Избранное сообщение

Գաբրիել Գարսիա Մարկես. Մտքեր

1.Ես քեզ սիրում եմ ոչ նրա համար, թե ով ես դու, այլ նրա համար, թե ով եմ ես, երբ քո կողքին եմ: 2. Ոչ մեկը արժանի չէ քո արցունքներին: Իսկ ...

суббота, 10 сентября 2011 г.

Ինչու՞ հրաժարական տվեց Կարեն Կարապետյանը


Նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Կարապետյանի հրաժարականը ինչքան էլ պաշտոնապես ներկայացվի «սեփական դիմումի համաձայնե, այնուամենայինիվ դա չի կարող չունենալ ներիշխանական ու ներքաղաքական ինչ-որ դրդապատճառ կամ ենթատեքստ: Նման բարձրաստիճան պաշտոնյայի հրաժարականը հենց այնպես չի լինում: Մանավանդ Հայաստանում:


Այս պաշտոնը զբաղեցնողը Հայաստանում միշտ էլ հանգուցային ֆիգուր է եղել: Նախագահի աշխատակազմի ղեկավարը, թեեւ արտաքուստ հրապարակային քաղաքականության մեջ շատ չի երեւում, սակայն ստվերային դաշտում էական դերակատարություն ունի: Նախագահական պալատի կապն ու փոխհարաբերությունները քաղաքական մյուս միավորների հետ իրականացվում են  հենց աշխատակազմի ղեկավարի միջոցով: Իսկ եթե վերջինս օժտված է ինչ-ինչ անձնական հատկանիշներով, ապա կարող է դառնալ հարցեր լուծող ֆիգուր:

Ժամանակին, օրինակ, նման ֆիգուր էր Սերժ Սարգսյանը: Պատահական չէ, որ Ռոբերտ Քոչարյանի օրոք լինելով նախագահի աշխատակազմի ղեկավար` Սերժ Սարգսյանն ստացել էր նաեւ «գորշ կարդինալե անունը: Ի պաշտոնե չգտնվելով իշխանական աստիճանակարգի ամենավերեւներում, նա փաստացի ավելի մեծ իշխանությամբ էր օժտված, քան խորհրդարանի նախագահն ու վարչապետը: Էլ չասած մյուս ազգային ջոջերի մասին: Հիմա եկեք պատկերացնենք, այդ տարիների ինչ-որ մի պահի Սերժ Սարգսյանը հրաժարական է տալիս. դա ռումբի պայթյունի նման բան կլիներ Հայաստանում:

Ինչ վերաբերում է Կարեն Կարապետյանի քաղաքական կշռին, ապա նրա աստիճանակարգի բարձրացումն ու ընտանեկան կապիտալի բարգավաճումը սկսվել է նորից Ռոբերտ Քոչարյանի օրօք: 2000-ականների սկզբին նա Ազգային Ժողովի «Կայունությունե խմբի ղեկավարներից էր: Եղավ մի պահ, երբ այդ խումբը վճռորոշ դերակատարություն ձեռք բերեց ներքաղաքական դաշտում`դառնալով Ռ.Քոչարյանի իշխանությունը ամրապնդող ուժերից մեկը: Թերեւս հենց այստեղից էլ սկսվեց Կարապետյանների բիզնեսի ծաղկումը: Հիշեցնենք, որ Կարեն Կարապետյանը «Տաշիրե ընկերության սեփականատեր Սամվել Կարապետյանի (Տաշիրի Սամո) ավագ եղբայրն է, ով վերջին տարիներին դարձավ Հայաստանի օլիգարխներից մեկը: Դա, թերեւս, տեղի ունեցավ ոչ առանց Կարեն Կարապետյանի գործուն աջակցության:

Հետո Կարեն Կարապետյանն անդամագրվեց «Հանրապետականե կուսակցությանը, 2007-ի խորհրդարանական ընտրություններից հետո դարձավ ՀՀԿ խմբակցության ղեկավար, 2008-ի աշնանը` նախագահի աշխատակազմի ղեկավար: 2009 թվականից սկսած մինչ օրս պարբերաբար շրջանառություն մեջ էին դրվում տեղեկություններ, թե վարչապետ Տիգրան Սարգսյանը պաշտոնանկ է արվելու եւ նրա փոխարեն նշանակվելու է Կ.Կարապետյանը: Ճիշտ է, այդ տեղեկությունները իրականություն չէին դառնում, բայց որոշակի նստվածք տալիս էին:

Ընդհանրապես վերջին 1-2 տարում բավականին հետաքրքիր իրավիճակ էր ստեղծվել Հայաստանի երեք առանցքային պաշտոնյաների`ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի, վարչապետ Տիգրան Սարգսյանի եւ Կարեն Կարապետյանի շուրջ: Այդ հետաքրքրությունը վերաբերում է ոչ միայն վարչապետի աթոռի շուրջ վերջիններիս մասին պտտվող խոսակցություններին, ունեցած տարաձայնություններին, այլեւ ՀՀԿ-ի ներսում նրանց գրաված դիրքին: Խոսքն այն մասին է, թե այս երեքից առաջիկա խորհրդարանական ընտրություններում ով է գլխավորելու ՀՀԿ ցուցակը: Հասկանալի, որ այդ ցուցակը գլխավորողն էլ լինելու է Սերժ Սարգսյանի հիմնական վստահորդը:

Ամենայն հավանականությամբ, Կարեն Կարապետյանի հրաժարականը ինչ-որ կերպ կապված է այս թնջուկի հետ: Իսկ թե ինչ է թաքնված այդ թնջուկի մեջ, պարզ կդառնա մոտ ապագայում: Համենայն դեպս, քիչ ժամանակ է մնացել թնջուկի քանդմանը…

Համլետ Կիրակոսյան
«Ասպարեզ»

Комментариев нет:

Отправить комментарий