ԲՀԿ-ի հրաժարումից հետո ՀՀԿ-ին այլ բան չի մնում, քան կոալիցիա կազմել ՕԵԿ-ի հետ: Այդ մասին արդեն հայտարարել է ՀՀԿ մամլո քարտուղար Էդվարդ Շարմազանովը: Հասկանալի է, որ սա ի սկզբանե անիմաստ կոալիցիա է, քանի որ նախ` ՀՀԿ-ն, խորհրդարանում ունենալով մեծամասնություն, կարիք չունի նման կոալիցիայի, ապա` ծիծաղելի է 70 հոանոց խմբակցությամբ կոալիցիա կազմել 6 պատգամավոր ունեցող, չեղած եւ քաղաքական «բանկրոտի» ենթարկված կուսակցության հետ: Իբր` ի՞նչ…Խնդիրն այլ կլիներ ԲՀԿ-ի պարագայում` որպես քաղաքական կյանքում ռեալ դերակատարություն ունեցող եւ հանրային զգալի աջակցություն ունեցող ուժ, որի աջակցության դեպքում Սերժ Սարգսյանը գրեթե խնդիր չէր ունենա 2013 թվականի նախագահական ընտրությունների ժամանակ: Դա էր պատճառը, որ ՀՀԿ-ն փորձում էր ամեն գնով, թերեւս բացի վարչապետական գնից, ԲՀԿ-ին բերել կոալիցիա: Սակայն Գագիկ Ծառուկյանը որոշեց ինքնուրույն խաղալ: Թե որքանով ինքնուրույն, ի՞նչ եւ ու՞մ խաղն է դա` պարզ կլինի մոտ ժամանակներս:
Գագիկ Ծառուկյանի հայտնի հայտարարությունից հետո հայտարարությամբ հանդես եկավ նաեւ ՀՀԿ-ն, ուր մասնավորապես նշվում է, «որ ստանձնելու է ԱԺ-ում քաղաքական մեծամասնությանը Սահմանադրությամբ վերապահված պատասխանատվությունների ողջ ծավալը»: Ինչպես երեւում է ԲՀԿ-ի քայլին հանրապետականների տված առաջին արձագանքներից, վերջիններս որոշակի մտահոգություններ ունեն «մենակ մնալուց», համենայն դեպս, հուսահատության ինչ-որ տրամադրություններ նրանց մեջ առկա է: Կամ դեռ որոշակի հույսեր են փայփայում, որ, հավանաբար, վիճակը կշտկվի, ու ԲՀԿ-ի հետ համագործակցությունը այլ ձեւչափով կշարունակվի:
Իհարկե, նրանց ոչ այնքան հետաքրքրում է այդ համագործակցությունը, որքան ԲՀԿ-ի` ընդդիմություն չդառնալու հեռանկարը: ՀՀԿ-ական, նաեւ Գագիկ Ծառուկյանի խնամի Հովիկ Աբրահամյանը, ով, հասկանալի պատճառներով, ամենաշատն է շահագրգռված Բարգավաճի հետ «ախպերական» հարաբերություններով, վստահ է, որ ԲՀԿ-ն ընդդիմություն չէ. «Իրենց հայտարարության մեջ գրված էր խիստ «կառուցողական» եւ, եթե իրենք իրենց խոսքը պահեն, միասին կհամագործակցենք շատ նորմալ»: Այսինքն` դեռ հույսեր փայփայում է:
Ի դեպ, քաղաքականությամբ զբաղվելու համար հատուկ խելքի կարիք չունեցող սույն գործիչը եւս մեկ անգամ ի ցույց է դրել իր քաղաքական «միամտությունը»եւ անկեղծ խոստովանություն արել իշխանություն-ընդդիմություն փոխհարաբերությունների, ավելի ճիշտ` ընդդիմության նկատմամբ կիրառվող ճնշումների մասին: Լրագրողների այն հարցին, թե ընդդիմություն դառնալուց հետո ՀՀԿ-ի կողմից ճնշումներ կլինե՞ն ԲՀԿ-ի նկատմամբ, Հովիկ Աբրահամյանը պատասխանել է` ԲՀԿ-ն հո ընդդիմություն չէ, որ ճնշենք. «Ես չեմ գտնում, որ իշխանության մեկ թեւի կողմից մյուսի վրա պետք է ճնշում գործադրել: Իմ կարծիքով դրա անհրաժեշտությունը չկա: Իսկ մենք նման տրամադրություն, մտադրություն չունենք: Այս խոսքերից տրամաբանական հետեւությունը հետեւյալն է. «Եթե ընդդիմություն լինի, անպայման կճնշենք»: Նկատի ունենանք` բարձրաստիճան անկեղծ խոստովանություն ընդդիմությանը ճնշելու իշխանության ձեռագրի մասին:
Վերադառնանք ԲՀԿ-ի հրաժարման թեմային: Քաղաքական որոշ, մասնավորապես կոնգրեսական շրջանակներ, դա համարում են 2011-ի աշնանը Լեւոն ՏերՊետրոսյանի հայտնի քաղաքագիտական վերլուծության եւ Կոնգրեսի կողմից ԲՀԿ-ին Հանրապետականից պոկելու «ռազմավարության արդյունք: Ըստ ՀԱԿ-ի հայտարարության, «Բարգավաճ Հայաստան»կուսակցության որոշումը ցույց է տալիս, որ ընտրությունների նախօրեին ճաք տված իշխանության մոնոլիտը քանդվում է: Երկրում քաղաքական զարգացումները վկայում են, որ Սերժ Սարգսյանի Հանրապետական կուսակցության քաղաքական մենաշնորհի քայքայմանն ուղղված Հայ ազգային կոնգրեսի` դեռ 2011 թվականի հոկտեմբերին հայտարարված ռազմավարությունը, այդ թվում` ընտրությունների օրինականությունը վերահսկող միասնական շտաբի ստեղծումը ճշգրտորեն հաշվարկած քայլեր էին, որոնք նպաստում են ռեժիմի քաղաքական մեկուսացմանը»:
Եթե անգամ ընդունենք, որ ԲՀԿ-ի որոշման մեջ ինչ-որ չափով դեր խաղացել է Կոնգրեսը, դեռ հարց է` վերջինս որպես ընդդիմադիր ուժ, շահե՞լ է դրանից, թե՞ կորցրել: Երկու կարծիքն էլ գոյության իրավունք ունեն: Իսկ թե ո՞րն է առավել մոտ իրականությանը` ավելի շատ ճաշակի, քաղաքական պատկերացումների ու հայացքների խնդիր է:
Համլետ Կիրակոսյան
Комментариев нет:
Отправить комментарий