Ինչպիսի՞ ընդդիմություն է լինելու ԲՀԿ-ն
Այսպիսով, ԲՀԿ-ն հրաժարվեց մտնել կոալիցիա: Ըստ կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի հայտարարության. «Ընտրությունների արդյունքներով` ԲՀԿ-ն չունի կառավարություն ձեւավորելու եւ իր ծրագրերը իրականացնելու սահմանադրական հնարավորություն: Ելնելով վերը նշյալից` ես պաշտոնապես հայտարարում եմ, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը նպատակահարմար չի գտնում մասնակցել կոալիցիոն կառավարության ձեւավորմանը»:Այս որոշումն արդյո՞ք քաղաքական դաշտում տեղի ունեցող գործընթացների հանգուցալուծում է, եւ եթե՝ այո, ապա այդ հանգուցալուծման արդյունքում քաղաքական դաշտի ի՞նչ պատկեր ենք ունենալու: Իսկ որ ներքաղաքական նոր վիճակ ու պատկեր ունենալու ենք, ակնհայտ է՝ անկախ այն բանից, թե որն էր ԲՀԿ-ի որոշման ներքին դրդապատճառներն ու քաղաքական ենթատեքստերը, եւ նոր կարգավիճակում իրեն ինչպե՞ս է դրսեւորելու Ծառուկյանի կուսակցությունը:
Իհարկե, մինչ այս որոշումը Սերժ Սարգսյանի ու Գագիկ Ծառուկյանի միջեւ կոալիցիա կազմելու շուրջ բանակցություններ ընթացել են: Դժվար չէ ենթադրել, որ այդ բանակցությունների ժամանակ քննարկվել է վարչապետի, ԱԺ նախագահի, նախարարական ու մարզպետական պորտֆելների հարցը: Չպետք է անհավանական համարել, որ Ծառուկյանը կոալիցիա մտնելու դիմաց կոնկրետ պահանջներ է ներկայացրել, ասենք՝ ԲՀԿ-ին հատկացնել վարչապետի կամ խորհրդարանի խոսնակի պաշտոնը: Ըստ ամենայնի, այս հարցերում համաձայնության չեն եկել, ու ԲՀԿ-ն որոշել է չմտնել կոալիցիա:Ի դեպ, ենթադրենք, որ համաձայնության գալիս էին ու ԲՀԿ-ն մտնում էր կոալիցիա, հետաքրքիր է՝ այդ դեպքում հանրությանը ի՞նչ տեքստ էր ներկայացնելու Ծառուկյանը:
Այժմ հետաքրքիր է մեկ այլ հարց. ԲՀԿ-ն ընդդիմությու՞ն է, թե՞ ոչ: Իր հայտարարության մեջ նշելով, թե ԲՀԿ-ն երկրի քաղաքական կյանքում շարունակելու է ունենալ ծանրակշիռ դերակատարում, հայտարարել է. «Մենք ունենալու ենք խիստ կառուցողական, հավասարակշռող դերակատարություն եւ մասնակցություն երկրի հասարակական-քաղաքական կյանքում։ Ազգային ժողովում ԲՀԿ-ն ունենալու է շատ ակտիվ եւ գործունյա խմբակցություն: Ես խոստանում եմ, որ մեր պատգամավորները մշտապես լինելու են ժողովրդի կողքին, բոլոր հնարավոր միջոցներով պաշտպանելու են մեր քաղաքացիների իրավունքներն ու շահերը»: Շատ հատկանշական է «կառուցողական, հավասարակշռող դերակատարությունե արտահայտությունը, ինչը կարող է նշանակել, որ ԲՀԿ-ն միջին դիրք է գրավելու իշխանական ՀՀԿ-ի ու արմատական ընդդիմադիր ՀԱԿ-ի արանքում, այսպես ասած՝ կառուցողական ընդդիմության հանգույն: Արդյո՞ք խոսքը վերահսկելի, «պայմանավորվածե ընդդիմության մասին չէ՞՝ տեսադաշտում ունենալով առաջիկա նախագահական ընտրությունները:
Հետաքրքիր է նաեւ մեկ այլ հարց. այս կամ այն չափով դառնալով ընդդիմություն, արդյո՞ք ԲՀԿ-ին մասնատում չի սպառնում, մասնավորապես կուսակցությունից չե՞ն հեռանա գործարար կուսակցականները, որոնց թիվը ԲՀԿ-ում քիչ չէ: Հիշենք, որ նման բան ոչ վաղ անցյալում եղավ ՕԵԿ-ի հետ, երբ վերջինս դարձավ ընդդիմություն: Հենց այդ ժամանակ, շատերի հետ, ՕԵԿ-ը լքեց գյումրեցի պատգամավոր Սամվել Բալասանյանը, ով հետո հայտնվեց ԲՀԿ-ում ու վերջինիս քվոտայով դարձավ ԱԺ փոխնախագահ: Գագիկ Ծառուկյանը իր հայտարարության մեջ արծարծել է նաեւ հնարավոր կորուստների ու ճնշումների հարցը. «Ես իմ բոլոր հանդիպումների ժամանակ հայտարարել եմ, որ, մտնելով քաղաքականություն՝ չեմ հետապնդում որեւէ անձնական շահ: Ավելին, ես հայտարարել եմ, որ պատրաստ եմ ունենալ կորուստներ, սակայն ժողովրդի վստահությունը սրբորեն պահպանելու եմ»:
Գագիկ Ծառուկյանն այս հայտարարությամբ փաստացի հասկացնել է տալիս, որ իշխանությունը կարող է տնտեսական «տեռոր» սկսել իր դեմ, ու ինքը պատրաստ է դրան: Ինքը ինչ-որ կերպ կարող է դիմագրավել այդ հարձակումներին. հարցն այն է, թե մյուս գործարարները պատրա՞ստ են դրան: Հավանաբար, Ծառուկյանը մտածել է այս իրողության ու վիճակի մասին, ու թերեւս ինչ-որ քայլեր աչքի առաջ ունի:
Համլետ Կիրակոսյան
«Ասպարեզ»
Комментариев нет:
Отправить комментарий