Избранное сообщение

Գաբրիել Գարսիա Մարկես. Մտքեր

1.Ես քեզ սիրում եմ ոչ նրա համար, թե ով ես դու, այլ նրա համար, թե ով եմ ես, երբ քո կողքին եմ: 2. Ոչ մեկը արժանի չէ քո արցունքներին: Իսկ ...

суббота, 9 июня 2012 г.

ՏԻՄ ընտրությունները Գյումրիում դիտարժան են լինելու



Արդեն հայտնի է Գյումրիում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրության օրը. քաղաքապետի ու ավագանու ընտրությունները կայանալու են սեպտեմբերի 9-ին: Այսինքն` մնացել է ընդամենը երեք ամիս, եւ կարելի է ասել, որ արդեն քաղաքական ու հասարակական ուժերը նախապատրաստական աշխատանքներ են տանում այդ ընտրություններին մասնակցելու համար:

Հասկանալի է, որ ներպետական իմաստով առավել կարեւոր է, թե ով է լինելու Գյումրու քաղաքապետը: Սա ոչ միայն այն իմաստով, որ Գյումրին հանրապետության երկրորդ քաղաքն է եւ քաղաքական առումով էական է նրա դերակատարությունը երկրի կյանքում, այլեւ այն առումով, որ 2013 թվականին նախագահական ընտրություններ են եւ 50-60 հազար քվեի խնդիր կա, իսկ Հայաստանում, հայտնի է, որ նման խնդիրները մեծ մասմաբ լուծվում են համայնքապետերի միջոցով:


Եթե այս թեման արծարծվեր մինչեւ մայիսի 6-ի խորհրդարանական ընտրությունները, ապա շատ մեծ հարցականների առիթ չէր լինի: Մայիսի 6-ից առաջի իրավիճակում շատ բան հստակ էր եւ քիչ կարող էին լինել կասկածները, որ գործող քաղաքապետը Վարդան Ղուկասյանը կառաջադրվի եւ հեշտությամբ հերթական անգամ կհաղթի ընտրություններում:


Սակայն հիմա մայիսի 6-ից առաջ չէ եւ հարցականների առիթ կա: Այսօր իրավիճակ է փոխվել եւ փոխվել է խորհրդարանական ընտրությունների արդյունքում: Գյումրիում Վարդան Ղուկասյանի Հանրապետական կուսակցությունը պարտվեց «Բարգավաճ Հայաստանին»` վերջինիս զիջելով ամբողջ 12 հազար ձայնով: Մեծամասնական ընտրակարգում եւս Գյումրու մեծ մասը ընդգրկող թիվ 34 ընտրատարածքում ՀՀԿ-ի թեկնածու Արման Սահակյանը, ում ընտրարշավը, ըստ էության, ղեկավարում էր Վարդան Ղուկասյանը, պարտվեց ԲՀԿ-ի թեկնածու Մարտուն Գրիգորյանին: Այն նույն Մարտուն Գրիգորյանին, ում 2008 թվականի քաղաքապետի ընտրությանը Վարդան Ղուկասյանը հաղթել էր ոչ առանց մեծ դժվարության:


Արդեն մեկ ամիս մամուլում ու քաղաքական շրջանակներում Գյումրիում ՀՀԿ-ի պարտության փաստը կապում են Վարդան Ղուկասյանի անվան հետ: Ընդ որում, չեն դադարում խոսակցությունները, որոնց համաձայն` իշխանությունը եւ ՀՀԿ ղեկավարությունը դժգոհ են Վարդան Ղուկասյանից, ըստ ամենայնի, նրանք եւս պարտության պատասխանատու համարում են քաղաքապետին:
Այսպիսով, այսօր ունենք մի իրավիճակ, երբ Գյումրիում փաստացի մեծացել է ԲՀԿ-ական ազդեցությունը: Ու ահա այս իրավիճակում տեղի են ունենալու քաղաքապետի ընտրություններ: Վարդան Ղուկասյանը դեռ շատ վաղուց հայտարարել էր, որ նորից իր թեկնածությունը առաջադրելու է: Առանց հայտարարելու էլ հասկանալի էր, որ կառաջադրի: Թե այս հարցում ի՞նչ կարծիք ունի իշխանությունը, դժվար է ասել: Պարզ է մի բան. ՀՀԿ-ն կփորձի ամեն կերպ պահպանել Գյումրու քաղաքապետի պաշտոնը, որը, կրկնենք, լրացուցիչ լծակներ է նախագահական ընտրություններում մի քանի տասնյակ ձայն ապահովելու համար: Թե ու՞մ վրա է իշխանությունը դնելու խաղաքարտը եւ արդյո՞ք Վարդան Ղուկասյանի, պարզ կլինի մոտ ժամանակներում:



Գյումրիում քաղաքապետ ունենալու առավել քան լուրջ ակնկալիքներ ունի նաեւ ԲՀԿ-ն: Մայիսի 6-ի ընտրությունը այդ ակնկալիքները էլ ավելի առարկայական են դարձրել` աչքի առաջ ունենալով քաղաքի ԲՀԿ-ականացման մոտիվացիան: Մինչ վերջերս, որպես ԲՀԿ-ի հնարավոր թեկնածու, նորից շոշափվում էր Մարտուն Գրիգորյանի անունը: Սակայն այսօր շրջանառվում է մեկ այլ թեկնածուի անուն եւս. ԱԺ պատգամավոր, ընտրական թոհուբոհի մեջ թրծված Սամվել Բալասանյան: Երկու օր առաջ նա չի բացառել, որ հնարավոր է առաջադրվի Գյումրու քաղաքապետի պաշտոնում. «Վերջին ընտրությունները ցույց տվեցին, որ հասարակությունն ինձ վստահում է եւ այդ իսկ պատճառով ոչինչ բացառել պետք չէ, եւ ես էլ չեմ պատրաստվում բացառել: Ժամանակը կգա կտեսնենք. հնարավոր է եւ առաջադրվեմ»,-լրատվամիջոցներից մեկին ասել էր Սամվել Բալասանյանը, ակնարկելով ինչպես ԲՀԿ-ի, այնպես էլ իր հաղթանակը Աժ ընտրություններում:


Գյումրու քաղաքապետի ընտրությունը հանգուցային է ինչպես ներպետական, այնպես էլ տեղական, զուտ քաղաքային իմաստով: Վերջին իմաստով նույնքան կարեւոր է ավագանու ընտրությունը: Ավագանին, ըստ էության, տեղական ինքնակառավարման առումով լուրջ ինստիտուտ է` իր հստակ գործառույթներով ու հակակշիռներով: Այդ ինստիտուտը, ինչպես շատ բան, Հայաստանում դեռ կայացած չէ, համենայն դեպս, այսօր ավագանին դիտարկվում է որպես համայնքապետին կցորդ մարմին: Մինչ օրս ընտրված ավագանու անդամները իրենք են իրենց վերապահել «կցորդ» լինելու կարգավիճակը` կամ չգիտակցելով այդ մարմնի ամբողջական դերակատարության բովանդակությունը, կամ էլ` իրենց առջեւ խնդիր չդնելով գիտակցել դա ու ըստ ամենայնի իրականացնել օրենքով իրենց վերապահված գործառույթները: Նրանք այդ նպատակը չեն ունեցել` դառնալով ավագանու անդամ:


Սեպտեմբերի 9-ին ավագանու ընտրությանը մասնակցելու հայտ են ներկայացրել քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները` «Քաղաքը մերն է» անվանումը ստացած նախաձեռնությամբ: Նախաձեռնության անդամները շեշտադրում են ավագանու գործառույթների իրական հնարավորությունների մասին` քաղաքի կառավարման եւ արդյունավետ հակակշիռներ ստեղծելու տեսանկյունից: Նրանք չեն բացառում, որ ինչ-որ պահի կարող են առաջադրել նաեւ քաղաքապետի թեկնածու` կախված հնարավոր թեկնածուների գծագրվելիք կոնֆիգուրացիայից ու ներքաղաքական իրավիճակից:
Այնպես որ` առաջիկա ՏԻՄ ընտրությունները Գյումրիում շատ հետաքրքիր ու դիտարժան են լինելու…


Համլետ Կիրակոսյան

Комментариев нет:

Отправить комментарий