Избранное сообщение

Գաբրիել Գարսիա Մարկես. Մտքեր

1.Ես քեզ սիրում եմ ոչ նրա համար, թե ով ես դու, այլ նրա համար, թե ով եմ ես, երբ քո կողքին եմ: 2. Ոչ մեկը արժանի չէ քո արցունքներին: Իսկ ...

четверг, 24 мая 2012 г.

Որտե՞ղ է ձեւավորվում Հայաստանի կառավարությունը


Ենթադվում է, որ նոր կոալիցիայի մասին հայտարարություն կարվի մայիսի 24-ին կամ 25-ին: Հնարավոր կոալիցիայի գլխավոր դերակատարները՝ ՀՀԿ ու ԲՀԿ ներկայացուցիչները առայժմ ընդհանուր դատողություններ են անում, մշուշոտ կարծիքներ հայտնում, խարխափում «հաե-ի ու «չէ»-ի արանքում, որոշ համարձակներ միայն փորձում են մի փոքր դուրս գալ այդ արանքից, որից հետո ոմանք ներքին կարգով խիստ սաստվում են. մի խոսքով՝ գրեթե բոլորը «ցրողականե պատասխաններ են տալիս կոալիցիայի ձեւավորման մասին: Սա հասկանալի է ու մեղադրելի չէ, որ մարդիկ չգիտեն՝ ի՞նչ պատասխանեն, որպեսզի համ ճիշտ, համ էլ անվնաս լինի:

Ինչի՞ են սպասում ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն, կամ ու՞մ են սպասում: Իսկ որ հաստատ ինչ-որ բանի սպասում են, ակնհայտ է: Ակնհայտ է բոլոր զգուշավոր պատասխաններից ու դրանց բացակայությունից:

Կարելի է ենթադրել, որ այս կուսակցությունների ղեկավարները  այս ողջ ընթացքում պայմանավորվում են իշխանության բաժանման շուրջ՝ վարչապետ, փոխվարչապետ, Աժ նախագահ, փոխնախագահ, նախարարական ու մարզպետական պորտֆելներ ու ասպես պորտֆելային հերթագայություն: Արդեն իսկ խոսվում է, որ Սերժ Սարգսյանը Գագիկ Ծառուկյանին մերժել է վարչապետի պաշտոնը հանձնել ԲՀԿ-ին՝ փոխարենը համաձայնելով եւս 2-ական լրացուցիչ նախարարական ու մարզպետական պորտֆել: Կարելի է ենթադրել, որ այդ սպասումը կարող է պայմանավորված լինել նաեւ արտաքին գործոնով. այսինքն կոնկրետ ու հստակ մեսիջներ հայրենի իշխանավորների իրական շեֆերից՝ Կրեմլից: Օրերս Սերժ Սարգսյանը Մոսկվայում էր, ուր հանդիպում էր ունեցել վարչապետ Դ.Մեդվեդեւի հետ, նախագահ Վ.Պուտինի հետ հանդիպել չէր հաջողվել: Այժմ էլ Մոսկվայում է Ռ. Քոչարյանը, ցանկանում է հանդիպել Պուտինին: Ըստ վերլուծական շրջանակների, երկու հանդիպումներն էլ, այս կամ այն կերպ, կապված են Հայաստանում ձեւավորվելիք կոալիցիայի ու կառավարության հետ: Մարդիկ հարցեր են ճշգրտում, պայմանավորվածություններ ձեռք բերում, «դաբրո» ու թույլտվություն ստանում: Այսինքն՝ վերստին Հայաստանի կառավարությունը ձեւավորվում է Մոսկվայում…

Մինչ այդ, չսպասելով ավագ գործընկերների որոշումներին, ՕԵԿ-ը շտապեց հրապարակայնորեն ի ցույց դնել իր դիրքորոշումը եւ հանդես եկավ հայտարարությամբ, ուր հավաստեց, որ հավատարիմ է մնում կոալիցիոն համաձայնագրին եւ շարունակելու է համագործակցությունը Սերժ Սարգսյանի հետ. «Հիմք ընդունելով ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի եւ ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանի միջեւ տեղի ունեցած քաղաքական խորհրդատվությունները, շարունակել քաղաքական համագործակցությունը 2008, 2009 թթ. ստորագրված քաղաքական փաստաթղթերի ոգուն համապատասխան` նպատակաուղղել ջանքերը երկրում կուտակված խնդիրները նախաձեռնողական եւ նորարարական մոտեցումներով լուծելու համար»: Այսինքն՝ փաստորեն ՕԵԿ-ը ինքն է առաջին քայլն ու առաջարկն անում կոալիցիա կազմելու ուղղությամբ: Մարդիկ լավ հասկանում են, որ էլ գնալու տեղ չունեն, 2008-ի փետրվարի 29-ին կապված են Սերժ Սարգսյանի հետ, դեռ երկար ժամանակ կապված են մնալու ու բաժանվելու հնար չունեն, էլ չասած՝ ցանկության մասին:

Համլետ Կիրակոսյան
«Ասպարեզ»

Комментариев нет:

Отправить комментарий