Избранное сообщение

Գաբրիել Գարսիա Մարկես. Մտքեր

1.Ես քեզ սիրում եմ ոչ նրա համար, թե ով ես դու, այլ նրա համար, թե ով եմ ես, երբ քո կողքին եմ: 2. Ոչ մեկը արժանի չէ քո արցունքներին: Իսկ ...

четверг, 10 ноября 2011 г.

Ի՞ՆՉԸ ԿԱՄ Ո՞Վ ԿԱՐՈՂ Է ԱԶԴԵԼ ՀՀԿ-ԲՀԿ ՓՈԽՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎՐԱ

Հայաստանի հասարակական-քաղաքական շրջանակներն այս օրերին լարված սպասումով են հետեւում ՀՀԿ-ԲՀԿ փոխհարաբերությունների զարգացմանը: Ի վերջո ի՞նչ հանգուցալուծում է ստանալու այս երկու իշխանական կուսակցությունների միջեւ ի հայտ եկած  հերթական բազարը՚: Այդ փոխհարաբերություններն այս կերպ անվանելու բոլոր հիմքերը կան, քանի որ հայաստանյան քաղաքական իրականությունն ընդհանրապես, իշխանական դաշտը մասնավորապես՝ դրանց ներսում տեղի ունեցող շատ դեպքերում ապաքաղաքական անցուդարձով, ամբողջովին համապատասխանում են ՙբազար՚ կոչվելու կարգավիճակին:



Ի՞նչ վատ «բազար» է այն, որ Սերժ Սարգսյանը ժամանակ առ ժամանակ վերջնագիր է ներկայացնում Գագիկ Ծառուկյանին կողմնորոշվելու համար՝ նախագահական ընտրություններում պաշտպանելու՞ է իրեն, թե՝ չէ: Նման բան տեղի ունեցավ նաեւ այս տարվա սկզբին, երբ կայանալու էր ԲՀԿ համագումարը, եւ ՀՀԿ-ն երկու ոտքը մեկ կոշիկի մեջ դրած՝ Ծառուկյանի կուսակցությունից պահանջում էր հրապարակային պատասխան Սերժ Սարգսյանին աջակցելու հարցի վերաբերյալ: Այդ ժամանակ ԲՀԿ-ն ինչ-որ կերպ ՙփափկեց՚, հայտարարեց այն, ինչ ցանկանում էր լսել ՀՀԿ-ն ու կնքվեց կոալիցիոն նոր համաձայնագիրը, որը, ի դեպ, իր մեջ հակասահմանադրականության էլեմենտներ էր պարունակում: Սակայն դա ոչ մեկի ՙվեջն՚ էլ չէր, կարեւորն այն էր, որ Գագիկ Ծառուկյանից սպասված խոստումը կորզված էր: Ընդ որում, Ծառուկյանը ՙփափկեց՚ այն հիմնավորմամբ, թե գործող նախագահի շուրջ համախմբվելը պայմանավորված է այն մարտահրավերներով, որոնց առաջ կանգնած է Հաաստանը:


Հետաքրքիր է, որ այն ժամանակ եւս, ինչպես հիմա, քաղաքական դաշտում ակնհայտ ակտիվության նշաններ  էր ցույց տալիս Ռոբերտ Քոչարյանը: Իսկ երբ Քոչարյանն ակտիվանում է, անկախ ամեն ինչից, նրա անունը հոլովվում է ԲՀԿ-ի անվան կողքին, կամ ԲՀԿ-ինը՝ Քոչարյանի: Այդ հերթականությունն այնքան էլ կարեւոր չէ: Փաստն այն է, որ այս երկու քաղաքական միավորները մշտապես դիտարկվում են նույն հարթության մեջ: Ուզենք, թե չուզենք:


Այսպիսով. ի՞նչ է ուզում Սերժ Սարգսյանը Գագիկ Ծառուկյանից եւ ինչու՞ է ուզում: Առաջին հարցի պատասխանը որեւէ ենթատեքս չի պարունակում ու ակնհայտ է: Ս.Սարգսյանը ցանկանում է, որ ինչքան հնարավոր է շուտ Գ. Ծառուկյանը հայտարարի  2012 թվականի նածագահական ընտրություններին իր կողքին լինելու ու իրեն աջակցելու մասին: Ուրեմն, սա ՙի՞նչ է ուզում՚ հարցի պատասխանն է: Մի փոքր ավելի բարդ է երկրորդ՝ ՙինչու՞ է ուզում՚ հարցն ու դրա պատասխանը: Ոչ միայն բարդ է, այլեւ մշուշապատ ու հարցականներով լեցուն: Բանն այն է, որ արդեն մեկ անգամ Գ. Ծառուկյանը, անկախ այն բանից՝ հոժարակամ, թե ստիպված, հայտարարել է Սերժ Սարգսյանին սատարելու մասին: Խոսքը նորից ԲՀԿ համագումարյան հայտարարության ու կոալիցիոն վերջին հուշագրի մասին է:


Ուրեմն, եթե մարդն արդեն հայտարարել է ցանկալի աջակցության մասին, էլ ինչ կարիք կա երկրորդ անգամ դա պահանջել: Սրանից կարելի է միայն այն ենթադրությունն անել, որ առաջին հայտարարությունը, ըստ էության, Սերժ Սարգսյանին չի բավարարում, ու նա պահանջում է երկրորդել, հարկ եղած դեպքում նաեւ երրորդել այն: Սա իր հերթին նշանակում է, որ ՀՀԿ առաջնորդը, այնուամենայնիվ, այնքան էլ վստահ չէ, որ մինչեւ 2012 թվականը Գ. Ծառուկյանը կանգնած կլինի իր կողքին: Մանավանդ այսօր ընթացող ու հեռանկարում սպասվող ներքաղաքական գործընթացները նման հիմքեր տալիս են:


Իր վերջին հարցազրույցում Ծառուկյանն հստակորեն հասկացնել տվեց, որ առաջիկա խորհրդարանական ընտրություններին ԲՀԿ-ն մասնակցելու է առանձին: Հիշենք, որ վերեւում մատնանշված հուշագրում կոալիցիոն կուսակցություններն արձանագրել էին, որ անկախ խորհրդարանական ընտրություններին մասնակցության ձեւաչափից, իրար մրցակից չեն համարում եւ պահպանելու են ԱԺ-ում այսօր առկա տեղերի համամասնությունը (հենց այս կետն էր այդ հուշագրի՝ վերը հիշատակված հակասահմանադրականությունը): Իր ներկայիս հարցազրույցում Գագիկ Ծառուկյանը եւս մեկ անգամ հայտարարեց, որ որեւէ մեկին իրենց թշնամի չի համարում եւ կարեւորում է համազգային համախմբվածությունը ճգնաժամից դուրս գալու համար:


Ինչքան էլ կոալիցիոն կուսակցությունները, հատկապես ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն, հայտարարեն, թե խորհրդարանական ընտրություններում իրար մրցակից չեն, կամ էլ մղելու են քաղաքակիրթ պայքար, չպետք է այդ հավաստիացումները ՙհալած յուղի՚ տեղ ընդունել: Այս երկու կուսակցությունների միջեւ թեժ, մինչեւ իսկ կոշտ պայքար լինելու է (հիշենք 2007-ի խորհրդարանական ընտրությունները):  Կոշտ պայքարը կարող է փափուկ երանգներ ստանալ միայն մի դեպքում. եթե Հայ ազգային կոնգրեսը իր հզորությամբ հավակնի լիակատար հաղթանակ տանել ընտրություններում: Սա քաղաքական դաշտի ընդդիմադիր հատվածի հիմնական դերակատարություն ունեցող ուժի՝ Կոնգրեսի մասով, որը կարող է ինչ-որ կերպ ազդել ՀՀԿ-ԲՀԿ փոխհարաբերությունների վրա:


Այդ ազդեցությունը կարող է ավելի մեծ լինել` կապված Ռ. Քոչարյանի հետ: Թերեւս հենց այս գործոնն էլ առավել մտահոգում է Սերժ Սարգսյանին եւ ստիպում օր առաջ ստանալ Գ. Ծառուկյանի հավաստիացումը իր հետ լինելու մասին: Քոչարյանն այս իմաստով Սարգսյանի համար առավել մեծ վտանգ է ներկայացնում, քան Լ.Տեր-Պետրոսյանը: Խոսքը վերաբերում է ոչ թե այն բանին, որ Քոչարյանն իրենից քաղաքական լուրջ գործոն է ներկայացնում, այլ նրան, որ երկրորդ նախագահը կարող է խառնել նախագահական երկրորդ ժամկետին գնալու սարգսյանական բոլոր ծրագրերը: Քոչարյան-ԲՀԿ դուետը կարող է լուրջ գլխացավանք դառնալ Ս. Սարգսյանի համար՝ ներիշխանական հնարավոր հեղաշրջում իրականացնելու առումով: Ինչքան էլ փոքր լինի դրա հավանականությունը, ՀՀԿ առաջնորդը չի կարող նման հեռանկարից ապահովագրված զգալ իրեն: Հակառակ պարագայում, Սերժ Սարգսյանի ու ՀՀԿ-ի ինչին էր պետք Գագիկ Ծառուկյանի հավաստիացումը, եթե նրանք արդեն տարիներ շարունակ փաստացի մեծամասնություն են կազմում խորհրդարանում, եւ ինչպես համոզված են՝ առաջիկայում եւս կազմելու են: Ուրեմն, այնքան խախուտ է այդ մեծամասնություն ունենալու կարգավիճակն ու այդ հասկացությունն ինքնին, որ Սերժ Սարգսյանն ունի Ծառուկյանի կարիքը:


Իսկ ունի արդյո՞ք Ծառուկյանը Սարգսյանի կարիքը: Այս օրերին, ըստ շրջանառվող տեղեկությունների, հարկայինը ստուգումներ է անցկացնում Ծառուկյանին, ինչպես նաեւ Քոչարյանին պատկանող ձեռնարկություններում: Ըստ էության, սրանք ՙքաղաքական՚ ստուգումներ են, ինչով Սերժ Սարգսյանն ուզում է ցույց տալ, որ ցանկացած օլիգարխ, լրացուցիչ գլխացավանքներից խուսափելու համար, ունի իր կարիքը: Ինչքանո՞վ Ծառուկյանը ականջալուր կլինի իրեն լավ հայտնի այս ՙկանոնին՚՝ պարզ կլինի շատ մոտ ապագայում…


Համլետ Կիրակոսյան

Комментариев нет:

Отправить комментарий