Հայ հանրությունը վրդովված է: Ցասման ու բողոքի աներևակայելի ալիք է բարձրանում հասարակության մեջ՝ ընդդեմ գազանային իրականության ու բարքերի: Հունիսի 29-ի երեկոյան հիվանդանոցում մահացավ հունիսի 17-ին Աժ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանին (նեմեց Ռուբո) պատկանող «Հարսնաքար» ռեստորանում դաժանորեն ծեծի ենթարկված բժիշկ Վահե Ավետյանը: Մահացավ ոչնչի համար, չնչին առիթի պատճառով. նրա մարզական հագուկապը դուր չէր եկել ռեստորանի աշխատակիցներին ու նրանց տերերին: Ու վերջիններս ծագած վիճաբանությունը լուծել էին իրենց ձևով՝ գազանաբար, թուրքավարի: Ռեստորանի անվտանգության աշխատակիցներն ու Ռ. Հայրապետյանի թիկնապահները՝ 10-15 հոգի, դաժանորեն ծեծել էին Վահեին ու նրա ընկերներին:
Այս դեպքը մեծ աղմուկ էր բարձրացրել հասարակական-քաղաքական շրջանակներում. հարուցվել է քրեական գործ, ձերբակալվել 7 հոգի, այդ թվում՝ նեմեց Ռուբոյի թիկնազորի անդամներ: Հենց առաջին օրերից իրավապահները փորձում էին ծածկադմբոց անել այդ փաստը և տեղի ունեցածը հեռու պահել Հայրապետյանից: Սակայն Ֆեյսբուք սոցիալական ցանցում ստեղծված «Պահանջում ենք պատժել «Հարսնաքարում» տեղի ունեցածի բոլոր մեղավորներին» խմբի անդամները և փաստով մտահոգված հանրությունն ի սկզբանե այդ դեպքի ողջ պատասխանատվությունը դրեցին Ռ.Հայրապետյանի վրա՝ անկախ այն բանից, նա այդ պահին եղե՞լ է ռեստորանում, թե՝ ոչ, նա՞ է հրահանգել ծեծել բժիշկներին, թե՝ ոչ:
Ռուբեն Հայրապետյանն իր վարք ու բարքով խորհրդանշում է հարցերը բռնությամբ, ծեծ ու ջարդով լուծելու, հասարակ քաղաքացիների վրա ու նրանց կարծիքի վրա ՙթքած ունենալու՚, իրեն ցինիկաբար պահելու, լրագրողներին վիրավորելու ու հայհոյելու, իրեն օրենքից վեր դասելու և անպատիժ մնալու մերօրյա իրականության պատկերը: Քանի-քանի անգամ է նա հրապարակայնորեն հայտարարել, որ ծեծելն իր համար հարցերը լուծելու ամենաընդունելի միջոցն է. ՙՉգիտե՞ք ես ինչ պիտի անեմ` պիտի պատժեմ, ծեծեմ, որ ասեն` ջութակ է նվագել, այ, էդ ժամանակ զարմացեք՚,- սա լրագրողներին Ռուբեն Հայրապետյանի՝ բառացի ասած խոսքերից մեկն է: Ճիշտ է, տվյալ դեպքում խոսքը վերաբերում է թմրամոլներին ու թմրանյութեր տարածողներին ծեծելուն, բայց դա էական չէ երևույթի գնահատման առումով: Մարդն հրապարակայնորեն բացահայտում է իր վարվելակերպն ու գործողությունները: Եվ այսպես խոսում է ոչ թե մի շարքային քաղաքացի՝ իր առօրյա զրույցներում, այլ ԱԺ-ի պատգամավոր, իշխող կուսակցության քաղխորհրդի անդամ՝ հրապարակային ասուլիսում:
ՙՀարսնաքարի՚ դեպքերի դեմ ընդվզող քաղաքացիները պահանջում են ոչ միայն պատժել մեղավորներին, այլև Ռուբեն Հայրապետյանին զրկել պատգամավորական մանդատից: Հունիսի 30-ին հարյուրավոր քաղաքացիներ Վահե Ավետյանի հիշատակին նվիրված մոմավառություն էին կազմակերպել ՙՀարսնաքարի՚ մոտ, որը վերածվել էր բողոքի ակցիայի՝ ընդդեմ Ռուբեն Հայրապետյանի. ՙՕլիգարխ մարդասպան՚, ՙՀանցաքար՚, ՙՍպանդանոց՚. այսպիսի գրություններ են մարդիկ թողել ռեստորանի մոտ, որտեղ այդ պահին տեղի էր ունենում հարսանիք (իսկ նախորդ՝ Վահե Ավետյանի մահվան օրը, այնտեղ հրավառություն էր):
Հաջորդ օրը բողոքի ակցիան շարունակվել է նախագահական նստավայրի մոտ, թեև Սերժ Սարգսյանն այդ ժամանակ հանրապետությունում չէր, նույն Ռուբեն Հայրապետյանի հետ մեկնել էր Կիև՝ ըմբոշխնելու ֆուտբոլի Եվրոպայի առաջնության եզրափակիչը: Նախագահական նստավայրի դիմաց, բնականաբար, կազմ ու պատրաստ են եղել վահաններով և սաղավարտներով զինված հատուկ ջոկատայիններն ու ոստիկանները: Ցուցարարները պարզել են ՙՉեք մարսելու՚, ՙՅուրաքանչյուրս Վահե Ավետյան ենք՚ գրություններով պաստառներ, հետո վանկարկել՝ ՙՍերժիկ հեռացիր՚, «Սերժիկ մարդասպան»: Հատկանշական է, որ բողոքի ակցիաներին մասնակցել են ոչ միայն քաղաքացիական շրջանակների, այլև քաղաքական ուժերի ներկայացուցիչներ՝ Կոնգրես, ՙԺառանգություն՚, ՀՅԴ, ՙՍարդարապատ՚ շարժում, բնապահպան ակտիվիստներ, ինչը աննախադեպ միասնականություն ու ակտիվություն կարող է հաղորդել այս շարժմանը:
Հուլիսի 1-ի գիշերն ու առավոտյան Հարսնաքարի հետ կապված նոր, անսպասելի դեպքեր տեղի ունեցան: Գիշերը, ժամը 2.15-ի սահմաններում, պայուսակով ռեստորան է մտել ՀՀ Զինված ուժերի փոխգնդապետ, ըստ որոշ տեղեկությունների՝ մայրաքաղաքային գնդի հրամանատարի տեղակալ, 39-ամյա Վարդան Սամվելյանը և սպառնացել, որ պայթեցնելու է համալիրը։ Նա պահանջել է հանդիպել ռեստորանի անվտանգության աշխատակիցների հետ: Դեպքի վայր են ժամանել ոստիկաններ: Մոտ երեք ժամ ոստիկանության օպերատիվ-քննչական խումբը բանակցություններ է վարել Վ. Սամվելյանի հետ, ինչի արդյունքում, կարողացել են վնասազերծել նրան և տեղափոխել ոստիկանություն։ Ի դեպ, նրա հայրն ու եղբայրը բարձրաստիճան ոստիկաններ են: Պայուսակում հայտնաբերվել է 3 հատ 400 գրամ, 2 հատ 200 գրամ, 1 հատ 25 գրամ տրոտիլ, 2 նռնակ, 40 հատ 9 մմ տրամաչափի փամփուշտ, կրակատար քուղ՝ 8 հատ պայթուցիչներով, արձակման համակարգ, 1 հատ լուսային ազդանշանային հրթիռ, 2 ծալովի դանակ եւ 1 «Սամսունգ» տեսակի բջջային հեռախոս։ Հարուցվել է քրեական գործ, որը վարում է քննչական գլխավոր վարչությունը
Այս դեպքի առթիվ հասարակական շրջանակներում հնչում են տարբեր կարծիքներ: Որոշ մասը ոգևորված ողջունում է փոխգնդապետի քայլը, գտնելով, որ ՙհամբերության բաժակը՚ լցվել է, և ահա հայտնվեց մեկը, ով իր վրա համարձակություն վերցրեց պատժել հասարակության համար անեծք դարձած հաստավիզներին: Հասարակության մի այլ հատված չի արդարացնում այդ գործողությունը՝ դա համարելով չմտածված քայլ, քանի որ չի կարելի բռնությանը բռնությամբ պատասխանել: Կարծիքներ են հնչում նաև, որ փոխգնդապետի արարքը կազմակերպված է իշխանությունների, այդ թվում նաև Ռ. Հայրապետյանի կողմից՝ հանրության դժգոհությունը մարելու, ուշադրությունը շեղելու և իրադարձությունների ընթացքն իրենց համար ցանկալի հունով տանելու համար:
Դժվար է ասել, թե սրանցից ո՞ր մեկն է իրականությանը մոտ...Սակայն, անկախ դրանից, համբերության բաժակն, իրոք, լցվել է և ամեն ինչ սպասելի է…
ՀԱՄԼԵՏ ԿԻՐԱԿՈՍՅԱՆ
«Շրջապատ»
Комментариев нет:
Отправить комментарий