չէ ենթադրել, որ նրա շուրջ համախմբվելու շահագրգռություններ կարող են ունենալ ՙթաղային հեղինակություններ՚ ու փողատեր մարդիկ: Հաշվի առնելով օլիգարխների նկատմամբ սկիզբ առած ՙբացասական՚ մթնոլորտը՝ կարելի է ասել, որ առայժմ Հովիկ Աբրահամյանի թեւը «պարտվում» է: Մանավանդ, եթե նկատի ունենանք նաեւ այն հանգամանքը, որ նախկին խոսնակը հատուկ հարաբերություններ ունի ԲՀԿ-ի ու Գագիկ Ծառուկյանի հետ, ինչը որոշակիորեն անվստահություն է առաջացնում նրա նկատմամբ:

Թերեւս հենց այդ անվստահության պատճառով էլ նրա ետեւից ՀՀԿ նախընտրական շտաբ գործուղվեց ՙՀանրապետական՚ երրորդ թեւի առաջնորդ Միքայել Մինասյանը՝ փեսա Միշիկը: Նրա շուրջ համախմբված է երիտասարդ կարիերիստների ու եւրոպական կրթությամբ ՙինտելեկտուալների՚ մի մեծ բանակ: Պարզ է, որ այս թեւը բնական հակակշիռ է «օլիգարխիկ-թաղային» թեվին՝ գաղափարական ու մտածողության «անհամատեղելիության» պատճառով: Այս թեւը «անհամատեղելի» է նաեւ վարչապետական թեւի հետ, որոնք հանդես են գալիս որպես բնական մրցակիցներ:

Թե այս թեւերից որն է գերակայություն ստանալու առաջիկա նախընտրական ժամանակահատվածում՝ կախված է Սերժ Սարգսյանի նախապատվությունից: Այդ նախապատվությունն իր հերթին կապված է ներքաղաքական ու արտաքին քաղաքական մի շարք գործոնների հետ: Սա արդեն այլ թեմա է, որին կանդրադառնանք մեկ ուրիշ անգամ:

Համլետ Կիրակոսյան
«Շրջապատ»

Комментариев нет:

Отправить комментарий