Մոտենում է սեպտեմբերը եւ քաղաքական
դաշտում օրախնդիր է դառնում թեժ աշուն լինել-չլինելու հարցը: Հայաստանում միշտ էլ այդպես
է եղել. գարնանը խոստանում են թեժ աշուն, աշնանը` թեժ գարուն: Խոստացողներն էլ հիմնականում
արմատական դիրքերից հանդես եկող ընդդիմադիրներն են: Հետո գալիս է գարունը կամ աշունը
եւ պարզվում է, որ քաղաքական տեսակետից դրանք ոչ մի անբարեխառնություն էլ չունեն: Հին պատմություն է:
Ի տարբերություն նախորդ տարիների,
այս տարի թեժ աշնան թեման մի փոքր այլ նրբերանգներ ունի: Թեժ աշուն խոստացող ընդդիմությունը
(Հայ ազգային կոնգրեսը) սպասվելիք թեժությունը կապում է իրենց հիմնական պահանջի` արտահերթ
ընտրությունների անցկացման հետ: Բնականաբար, եթե արտահերթ ընտրություններ լինեն`թեժ
մթնոլորտն ապահովված կլինի: Այլ հարց է, թե արդյո՞ք իշխանությունը այնքան համարձակություն
կունենա, որ գնա արտահերթ ընտրությունների: Գործող վարչակազմը միայն «ընտրություն»
բառը լսելուց արդեն սարսափից կարկամում է, էլ ուր մնաց ինքնակամ գնա նման քայլի, այսինքն`ինքնասպանության:
Սակայն այս հարցն ունի առավել
հետաքրքրական մի այլ կողմ. արտահերթ ընտրություններից սարսափում է ոչ միայն իշխանությունը,
այլեւ իրենց ընդդիմություն համարող տարբեր շրջանակներ (ժառանգականներ, դաշնակցականներ,
կարապետիչներ, քարթու ու նորաթուխ քաղաքական տարատեսակ գործիչներ, «անկախ» ու «կախյալ»
վերլուծաբաններ):
Թե արտահերթ ընտրություններն ինչու՞ են սարսափեցնում իշխանություններին` առավել քան պարզ է ու հստակ. այս հարցում հատուկ մեկնաբանությունների կարիք չի զգացվում: Արտահերթ ընտրությունը կնշանակի վերջ տարբեր տեսակի սարգսյանների, գալուստների, հովիկների, զոհրաբյանների եւ այս շարքի մյուս մարդկանց փափուկ ու յուղալի կյանքին` դրանից բխող բոլոր հետեւանքներով:
Իսկ ահա թե ինչու են արտահերթ
ընտրությունների առումով իրար խառնվում տարբեր որակի ու քանակի քաղաքական ուժերը, հատկապես
իրենց ընդդիմություն հռչակածները, մի փոքր անհասկանալի է: Եթե նրանք իրոք ընդդիմություն
են, ապա պետք է միայն ողջունեն արտահերթ ընտրությունները, քանի որ միայն այդ ճանապարհով
է Հայաստանում հնարավոր իրականացնել իշխանափոխություն եւ համակարգային փոփոխություններ:
Չէ՞ որ նրանց քաղաքական պայքարի նպատակը, ինչպես իրենք են հայտարարում, հենց դա է:
Եթե նրանք չեն հավատում արտահերթ
ընտրությունների իրատեսական լինելուն`այլ խնդիր է: Սակայն դա չի նշանակում ընդհանրապես
քամահրական ու ժխտողական վերաբերմունք դրսեւորել Կոնգրեսի պահանջի նկատմամբ: Դրանով
այդ ուժերը միայն ջուր են լցնում իշխանության ջրաղացին:
Իրականում այդ ուժերի վերաբերմունքի
պատճառը այլ տեղ պետք է փնտրել: Նրանք լավ հասկանում են, որ ցանկացած ընտրության պարագայում
իրենք որեւէ հնարավորություն չունեն հասնել հաջողության եւ ամեն կերպ ձգտում են հետաձգել
անխուսափելին, ձեռի հետ էլ պայքարելով Կոնգրեսի դեմ`ինչ-որ ձեւով իրենց կողմը գրավել
ընդդիմադիր զանգվածի գոնե մի փոքր մասի: Մեծ աշխարհ է`կարող է ստացվի: Ու հետո էլ պետք
գա:
Համլետ Կիրակոսյան
Համլետ Կիրակոսյան
Комментариев нет:
Отправить комментарий