Избранное сообщение

Գաբրիել Գարսիա Մարկես. Մտքեր

1.Ես քեզ սիրում եմ ոչ նրա համար, թե ով ես դու, այլ նրա համար, թե ով եմ ես, երբ քո կողքին եմ: 2. Ոչ մեկը արժանի չէ քո արցունքներին: Իսկ ...

среда, 30 мая 2012 г.

Լուծված ու չլուծված հանգույցներ

Խորհրդարանական ընտրություններից հետո ներքաղաքական գլխավոր հանգույցներից մեկը լուծված է. ԲՀԿ-ն աննպատակահարմար համարեց մտնել կոալիցիա: Մինչ այդ՝ շուրջ երեք շաբաթ, քննարկումներ ու բանակցություններ էին ընթանում մտնել-չմտնելու շուրջ: Քննարկումներն ընթանում էին հրապարակային, բանակցությունները՝ կուլիսային դաշտերում:
Ձեւական կոալիցիա

Հրապարակային քննարկումներում առավել գերիշխող էր այն կարծիքը, որ ԲՀԿ-ն, այնուամենայնիվ, կհամաձայնի կոալիցիա կազմել ՀՀԿ-ի հետ՝ դրա դիմաց ստանալով ավելի շատ նախարարական ու մարզպետական պորտֆելներ, քան մինչ այդ ուներ: Սակայն, ինչպես երեւում է, այդ պորտֆելները չեն բավարել Գագիկ Ծառուկյանի կուսակցությանը, որը, ըստ ամենայնի, ակնկալում էր ԲՀԿ-ին հատկացնել վարչապետական աթոռը: Համենայն դեպս, անցած 20 օրերի բոլոր իրողությունները խոսում էին այն մասին, որ Սերժ Սարգսյան-Գագիկ Ծառուկյան հանդիպումների ժամանակ պետք է, որ արծածված լիներ այս հարցը: Հասկանալի է, որ խորհրդարանում ունենալով մեծամասնություն, ՀՀԿ-ն ոչ մի դեպքում Բարգավաճին չէր տա կառավարության ղեկավարումը, ինչքան էլ նախագահական ընտրությունների ժամանակ Սերժ Սարգսյանին անհրաժեշտ լինի Գ. Ծառուկյանի աջակցությունը:

Այսպիսով, ունենալու ենք նոր կոալիցիա ՀՀԿ-ՕԵԿ ձեւաչափով: Մի քիչ ծիծաղելի ու աբսուրդ է ձեւաչափը, բայց փաստ է: Մինչ կոալիցիային չմիանալու Գագիկ Ծառուկյանի հայտարարությունը, արդեն հայտարարությամբ էր հանդես եկել ՕԵԿ-ը հավաստելով, որ շարունակելու է համագործակցությունը Սերժ Սարգսյանի ու Հանրապետականի հետ: Իսկ արդեն Ծառուկյանի հայտարարությունից հետո ՀՀԿ-ն հայտարարեց, որ ստանձնում է գործադիր իշխանության ողջ պատասխանատվությունը, նաեւ կոալիցիա է կազմում ՕԵԿ-ի հետ: ՙՈղջ պատասխանատվության ստանձնում՚ արտահայտությունը ցույց է տալիս, որ ձեւավորվելիք կոալիցիայում Օրինացին խորհրդանշական ու ՙանպատասխանատու՚ դեր է վերապահվելու՝ թերեւս մեկ-երկու նախարարական ու փոխնախարարական պորտֆելով: «Կույրաղիքի» գործոնը, ամեն դեպքում, գործնականում հաստատվեց:

«Ընդդիմադիր» ԲՀԿ

Չնայած ԲՀԿ-ի կոալիցիա չմտնելով ներքաղաքական գլխավոր հանգույցներից մեկը լուծված է, սակայն այդ լուծումը հանգույցի միայն արտաքին կողմն է. հանգույցի ներքին շատ թելեր դեռեւս հարցականներ են պարունակում: Մասնավորապես, քաղաքական ո՞ր դաշտում է գործելու ԲՀԿ-ն: Իր հայտարարության մեջ Գ.Ծառուկյանը նշել է, որ ԲՀԿ-ն ունենալու է խիստ կառուցողական, հավասարակշռող դերակատարություն եւ մասնակցություն երկրի հասարակական-քաղաքական կյանքում: Հայտարարությունից երեւում է, որ առայժմ ոչ մի խոսք չկա ընդդիմություն դառնալու մասին: Թերեւս սա նկատի ունենալով են ՀՀԿ բարձրաստիճան գործիչները՝ Տիգրան Սարգսյանն ու Հովիկ Աբրահամյանը, հայտարարում, որ ԲՀԿ-ն ընդդիմություն չէ: Այսինքն, նման եզրակացություն անելով՝ նրանք մի կողմից հենվում են Ծառուկյանի արած հայտարարության վրա, մյուս կողմից՝ ելնելով Հայաստանի ներքաղաքական իրողություններից, չեն պատկերացնում ԲՀԿ-ին ընդդիմադիր դերում:
Ճիշտն ասած՝ շատերը չեն պատկերացնում ընդդիմադիր ԲՀԿ, որովհետեւ օլիգարխների ու մեծահարուստների վրա հենված կուսակցությունը Հայաստանում պարզապես չի կարող լինել ընդդիմություն. շատ կարճ ժամանակում այդ կուսակցությունից մեծ արտահոսք տեղի կունենա, ինչպես 2006-ին եղավ ՕԵԿ-ի դեպքում (ականջդ կանչի, Սամվել Բալասանյան) եւ այն կմասնատվի: Թերեւս, հենց այս հեռանկարը աչքի առաջ ունենալով է Գ.Ծառուկյանը ակնարկում կառուցողական ուժ լինելու մասին. չնայած նա դեռեւս ՙընդդիմություն՚ բառը չի օգտագործել, սական դրա տակ ենթադրվում է հենց ՙկառուցողական ընդդիմություն՚ հասկացությունը: Ընդդիմության այս ՙկաղապարը՚ Հայաստանում ժամանակ առ ժամանակ օգտագործվում է՝ հիմնականում ի հակակշիռ արմատական ընդդիմության:

Անկախ այն բանից, թե ինչպիսի ընդդիմություն կլինի ԲՀԿ-ն, նրա կոալիցիա չմտնելով ինչպես ներքաղաքական դաշտում, այնպես էլ խորհրդարանում, բավականին հետաքրքիր պատկեր է ստեղծվում: Հանրապետականն իր ՕԵԿ-ով ինչքան էլ մեծամասնություն ունենա Ազգային ժողովում, այնտեղ կարող է նաեւ որոշակի դժվարությունների հանդիպել, եթե, իհարկե, արտակոալիցիոն ուժերը՝ ՀԱԿ-ը, ՀՅԴ-ն, ՙԺառանգությունը՚ եւ ԲՀԿ-ն գործեն միասնաբար, ինչը թեեւ քիչ հավանական է, սակայն քաղաքական որոշակի վիճակներում՝ հնարավոր: Էլ չասած առաջիկա նախագահական ընտրությունների մասին…

Համլետ Կիրակոսյան




Комментариев нет:

Отправить комментарий