Избранное сообщение

Գաբրիել Գարսիա Մարկես. Մտքեր

1.Ես քեզ սիրում եմ ոչ նրա համար, թե ով ես դու, այլ նրա համար, թե ով եմ ես, երբ քո կողքին եմ: 2. Ոչ մեկը արժանի չէ քո արցունքներին: Իսկ ...

воскресенье, 27 ноября 2011 г.

ՄԵՍԻՋՆԵՐ ԳԱԳԻԿ ԾԱՌՈՒԿՅԱՆԻՆ


Հայաստանում ներքաղաքական տարին փակվում է իր մեջ բավականաչափ ինտրիգներ պարունակող վիճակով: Այդ ինտրիգն արդեն իսկ առկա էր վերջին շրջանում ՀՀԿ-ԲՀԿ փոխհարաբերությունների տեսքով: Դրան, այսինքն՝ ինտրիգին մեկ շտրիխ, այն էլ մի մեծ շտրիխ ավելացրեց Լեւոն Տեր-Պետրոսյանը՝ նոյեմբերի 25-ի Կոնգրեսի հանրահավաքում ունեցած իր ելույթում: Պատահական չէ, որ ելույթի՝ ԲՀԿ-ին վերաբերող հատվածը, բուռն քննարկման առարկա է դարձել հասարակական-քաղաքական շրջանակներում:


Մինչ Լ.Տեր-Պետրոսյանի ելույթն էլ, վերջին շրջանում ՀՀԿ-ԲՀԿ փոխհարաբերությունների շուրջ բավականին ուշագրավ իրադարձություններ էին տեղի ունենում: Ընդ որում, այդ իրադարձությունները գնահատվում են խիստ տարբեր, անգամ իրարամերժ մեկնակետերից: Մի կողմից խոսվում է երկու կուսակցություների վերջնական առճակատման ու ՙամուսնալուծության՚, մյուս կողմից՝ հարաբերությունների ջերմացման, մինչեւ իսկ խորհրդարանական ընտրություններին միասնականան ցուցակով մասնակցելու մասին: Այս վերջին հարցն հատկապես այս օրերին լայնորեն է շրջանառվում, անգամ մամուլում լուրեր հայտնվեցին, թե Սերժ Սարգսյանն ու Գագիկ Ծառուկյանը հանդիպել եւ քննարկել են այս հարցը: Երկու կուսակցություններից էլ առայժմ ոչ հերքում, ոչ էլ հաստատում են նման պայմանավորվածությունը, նշելով, թե դա կքննարկվի ու որոշում կընդունվի կուսակցությունների քաղխորհրդներում:

Ուշագրավ է, որ հենց այս օրերին ՕԵԿ փոխնախագահ Հեղինե Բիշարյանն հայտարարեց, որ իրենք ընտրություններին մասնակցելու են առանձին եւ ավելացնելու են իրենց տեղերը խորհրդարանում: Այս հայտարարության երկրորդ մասին, իհարկե, չպետք է լուրջ մոտենալ, քանի որ ՕԵԿ-ը եթե անգամ ներկայիս չափով կարողանա տեղեր ունենալ, ապա պետք է անչափ գոհ լինի իր բախտից: Այստեղ խնդիրը ոչ անքան ՕԵԿ-ն ու իր բախտն է, որքան ընդհանուր առմամբ կոալիցիայի մասնակցության ձեւաչափի հարցը, քանի որ ներքաղաքական զարգացումները շատ բանով կախված են դրանից: Որքան էլ ՀՀԿ-ԲՀԿ նախընտրական դաշինքի հարցն այսօր անհավանական թվա, սակայն ամբողջությամբ դրա հնարավորությունը բացառել չի կարելի:


Լեւոն Տեր-Պետրոսյանն իր ելույթում բավականին ծավալուն անդրադարձ կատարեց այս թեմային՝ մի ուշագրավ միտք հայտնելով.ՙ Ի դեմս Բարգավաճի, ըստ էության, ուրվագծվում է քաղաքական շրջանակներում վաղուց ակնկալված Երրորդ ուժի ձեւավորումը, ինչը, սակայն, հակառակ բոլոր կանխատեսումների, տեղի է ունենում ոչ թե ընդդիմության դաշտում, այլ իշխանական ճամբարում՚։ Դժվար է ասել, ԲՀԿ-ին վերապահելով երրորդ ուժի դերը, առաջին նախագահը դրական, թե բացասական երանգավորում է տեսնում դրանում: Հետեւելով նրա խոսքի շարունակությանը, թերեւս դրական: Հենց այդ է նշանակում Կոնգրեսի առաջնորդի կանխատեսումները ԲՀԿ-ի հնարավոր քայլերի ու ճակատագրի վերաբերյալ: Ըստ նրա, եթե Գագիկ Ծառուկյանի կուսակցությունը, բավարարվելով կրտսեր եղբոր կարգավիճակով, խորհրդարանական ընտրություններին մասնակցի Հանրապետականների հետ կազմած միասնական ցուցակով, ապա իր դեմքն իսպառ կկորցնի: Նա ԲՀԿ-ի համար Էլ ավելի վատ ապագա է տեսնում այն պարագայում, եթե ՙԲարգավաճ Հայաստանը՚ հստակորեն չսահմանազատվի Ռոբերտ Քոչարյանից եւ այդպիսով չխուսափի 2008թ. մարտի 1-ին վերջինիս թափած արյան պատասխանատվության տակ ընկնելու վտանգից։ Այս պարագայում, Լեւոն Տեր-Պետրոսյանի դիտարկմամբ, ԲՀԿ-ի վարկանիշը պարզապես զրոյի կհավասարվի:


Կոնգրեսի առաջնորդի այս հայտարարությունների միտումն առավել քան պարզ է. հստակ մեսիջների միջոցով Գագիկ Ծառուկյանին առաջարկել հեռանալ ինչպես Ռոբերտ Քոչարյանից, այնպես էլ Սերժ Սարգսյանից: Նա հասկացնել է տալիս, որ առաջիկա զարգացումներում ինքը լուրջ քաղաքական գործոն է համարում ԲՀԿ-ին, հայտարարելով, թե ՙՀայ Ազգային Կոնգրեսի եւ Բարգավաճ Հայաստանի համագործակցությունն ի զորու է արմատապես փոխել քաղաքական ուժերի դասավորությունը եւ լուրջ երաշխիք դառնալ թե սահմանադրական կարգի վերականգնման, եւ թե ժողովրդի շահերից բխող անհրաժեշտ բարեփոխումների իրականացման համար։ Այն միաժամանակ հիմք կարող է հանդիսանալ ընդդիմադիր ուժերի ավելի լայն ճակատի ձեւավորման համար՚։


Այս հայտարարությունը բուռն քննարկումների առիթ դարձավ: Անգամ որոշ ընդդիմադիր լրատվամիջոցներ բացասաբար արջագանքեցին դրան, նշելով, թե Լեւոն Տեր-Պետրոսյանը անհույս վիճակից է համագործակցության առաջարկ անում ԲՀԿ-ին: Թերեւս նա պատկերացնում էր, որ իր հայտարարությունները հենց նման արձագանքի էլ կարժանանան եւ ելույթի այդ հատվածում նշել էր.ՙՀնարավոր շահարկումները կանխելու նպատակով հարկ եմ համարում ավելացնել, որ սա ոչ թե Բարգավաճ Հայաստանին ուղղված համագործակցության առաջարկ է, այլ ընդամենը քաղաքագիտական վերլուծություն կամ խորհելու նյութ, մանավանդ որ Կոնգրեսի եւ այդ կուսակցության միջեւ մինչ այժմ որեւէ շփում կամ նախնական քննարկում տեղի չի ունեցել՚։


Իհարկե, այս վերջինը հենց այնպես ասված խոսք է, գլխավորը ասված է վերեւում: Գլխավորը Գագիկ Ծառուկյանին ուղղված մեսիջներն են: Հիմա քայլը վերջինինս է: Եթե առաջ Գագիկ Ծառուկյանը խնդիր ուներ կողմնորոշվել Ռ.Քոչարյանի ու Ս.Սարգսյանի միջեւ, ապա հիմա ավելացավ նաեւ… Լ. Տեր-Պետրոսյանը:


Համլետ Կիրակոսյան


   

Комментариев нет:

Отправить комментарий