Избранное сообщение

Գաբրիել Գարսիա Մարկես. Մտքեր

1.Ես քեզ սիրում եմ ոչ նրա համար, թե ով ես դու, այլ նրա համար, թե ով եմ ես, երբ քո կողքին եմ: 2. Ոչ մեկը արժանի չէ քո արցունքներին: Իսկ ...

четверг, 28 июня 2012 г.

Հայաստանի քաղաքական եռանկյունին. իշխանություն, ընդդիմություն եւ ԲՀԿ


Հայաստանի քաղաքական դաշտում ստեղծվել է յուրօրինակ պատկեր. ՀՀԿ-ն ու ՕԵԿ-ը իշխանություն են, Կոնգրեսը, Ժառանգությունն ու Դաշնակցությունը՝ ընդդիմություն, իսկ ահա Բարգավաճ Հայաստանը ոչ իշխանություն, ոչ ընդդիմություն: Այս վիճակը պաշտոնական ձեւակերպում ստացավ նաեւ ԱԺ-ում. ՀՀԿ ու ՕԵԿ-ը կազմել են կոալիցիա ու ձեւավորել կառավարություն, ՀԱԿ-ը, ՀՅԴ-ն ու Ժառանգությունը, ըստ ԱԺ Կանոնակարգ-օրենքի, հայտարարել են իրենց ընդդիմություն լինելու մասին, իսկ ԲՀԿ-ն ոչ կոալիցիա է մտել, ոչ էլ հայտարարել ընդդիմություն լինելու մասին: Թե ինչ է ԲՀԿ-ն, միայն իրենք գիտեն: Թերեւս այս կուսակցության կարգավիճակի մասին մենք էլ կարող ենք որոշակի ձեւակերպումներ տալ, օրինակ, այսպիսիք. իշխանության մեջ ընդդիմություն կամ ընդդիմության մեջ իշխանություն: 

Այս կարգավիճակները ամբողջությամբ կարող են արտահայտել այն դիրքը, որ ԲՀԿ-ն գրավել է քաղաքական դաշտում: Պատահական չէ, որ որոշ վերլուծաբաններ ԱԺ-ում ուժերի դասավորվածությունը դասակարգում են հետեւյալ կերպ. իշխանություն, ընդդիմություն եւ ԲՀԿ: Սա հումորով ասված, բայց ճիշտ դիտարկում է: ԲՀԿ-ն սերտ կապեր ունի ինչպես իշխանության, այնպես էլ ընդդիմության հետ: Սերտ կապեր ասելով նկատի չունենք միայն անձնական-բարեկամական փոխհարաբերությունները. այդ կապերը նաեւ քաղաքական բնույթի են: 

Չնայած դե յուրե ԲՀԿ-ն կառավարության կազմում ներկայացուցիչ չունի, բայց բոլորիս է հասկանալի, որ սպորտի եւ երիտասարդության նախարարությունը դե ֆակտո ԲՀԿ-ի տիրույթում է, եւ դա չի թաքցվում: ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նորանշանակ նախարար Հրաչյա Ռոստոմյանը թեեւ հայտարարել է, որ դուրս է եկել ԲՀԿ-ից, սակայն ակնհայտ է, որ դա ընդամենը ձեւական դուրս գալ է. ՙՆշանակվելով սպորտի նախարար` ես ժամանակավորապես դադարեցնում եմ իմ անդամակցությունը ՙԲարգավաճ Հայաստան՚ կուսակցությանը: Այս նշանակումը զուտ մարզական է եւ որեւէ կապ չունի կուսակցության հետ,- հայտարարել է նախարարը եւ անմիջապես ավելացրել հետեւյալ կարեւոր ֆրազը,- Մյուս կողմից՝ ուզում եմ ընդգծել, որ ցանակացած պահի, երբ Գ. Ծառուկյանը կամ երկրի նախագահը դժգոհ կլինեն իմ աշխատանքից, ես անմիջապես հրաժարականի դիմում կներկայացնեմ, կվերադառնամ ՙԲարգավաճ Հայաստան՚ կուսակցության շարքեր ու կշարունակեմ իմ կուսակցական գործունեությունը՚: Այսինքն՝ նախարարը ենթարկվում է ոչ միայն Սերժ Սարգսյանին, այլեւ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին: Էլ ինչպե՞ս է լինում իշխանությունը: Եւ այստեղ կապ չունի նախարարության գործունեության տեսակն ու բնույթը: Չմոռանանք նաեւ, որ ԲՀԿ-ն հանձնաժողովի նախագահներ ունի նաեւ ԱԺ-ի հանձնաժողովներում, ինչը եւս, այնուամենայնիվ, իշխանական լծակներ են…

Սա ԲՀԿ-ի՝ ինչ-որ ձեւով իշխանության հետ կապ ունենալու եւ իշխանություն լինելու մասին: Հիմա՝ ԲՀԿ-ն որպես ընդդիմություն: Անցած շաբաթ խորհրդարանում քննարկվեց եւ ընդունվեց կառավարության ծրագիրը: Չենք ուզում խոսել վարչապետի ներկայացրած ծրագրի բնույթի, բովանդակության, առավելությունների (եթե, իհարկե, դրանք կան) եւ թերությունների (դրանք, հաստատ, կան, այն էլ՝ ՙմեշոկով՚) մասին: Միայն ասենք, որ ծրագրին տրված ՙմտադրությունների փաթեթ՚, ՙցանկությունների շարադրանք՚, ՙկենացների ժողովածու՚ արտահայտություններն ամբողջությամբ ու ճշգրտորեն բնութագրում են Տիգրան Սարգսյանի ու նրա թիմի ներկայացրած ծրագրի էությունն ու վերացական, կոնկրետությունից զուրկ բովանդակությունը: Չնայած դրան, կոալիցիոն խմբակցությունների դրական ձայները բավարար էին ծրագիրն ընդունելու համար: Ընդդիմադիր խմբակցությունները եւ ԲՀԿ-ն դեմ արտահայտվեցին ու, բնականաբար, դեմ քվեարկեցին ծրագրին՝ ներկայացնելով նաեւ իրենց փաստարկները: 

Կառավարության ծրագիրը ամենաքաղաքական ու սկզբունքային նշանակություն ունեցող օրինագիծն է, եւ դեմ քվեարկելով դրան՝ ԲՀԿ-ն ցույց է տալիս, թե ինքը համաձայն չէ Տիգրան Սարգսյանի վարչապետությանն ու ծրագրին եւ պատասխանատվություն չի կրում այդ ծրագրի համար, եթե անգամ այնպես ստացվի, որ ինչ-որ պահի Բարգավաճը, այնուամենայնիվ, մտնի կոալիցիա: Հիշենք, որ մեկ այլ սկզբունքային քվեարկության ժամանակ, երբ ընտրվում էր ԱԺ նախագահը, ԲՀԿ-ն կողմ քվեարկեց Հովիկ Աբրահամյանի թեկնածությանը:

Այսինքն՝ կարելի է ասել, որ ԲՀԿ-ն առավելապես ընդդիմություն է Տիգրան Սարգսյանին: Չմոռանանք, որ կոալիցիայի անդամ լինելու ընթացքում եւս ԲՀԿ-ն շատ անգամներ քննադատել ու ընդդիմացել էր Տիգրան Սարգսյանի վարած տնտեսական քաղաքականությանը եւ ներկայացրած ծրագրերին: Չմոռանանք նաեւ, որ մայիսի 6-ի ընտրություններից հետո, երբ ԲՀԿ-ն տեւական ժամանակ կողմնորոշվում էր կոալիցիա մտնել-չմտնելու շուրջ եւ բանակցություններ էր վարում Սերժ Սարգսյանի հետ, դրանց առանցքում գերանզանցապես, ըստ որոշ տեղեկությունների, եղել է վարչապետի նշանակման հարցը:

Համլետ Կիրակոսյան
«Շրջապատ»

Комментариев нет:

Отправить комментарий