Избранное сообщение

Գաբրիել Գարսիա Մարկես. Մտքեր

1.Ես քեզ սիրում եմ ոչ նրա համար, թե ով ես դու, այլ նրա համար, թե ով եմ ես, երբ քո կողքին եմ: 2. Ոչ մեկը արժանի չէ քո արցունքներին: Իսկ ...

четверг, 3 мая 2012 г.

ԼԱՎԻ ՈՒ ՎԱՏԻ ՍԱՀՄԱՆԸ


Մաշտոցի պուրակ Սերժ Սարգսյանի այցից ու կրպակները ապամոնտաժելու՝ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին տված հայտնի հրահանգից հետո մի շարք հարցադրումներ են առաջացել: Հանրության շրջանում ինչպես բուն փաստի, այնպես էլ առաջ եկած հարցադրումների վերաբերյալ արձագանքները ոչ միանշանակ են, ու տարբեր շրջանակներ դրանք մեկնաբանում են տարբեր դիտակետերից. ինչու՞ հենց հիմա Սերժ Սարգսյանը այցելեց պուրակ ու խաղաց բարի քեռու դեր, այդ ամենը հատուկ նախապատրաստված բեմադրությու՞ր էր, թե՝ ոչ, առաջին հերթին ու՞մ հաղթանակն էր դա, իրավական է արդյո՞ք հարցի նման կարգավորումը, եթե իրավական է, ուրեմն, մինչ հիմա քաղաքապետարանն ու ոստիկանությունը գործել են անօրինաբա՞ր, ի՞նչ շահեցին կամ կորցրեցին բնապահպանները, ինչպիսի՞ն պետք լինեն նրանց հետագա քայլերը: Պատասխաններ պահանջող հարցադրումներն այնքան շատ են, որ այս շարքը կարելի է անվերջ շարունակել:

Այս ամենի վերաբերյալ հայտարարությամբ են հանդես եկել քաղաքացիական տարբեր նախաձեռնությունների ներկայացուցիչներն ու Մաշտոցի պուրակի ինքնորոշված քաղաքացիները, ըստ որի, Մաշտոցի պուրակում ապօրինի կրպակների ապամոնտաժումը եւ տեղի ունեցած ապօրինությունների վերացումը գտնվում է բացառապես Երեանի քաղաքապետարանի եւ իրավապահ մարմինների լիազորությունների շրջանակում՝ ըստ ՀՀ Սահմանադրության: Հայտարարության մեջ նաեւ ասվում է. «Երեւանի քաղաքապետը պարտավոր է ենթարկվել երեւանցիների կամքին եւ ոչ թե մեկ անձի էսթետիկ նախասիրություններին ու դիրքորոշումներին՝ անկախ այդ մարդու ով լինելուց եւ նրա զբաղեցրած պաշտոնից. նման հարցերը կարգավորվում են ՀՀ Սահմանադրությամբ եւ ժողովրդի գերակա շահով: 

Ոստիկանության գործողությունների նկատմամբ գնահատականները պետք է բխեն  Սահմանադրությունից, հանրային սեփականության պաշտպանությունից, մարդու իրավունքների եւ ազատությունների պաշտպանությունից: Պետք է դատապարտել ոստիկանության բռնության եւ ոչ իրավաչափ գործողության որեւէ դրսեւորում, այլ ոչ թե շնորհակալություն հայտնել եւ համարել դա ձեռքբերում»:

Հայտարարության հեղինակները նշել են, որ  շարունակելու են իրենց քաղաքացիական եւ օրինական պայքարը, միաժամանակ համապատասխան մարմիններից պահանջում են` «գտնել եւ պատասխանատվության ենթարկել ապօրինի որոշումների բոլոր պատասխանատուներին, վերականգնել համայնքին հասցված նյութական վնասը եւ պատասխանատվության ենթարկել ՀՀ քաղաքացիների օրինական շահերը ոտնահարած պաշտոնյաներին եւ այդ ապօրինությունների արդյունքում քաղաքացիների նկատմամբ բռնություն կիրառած ոստիկաններին»:

Ընդհանրապես, ինչպե՞ս կարելի է գնահատել այս ամբողջ պատմությունը, դրա նախահիմքերն ու հետեւանքները:

Լավ է, որ Մաշտոցի պուրակի բուտիկները տեղահանվելու են, վատ է, որ դա՝ որպես նախընտրական խայծ, տեղի է ունենալու Սերժ Սարգսյանի թեթեւ ձեռամբ: Լավ է, որ քաղաքացիական ակտիվիստներն ու բնապահպանները բուտիկների տեղահանումը համարում են իրենց հաղթանակը, վատ է, որ որոշ մարդիկ դա համարում են նաեւ Սերժ Սարգսյանի հաղթանակը: Լավ է, որ քաղաքացիական ակտիվիստներն ու բնապահպանները պատրաստակամ են շարունակելու իրենց պայքարը, վատ է այն մտայնությունը, թե այդ ամենը ուղղորդված ու կազմակերպված է որոշակի կենտրոնի կողմից՝ որոշակի նպատակներով՝ անկախ բնապահպանների, իրոք, բարի  ցանկություններից ու ազնիվ մղումներից: Ես՝ ինքս, չեմ հավատում ու չեմ ուզում հավատալ այդ վերջին վատին՝ որպես իրողության:

Համլետ Կիրակոսյան

Комментариев нет:

Отправить комментарий