Избранное сообщение

Գաբրիել Գարսիա Մարկես. Մտքեր

1.Ես քեզ սիրում եմ ոչ նրա համար, թե ով ես դու, այլ նրա համար, թե ով եմ ես, երբ քո կողքին եմ: 2. Ոչ մեկը արժանի չէ քո արցունքներին: Իսկ ...

четверг, 5 июля 2012 г.

Քաղաքական, բարոյական ու իրավական պատասխանատվության խաչմերուկում


Ռուբեն Հայրապետյանը վայր դրեց մանդատը` հանդես գալով բավական հուզական ու լացակումած հայտարությամբ, ուր պառճառաբանում է իր քայլը. «Ամեն ինչ կտայի, որ այդ չարաբաստիկ երեկոյան լինեի այնտեղ, բռնեի երիտասարդների վրա բարձրացող բռունցքները, կանգնեցնեի այս դժբախտությունը, որ կյանք խլեց, ընտանիքներ կործանեց, երեխաներ որբացրեց: Ամեն ինչ կտայի այս ամենը հետ պտտելու համար: Բայց չեմ կարող: Վահեն արդեն չկա: Ու ես դրանով պետք է ապրեմ: Ու պետք է նայեմ նրա ընտանիքի անդամների աչքերին: Չգիտեմ ոնց: Ասում են ամեն ինչ օրենքով պիտի լինի. վստահ եմ օրենքով կլինի, 100 մեղավոր կլինի, 100 պատիժ կլինի: Բայց հարցը միայն օրենքը չի: Հարցը շատ ավելի բարդ է: Ու ես դա շատ լավ եմ հասկանում: Հիմա շատերն են մեղադրում ինձ, նույնիսկ բաների համար, որ ինձ հետ կապ չունեն կամ հորինված են. երեւի իրավունք ունեն: Բայց իմ առաջին մեղադրողը հենց ես եմ: Ես պիտի կանխեի նման դժբախտությունը ու չեմ կարողացել դա անել: Ես ինձ չեմ ներում, ու չգիտեմ ոնց պիտի ներում հայցեմ: Այս պահին ես հայտարարում եմ, որ բարոյական պարտավորություն եմ զգում եւ վայր եմ դնում Ազգային Ժողովի պատգամավորի իմ մանդատը»:

«Հարսնաքարի» դեպքից, մանավանդ Վահե Ավետյանի մահվանից հետո, հասարակական մեծ ընդվզում  բարձրացավ: Հանրությունը պահանջեց եւ պահանջում է պատժել ոչ միայն երիտասարդ բժշկին ծեծելով սպանած մարդկանց, այլեւ իրավական, քաղաքական ու բարոյական պատասխանատվության ենթարկել Ռուբեն Հայրապետյանին: Օր-օրի ընդվզման ալիքը մեծանում էր, եղան ինքնադատաստանի դիմելու կոչեր ու փորձեր: Այդ ողջ ընթացքում, թե՛ Ռուբեն Հայրապետյանը, թե՛ նրա անմիջական ղեկավար Սերժ Սարգսյանը լռում էին (Ռ.Հայրապետյանը դեպքից հետո ընդամենը հայտարարել էր, թե ինքը չի միջամտելու նախաքննությանը եւ մեղավորները անպայման կպատժվեն, ինչը ինքնին աբսուրդ հայտարարություն էր. այսինքն, կարող էր եւ միջամտե՞լ):

Ռուբեն Հայրապետյանը պատգամավորական մանդատից հրաժարվելու մասին հայտարարեց նախագահական նստավայր այցելելուց եւ Սերժ Սարգսյանի հետ ինչ-ինչ հարցեր քննարկելուց հետո: Սա նշանակում է, որ նա նման որոշում ընդունեց ոչ թե ինքնուրույն, հանրության առաջ բարոյական ու այլ տեսակի պատասխանատվություն ունենալու գիտակցումով, այլ բոլոր հարցերը միանձնյա լուծող շեֆի ցուցումով, հանձնարարությամբ կամ ճնշումով:

Սերժ Սարգսյանի ցուցումը, հանձնարարությունը կամ ճնշումը եղավ հասարակական պարտադրանքի ներքո: Եթե չլիներ այդ պարտադրանքը, Սերժ Սարգսյանը երբեք նման հարց չէր դնի իրեն հավատարիմ օլիգարխի առաջ, վերջինս էլ վայր չէր դնի մանդատը: 2013 թվականի նախագահական ընտրություններին ընդառաջ գնացող ՀՀԿ առաջնորդը ընդառաջ գնաց հասարակական պարտադրանքին, փորձելով նաեւ դրանից ինչ-որ դրական երանգ ապահովել իր կերպարի համար: Հանրային որոշ շրջանակներ անմիջապես որսացին այդ փորձի ներքին նրբերանգները, աչքի առաջ ունենալով Գագիկ Բեգլարյանի պարտադրված հրաժարականը Երեւանի քաղաքապետի պաշտոնից ու վերադարձը նախարարական աթոռին:

Հետաքրքիր են նաեւ քաղաքական շրջանակների արձագանքները Ռ.Հայրապետյանի «մանդատազրկմանըե: ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանի համոզմամբ, Հայրապետյանը շտապողականություն է դրսեւորել, չսպասելով դատական համակարգով խնդիրների լուծմանը. «Ես այս պահին չեմ կարծում, որ դա ճիշտ որոշում է, պետք չէր շտապել, այդ մանդատը Հայրապետյանին ժողովուրդն է տվել։ Բայց նաեւ գնահատելի եմ համարում, քանի որ ամենահուզված անձնավորությունը եղելությունների առումով ինքն էր։ Կարծում եմ՝ փորձել է բարոյական քայլ կատարել»:

Իսկ ահա ՀՅԴ ներկայացուցիչ Վահան Հովհաննիսյանը Ռուբեն Հայրապետյանի մանդատը վայր դնելու հարցը ճիշտ է համարում. «Ի վերջո մանդատը վայր դնելու հարցը պատիժ չէ, դա բարոյական ոլորտից է։ Այս պահին մենք ունենք մեղավորություն բարոյական ոլորտում, որն ինքը` Ռուբեն Հայրապետյանն ընդունում է ու բարոյական ոլորտում էլ կատարվել է մանդատը վայր դնելու իր քայլը»։

Այսինքն, եթե Գալուստ Սահակյանը ընդհանրապես այդպես էլ չի ընդունում Ռ. Հայրապետյանի մեղավորության փաստը, ապա Վ.Հովհաննիսյանը առայժմ շեշտադրում է պատասխանատվության բարոյական կողմը:

Մինչդեռ «Հարսնաքարի» դեպքերի առնչությամբ ստեղծված քաղաքացիական շարժումը բարոյական ու քաղաքական պատասխանատվության հետ մեկտեղ պահանջում է քրեական պատասխանատվության ենթարկել այդ ողբերգական դեպքի հետ անմիջական կապ ունեցող Ռուբեն Հայրապետյանին:

Համլետ Կիրակոսյան
«Ասպարեզ»

Комментариев нет:

Отправить комментарий