Избранное сообщение

Գաբրիել Գարսիա Մարկես. Մտքեր

1.Ես քեզ սիրում եմ ոչ նրա համար, թե ով ես դու, այլ նրա համար, թե ով եմ ես, երբ քո կողքին եմ: 2. Ոչ մեկը արժանի չէ քո արցունքներին: Իսկ ...

суббота, 17 сентября 2011 г.

Թշնամանքն ու ատելությունը որպես քաղաքական կատեգորիա


Ինչպես բերված պատճառաբանությունները, այնպես էլ չպատճառաբանությունները առ ոչինչ են: Պարզապես երեք նախագահները չեն կարող կանգնել իրար կողքի: Եւ եթե Լեւոն Տեր-Պետրոսյանի` Ռ.Քոչարյանի ու Ս.Սարգսյանի կողքին չկանգնելու ավանդույթն արդեն ունի 13 տարվա պատմություն, ապա վերջին երկուսի` իրար կողք գոնե ձեւական չկանգնելը ինչ-որ տեղ նորություն է: Սա նշանակում է, որ նրանց միջեւ առկա անձնական տարաձայնությունները միտում ունեն վերածվելու թշնամանքի:
Իրերի այս դրվածքը գալիս է դեռ «Ղարաբաղե կոմիտեի ժամանակներից: Այդ ժամանակ ով կպատկերացներ, որ գաղափարական համակիրներ ու անձնական մտերիմներ Լեւոն Տեր-Պետրոսյանն ու Վազգեն Մանուկյանը կարճ ժամանակ անց ոչ միայն դառնալու են քաղաքական հակառակորդներ, այլեւ ընդհուպ մոտենալու են թշնամական հարաբերությունների: Վազգեն Մանուկյանը վիրավորվեց երկրորդը լինելու կարգավիճակից, հետո էլ չներեց Լեւոն Տեր-Պետրոսյանին 1996 թվականի վիճելի ընտրությունների համար: Լ.Տեր-Պետրոսյանն էլ չներեց Վ.Մանուկյանին առաջինը լինելու հավակնությունների, իր կողքից հեռանալու ու իրեն քննադատելու համար: Ու այս փոխադարձ նեղացվածությունն ու իրար չներելու մթնոլորտը շարունակվում է մինչ այսօր:

Գրեթե նույն պատմությունն է Լեւոն Տեր-Պետրոսյան-Պարույր Հայրիկյան փոխհարաբերություններում: Հայրիկյանն իրեն պատկերացնում էր Հայաստանի անկախության, ժողովրդավարության ու սահմանադրության հայրը եւ այդ դափնիներից իրեն զրկելու մեղավորներ համարում էր Լ. Տեր-Պետրոսյանին ու բոլոր ՀՀՇ-ականներին: Այսօր էլ է համարում ու արդեն 20 տարի անհաշտ է նրանց հետ: Առաջին նախագահը արդեն 20 տարի կարծես արհամարհած ունենալով Հայրիկյանի դափնիները` հրապարակայնորեն անտեսում է նրան:

Հատկանշական է, որ իրար հետ անհաշտ (եթե չասենք իրար ատող) այս երեք գործիչները քաղաքական հայացքների ու դավանանքի առումով, մեծ հաշվով, էական տարաձայնություններ չունեն: Բայց չեն սիրում իրար ու դարձել են քաղաքական հակառակորդներ: Հակառակության հիմքը ոչ այնքան քաղաքական է, որքան անձնական:

Մի փոքր այլ է Լեւոն Տեր-Պետրոսյան-Դաշնակցություն փոխհարաբերությունների բնույթը: Սա արդեն բոլորովին այլ պատմություն է` այլ կինոյից, որին կանդրադառնամ մեկ այլ անգամ:

Համլետ Կիրակոսյան
«Ասպարեզ»

Комментариев нет:

Отправить комментарий