Избранное сообщение

Գաբրիել Գարսիա Մարկես. Մտքեր

1.Ես քեզ սիրում եմ ոչ նրա համար, թե ով ես դու, այլ նրա համար, թե ով եմ ես, երբ քո կողքին եմ: 2. Ոչ մեկը արժանի չէ քո արցունքներին: Իսկ ...

воскресенье, 3 июня 2012 г.

Դարձ ի շրջանս յուր


Նորընտիր Ազգային ժողովն արդեն արել է առաջին նիստը, ընտրել խորհրդարանի ղեկավարություն: Այսպիսով, Ազգային ժողովը նորից կղեկավարի Հովիկ Աբրահամյանը, ում առաջին խոսքը խոսնակ ընտրվելուց հետո եղել է «Արդարությունը հիվանդանում է, բայց չի մահանում» հայտնի արտահայտությունը: Թե այս արտահայտությամբ ինչ է ցանկացել ասել Հ. Աբրահամյանը, կարելի է միայն ենթադրել. ընդ որում՝ տարբերակները շատ են: Օրինակ, այդ խոսքի տակ կարել էր հասկանալ, որ իրեն ժամանակին անարդար են ազատել խոսնակի պաշտոնից՝ կասկածելով ներքաղաքական «մութ» խաղերի մեջ, իսկ հիմա, երբ պարզ դարձավ, որ նման խաղեր չկան, արդարությունը վերականգնվեց:


Հիշեցնենք, որ Հ.Աբրահամյանը այդ պաշտոնից ազատվեց ՀՀԿ-ի նախընտրական շտաբի պետ նշանակվելու նպատակով, Հանրապետականի ՙշռնդալից՚ հաղթանակից հետո, ուր կազմակերպչական առումով իր ներդրում ունեցավ նաեւ մեր հերոսը, բնականաբար, նա պետք է ստանար ՙհաղթանակի՚ իր բաժինը, ու ստացավ. վերադարձավ հանրապետության երկրորդ դեմքը լինելու իր կարգավիճակին: Հիշենք, որ նա մեծ համոզչականությամբ խոստացել էր այդ վերադարձի մասին: Փոխխոսնակի պաշտոնները հանձնվել են նորից Հանրապետականին՝ Էդվարդ Շարմազանովին ու Հերմինե Նաղդալյանին:

Իրենից շատ փոքր ինտրիգ էր պարունակում վարչապետի նշանակման հարցը, քանի որ բացի Տիգրան Սարգսյանից, քաղաքական շրջանակներում շրջանառվում էին երկու Կարեն Կարապետյանների ու նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանի անունները: Բայց, մեծ հաշվով, գրեթե պարզ էր, որ այս փուլում Սերժ Սարգսյանը վարչապետ չի փոխի, ու չփոխեց: Նորից վարչապետ նշանակվեց Տիգրան Սարգսյանը:
Այս վերջին օրերի ներքաղաքական ամենամեծ ինտրիգն այն էր, թե խորհրդարանի առաջին նիստին իրեն ինչպես կդրսեւորի ԲՀԿ-ն: Այսինքն, հենց առաջին քվեարկությունից պարզ կլիներ, թե ՙԲարգավաճ Հայաստանը՚ ընդդիմությու՞ն է, թե՝ ոչ: Առաջին քվեարկությունը վերաբերում էր ԱԺ նախագահի ընտրությանը: ԲՀԿ-ն ոչ միայն սեփական թեկնածու չառաջադրեց, այլեւ խմբակցության պատգամավորները մասնակցեցին քվեարկությանը ու ձայն տվեցին իշխանության ներկայացուցիչ Հովիկ Աբրահամյանին: Սա ընդդիմադիր դիրքորոշում  չէ: Սակայն, ըստ որոշ կարծիքների, վերջինիս թեկնածությունը Գագիկ Ծառուկյանի սրտով է՝ հաշվի առնելով ինչպես նրանց խնամիական կապը, այնպես էլ Հովիկ Աբրահամյանի ջերմ հարաբերությունները ԲՀԿ-ի հետ:

Հատկանշական է, որ ԲՀԿ-ն մինչ օրս խուսափում է ուղղակիորեն հայտարարել իր ընդդիմություն լինելու մասին: Վարդան Օսկանյանը օգտագործում է ոչ թե ՙընդդիմություն՚ բառը, այլ ՙայլընտրանք իշխանությանը՚ բառակապակցությունը: Իսկ այդ բառակապակցությունը շատ մշուշոտ է ու դրա տակ ամեն ինչ կարելի է հասկանալ:
Ինչպես պատգամավորական մանդատների հանձնման հանդիսավոր արարողությանը, այնպես էլ առաջին նիստին չմասնակցեցին Հայ ազգային Կոնգրեսի եւ ՙԺառանգության՚ ցուցակով ընտրված պատգամավորները: Կոնգրեսի պատգամավորները մանդատները վերցրել են ավելի ուշ, արել խմբակցության առաջին նիստը եւ նախագահ ընտրել Լեւոն Զուրաբյանին, քարտուղար՝ Արամ Մանուկյանին:

«Ժառանգության» խմբակցությունը կղեկավարի Ռուբեն Հակոբյանը, քարտուղարը՝ Զարուհի Փոստանջյանն է: Անցած շաբաթավերջին տեղի ունեցավ այս կուսակցության համագումարը: Համագումարում «Ժառանգության» նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը հանդես եկավ «Պետության իրավիճակի մասին» ելույթով՝ անդրադառնալով Հայաստանի ներքին մարտահրավերներին եւ արտաքին քաղաքականության առաջնահերթություններին՝ խորհրդարանական ընտրությունների եւ սպասվելիք նախագահական ընտրությունների միջեւ ընկած այս վճռորոշ ժամանակաշրջանում:

Ինչպես արդեն այս կուսակցության գործելաոճում ավանդույթ է դարձել, համագումարից հետո թողնվեցին մի շարք անպատասխան հարցեր, թեւրեւս փորձելով այդկերպ ինտրիգայնություն հաղորդել առաջիկա ներքաղաքական գործընթացներին ու խաղալ այդ նրբերանգների վրա: Օրինակ, դեռ չի որոշվել, թե կուսակցության նախագահ վերընտրված Րաֆֆի Հովհաննիսյանը վերցնելու՞ է պատգամավորական մանդատը, թե՞՝ ոչ: Այս հարցով որոշում կկայացվի սեպտեմբերին մեկնարկող ԱԺ նստաշրջանին ընդառաջ:

Բացի այդ, «Ժառանգությունը» որոշել է սեփական թեկնածուով մասնակցել 2013 թ. նախագահական ընտրություններին: Ենթադրվում էր, որ կուսակցության թեկնածուն լինելու է Րաֆֆի Հովհաննիսյանը, քանի որ նախընթաց ներքաղաքական գործընթացները, «Ժառանգության» ու «Ազատ լիբերալների» համագործակցությունը դիտարկվում էր հենց այդ համատեքստում: Սակայն Րաֆֆի Հովհաննիսյանն հասկացնել է տվել, որ ինքը չի առաջադրվի: Իհարկե, սա չի կարելի վերջնական որոշում համարել՝ հաշվի առնելով այն իրողությունը, որ այս գործիչը շատ հաճախակի է փոփոխում իր որոշումները:

Համլետ Կիրակոսյան


Комментариев нет:

Отправить комментарий