Избранное сообщение

Գաբրիել Գարսիա Մարկես. Մտքեր

1.Ես քեզ սիրում եմ ոչ նրա համար, թե ով ես դու, այլ նրա համար, թե ով եմ ես, երբ քո կողքին եմ: 2. Ոչ մեկը արժանի չէ քո արցունքներին: Իսկ ...

пятница, 18 мая 2012 г.

ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԱՇՏԸ՝ ՎԵՐԱԴԱՍԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՇԵՄԻՆ

Խորհրդարանական ընտրությունները էական փոփոխություններ կատարեցին կամ առաջիկայում կկատարեն Հայաստանի քաղաքական դաշտում: Այդ փոփոխությունները վերաբերում են ոչ այնքան Ազգային ժողովի ներսում ուժերի տեղաբաշխմանը, որքան ընդհանրապես ներքաղաքական վերադասավորումներին:



Ազգային ժողովի կազմի առումով ամեն ինչ պարզ է եւ շատ լուրջ ու հեղաբեկիչ անակնկալներ չեղան. եղավ այն, ինչ ընդհանուր առմամբ սպասվում էր: Ընդամենը ընտրությունների արդյունքները որոշակի սրբագրումներ կատարեցին այդ սպասելիքներում: Օրինակ, որեւէ մեկի մտքով չէր անցնում, որ ՀՀԿ-ն կարող է նման ՙտպավորիչ հաղթանակ՚ տանել ու բացարձակ մեծամասնություն կազմել խորհրդարանում՝ շուրջ 70 պատգամավոր: ԲՀԿ-ն եւս ավելացրեց իր պատգամավորների թիվը. դա սպասելի էր: Սակայն ԲՀԿ-ն իր հիմնական նպատակին կամ նպատակներին չհասավ. 1. չկարողացավ ապահովել 50+1 տոկոս տեղեր եւ 2. չկարողացավ ՀՀԿ-ին զրկել քաղաքական մենաշնորհից:

Անսպասելի էր Կոնգրեսի հավաքած 7 տոկոսը, ինչը նշանակում է 7 հոգանոց պատգամավորական խմբակցություն: Սա շոկային վիճակ է ստեղծել Կոնգրեսի ներսում ու հանրության՝ ընդդիմադիր տրամադրություններ ունեցող հատված մեջ: ՙԺառանգության՚ 5 տեղը սպասելի էր՝ չնայած ժառանգականների առավել մեծ ակնկալիքներին: ՀՅԴ-ն իջավ իր տոկոսային արդեն ավանդական դարձած (8-10) նշաձողից: Դժվար է ասել՝ այս նահանջը պայմանավորված է գաղափարակա՞ն, թե դիրքային փոփոխությամբ: Ամենամեծ անակնկալը ՕԵԿ-ի մուտք գործելն էր խորհրդարան: Այստեղ մեկնաբանություններն արդեն ավելորդ են, քանի որ աբսուրդները դժվար են մեկնաբանվում:

Խորհրդարանական ընտրությունների արդյունքներում գրանցված այս պատկերը բերելու է ներքաղաքական էական վերադասավորումների: Ամենամեծ ինտրիգը նոր կոալիցիայի հարցն է: ՀՀԿ-ն իր ունեցած մեծամասնությամբ կարող է եւ չգնալ կոալիցիայի ու ինքնուրույն ձեւավորել կառավարություն: Տվյալ պարագայում, երբ ասում ենք ՀՀԿ, նկատի ունենք նաեւ ՕԵԿ-ին, որն արդեն դարձել է Սերժ Սարգսյանի ու Հանրապետականի անբաժանելի մասը: Սերժ Սարգսյանին, մեծ հաշվով, կոալիցիան պետք է ոչ այնքան խորհրդարանում, որքան 2013 թվականի նախագահական ընտրություններում: Նրան պետք է, որ կոալիցիայի մեջ մտնող ուժերը հայտարարեն, թե պաշտպանելու են իր թեկնածությունը նախագահական ընտրություններում, եւ որքան լուրջ ու ազդեցիկ լինեն այդ ուժերը, այնքան լավ Սերժ Սարգսյանի համար: Խոսքն առաջին հերթին վերաբերում է ԲՀԿ-ին:

Ինչպիսի՞ն է ԲՀԿ-ի գնահատականը ընտրություններին: Միասնական շտաբը, որի կազմում է նաեւ ԲՀԿ-ն, հայտարարել է, որ մայիսի 6-ին կայացած ԱԺ ընտրությունների արդյունքում ձեւավորված խորհրդարանը ՙչի արտացոլում ժողովրդի կողմից քաղաքական ուժերի աջակցության իրական պատկերը՚: Այսինքն, սա նշանակում է, որ այս ուժերը ընտրությունները համարում են կեղծված, սակայն, այնուամենայնիվ նրանք համաձայնել են վերցնել իրենց մանդատները եւ գնալ խորհրդարան: ԲՀԿ ներկայացուցիչ Վարդան Օսկանյանն հայտարարել է, թե ինքը դեմ է, որ Բարգավաճը Հանրապետականի հետ գնա կոալիցիայի: Սա ոչ թե կուսակցության դիրքորոշումն է, այլ Օսկանյանի: ԲՀԿ-ն, ամենայն հավանականությամբ, կգնա նոր կոալիցիոն համաձայնագրի՝ որոշակի պայմանավորվածությունների ու փոխադարձ զիջումների գնով: Ասենք, մեկ-երկու նախարարական պորտֆելի ավելացում ԲՀԿ-ին՝ փոխարենը նախագահական ընտրություններում սատարում Սերժ Սարգսյանին: Ահա այսպիսի քաղաքական բեմադրություն ու խաղեր:

Այժմ արդեն հստակորեն կարելի է արձանագրել, որ այդ բոլոր քաղաքական խաղերը աշխատեցին ի վնաս Հայ ազգային կոնգրեսի: Կոնգրեսը չկարողացավ, համենայն դեպս պաշտոնական գրանցված արդյունքներով չկարողացավ ոչ միայն մեծամասնություն կազմել խորհրդարանում, այլեւ անքան մանդատներ ձեռք բերել, ինչը թույլ կտար համապատասխան դաշնակիցներ ձեռք բերելով՝ զրկել Հանրապետականին խորհրդարանական մեծամասնություն կազմելուց: Կոնգրեսի ներկայությունը խորհրդարանում այնքան փոքր է, որ նույնիսկ կարծիքներ հնչեցին մանդատները վայր դնելու նպատակահարմարության մասին: Սակայն ՀԱԿ-ը գնալու է խորհրդարան, բայց առանց Լեւոն Տեր-Պետրոսյանի: Վերջինս իր մանդատը հանձնեց Հրանտ Բագրատյանին, միաժամանակ նշելով, թե շարունակելու է քաղաքաքական գործունեությունը:

Ինչպես եւ սպասելի էր, մանդատից հրաժարվեց նաեւ Կոնգրեսի մաս կազմող հանգուցային կուսակցություններից մեկի՝ «Հանրապետության» առաջնորդ Արամ Սարգսյանը: Նա ոչ միայն չի գնալու խորհրդարան, այլեւ կարող է լքել Կոնգրեսը: Ըստ նրա հայտարարության, ՙանցած ժամանակահատվածում մենք ունեցել ենք տարաձայնություններ Հայ ազգային կոնգրեսի գործունեության վեկտորների, ներքաղաքական զարգացումների, արտաքին քաղաքական դիրքորոշումների շուրջ, որոնց մասին ազատորեն բարձրաձայնել եմ իմ կարծիքը՚: Արամ Սարգսյանը հասկացնել է տվել, որ շարունակելու է իր պայքարը հնարավոր այլ ուժերի հետ համագործակցությամբ: Նա որեւէ ուժի կոնկրետ անուն չի տվել, բայց ենթադրվում է, որ դա կարող է լինել «Ժառանգություն»-«Ազատ լիբերալներ» միավորումը:

Այսպիսով, Հայաստանի քաղաքական դաշտը կանգնած է լուրջ վերադասավորումների առաջ, որոնք առավել հստակ ու վերջնական կերպարանք կստանան առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում:

Համլետ Կիրակոսյան

Комментариев нет:

Отправить комментарий