Избранное сообщение

Գաբրիել Գարսիա Մարկես. Մտքեր

1.Ես քեզ սիրում եմ ոչ նրա համար, թե ով ես դու, այլ նրա համար, թե ով եմ ես, երբ քո կողքին եմ: 2. Ոչ մեկը արժանի չէ քո արցունքներին: Իսկ ...

понедельник, 21 ноября 2011 г.

ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆԻ ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՈՒ ՍԿԱՆԴԱԼՆԵՐԸ


Մինչ քաղաքական ուժերն առաջիկա պայքարից առաջ իրենց մարտավարական քայլերն են մտմտում, տեղի ունեցան մի քանի իրադարձություններ, որոնք բացահայտում են հայաստանյան իրականության մի քանի բնորոշ կողմերը: Այդ իրադարձություններից մեկը, չնայած իր տեղային նշանակությանը, հեռանկարի տեսակետից կարող է կարեւորագույն ազդակ լինել քաղաքական ընդհանուր գործընթացի համար: Խոսքը Իջեւանի քաղաքապետի ընտրության մասին է:

Այստեղ ընտրական պայքարի մեջ էին մտել երկու իշխանական կուսակցությունների՝ ՀՀԿ-ի ու ԲՀԿ-ի ներկայացուցիչները, որոնք ինչքան էլ հանդիսանան կոալիցիոն գործընկերներ, այնուամենայնիվ անհաշտ մրցակիցներ են լինելու առաջիկա համապետական ընտրությունների ժամանակ: Այդ ներքին անհաշտությունը միշտ էլ եղել է, սակայն ՙխաղաղ՚ ժամանակներում իր դրսեւորումն է ստացել դիվանագիտական քողի տակ: Ընտրություններում այդ դիվանագիտությունը նահանջելու է՝ իր տեղը զիջելով կոշտ ու բաց պայքարին…

Իջեւանում ձայների գերակշիռ մեծամասնությամբ հաղթանակ տարավ ԲՀԿ ներկայացուցիչը: Որքան էլ ՀՀԿ-ի ղեկավարներն այսօր շնորհավորեն մրցակցի հաղթանակը եւ ձեվ անեն, թե, ինչ է եղել, ամեն ինչ նորմալ է, կայացել են սովորական ընտրություններ եւ լավ աշխատած թեկնածուի թիմը հաղթել է, սակայն նրանք մտահոգվելու խնդիր ունեն. եթե առանձին վերցված մի քաղաքում ՀՀԿ-ն այսօր պարտվում է, դա վաղը կարող է լինել նաեւ հանրապետության առանձին վերցված շատ համայնքներում:

Ընդ որում՝ մտահոգվելու մեկ այլ առիթն էլ այն է, որ այդ պարտության ձեւակերպմանը իրենց որոշակի մասնակցությունը բերեցին ընդդիմադիր դաշտի քաղաքական ուժերի (ՀՅԴ, ՀԱԿ, Ժառանգություն) տեղական կառույցները: Որքան էլ ՀԱԿ-ի ու Ժառանգության պատասխանատուները հայտարարեն, թե իրենք ԲՀԿ թեկնածուին սատարելու քաղաքական որոշում չեն ունեցել (միայն ՀՅԴ-ն է այդպիսի որոշում ունեցել), դա ընդամենը ձեւական հայտարարություն է. փաստն այն է, որ մի քանի քաղաքական ուժերի ընդհանուր ջանքերի շնորհիվ ՀՀԿ-ն չկարողացավ իր ավանդական  մեթոդի միջոցով՝ ընտրակեղծիքներով հաղթանակ տանել: Նշանակում է, քաղաքական կամքի, ներքին տարաձայնությունները մի կողմ դնելու, հին հաշիվները ժամանակավորապես մոռանալու ու ցանկության դեպքում, ընդդիմությունը կարող է վերահսկելի դարձնել ընտրական գործընթացները եւ թույլ չտալ ՀՀԿ-ին կեղծել ընտրություններն ու զբաղվել թվանկարչությամբ:

Մինչ այդ՝ ՀՀԿ-ն մտահոգվելու այլ խնդիրներ էլ ունի: Այս կուսակցության առանձին ներկայացուցիչներ չեն դադարում հայտնվել սկանդալների կենտրոնում. հանրապետական վարչապետւ ճոճվող ՙսֆաթով՚ ու կակազող լեզվով ելույթ է ունենում հանրային միջոցառման ժամանակ, ՀՀԿ-ական նախարարը խորհրդարանում բյուջետային քննարկումների նիստում համակարգչով շարիկ է գլորում, ՀՀԿ-ական մարզպետն էլ օրը ցերեկով, հանրային վայրում կին է ծեծում:

Այն, որ հանրապետականների մեծ մասի համար տարատեսակ սկանդալների կենտրոնում հայտնվելը արտառոց չէ, ընդհակառակը՝ այս կուսակցության համար սովորական երեւույթ է, նորություն չէ: Նման բազմաթիվ դեպքեր են եղել, ՀՀԿ-ն ունի իր զտարյուն ու մշտական սկանդալիսները, որոնց օրը օր չի եղել իրենց վարքի պատճառով հանրության ուշադրության կենտրոնում հայտնվելու համար: Սակայն գնալով հանրապետական սկանդալիսների շրջանակը ընդլայնվում է՝ համալրում ստանալով ավելի բարձրաստիճաններով ու ՙինտիլիգենտներով: Լֆիկ Սամոն ու ալրաղացի Լյովը ՙգլուխը քարն են տտվել՚: ՙԻնտիլիգենտ՚ վարչապետի ՙկայֆոտ՚ դեմքն ու ՙկապ ընկնող՚ լեզուն ինչ ասես արժեն: Ումից է պակաս: Ինչու՞ ինքն էլ չպետք է դառնա ՙքյաբաբային՚ կուսակցության օրգանական մասնիկը: Իհարկե, խոսքը գինովցած լինելուն չի վերաբերում: Բոլորս էլ նման վիճակներում հայտնվում ենք՝ մի քիչ ավել, մի քի պակաս: Հարցն այն է, թե հանրապետության թիվ երրորդ պաշտոնյան ինչպես կարող է՝ քիչ է թե հանրային վայրում հայտնվի նման վիճակով, դեռ մի բան էլ ժողովրդին հիմարի տեղ դնի, իր պապի հեքիաթները պատմի ու ամբողջ ՙմեղքը՚ գցի տեխնիկայի վրա: Ինքը ոչ մի կաթիլ չի խմել, էդ անտեր կամերան է մի քանի գրամ ալկոհոլ խառնել իր պատկերով տեսաերիզին, այդ տեսաերիզն էլ հարբած-հարբած հայտնվել է էկրաններին: Իսկական տեխնիկական ու ալկոհոլային դավադրություն խեղճ վարչապետի դեմ:


Հանրությունը դեռ չէր մարսել Տիգրան Սարգսյանի ալկոհոլային արկածները, երբ Ազգային ժողովի նիստի ժամանակ սկսեց ՙշարիկ գլորել՚ Էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը: Այստեղ տեխնիկայի մատն էլի խառն էր: Նախարարը մեղավոր չէ, նրան գայթակղել է էլի էդ անտեր տեխնիկան՝ համակարգչային խաղը: Ձանձրացնող բյուջեի ոչինչ չասող քննարկման ժամանակ խեղճ մարդն  ինչպես կարող էր դիմանալ գույնզգույն շարիկների գայթակղությանը: Դժվար է, դժվար…


Էլ ավելի դժվար է Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյան-Լիսկայի գործը: Վարչապետն ու էներգետիկայի նախարարը իրենց ՙկայֆին՚ արաղ են խմում ու շարիկ գլորում: Իսկ խեղճ Լիսկան օրը ցերեկով, հանրապետության կենտրոնում, մարդկանց աչքի առաջ կին պետք է ծեծի: Այստեղ տեսա-ձայնախաբկանքի կամ գայթակղության էֆեկտը չի աշխատի: Կին, տղամարդ գայթակղության թեման եւս չի աշխատի, խոսքը ոչ միայն կնոջ, այլեւ գործարար կնոջ մասին է: Էս մեկն ինչպես արդարանա. ամենահեշտ տարբերակը՝ կարող է ասել, որ ոչ թե ինքը, այլ իրեն են ծեծել: Մեր դատարանների համար դրանից հեշտ բան չկա: Մի երկու վկա, հորինովի սյուժե ու ծեծված Լիսկա, ծեծող Սիլվա պատմությունը պատրաստ կլինի, վատագույն դեպքում՝ նախահարձակ Սիլվա…


Համլետ Կիրակոսյան 

Комментариев нет:

Отправить комментарий