Избранное сообщение

Գաբրիել Գարսիա Մարկես. Մտքեր

1.Ես քեզ սիրում եմ ոչ նրա համար, թե ով ես դու, այլ նրա համար, թե ով եմ ես, երբ քո կողքին եմ: 2. Ոչ մեկը արժանի չէ քո արցունքներին: Իսկ ...

суббота, 3 сентября 2011 г.

Իշխանությունը նորից թոզ է փչում


Ճանապարհային ոստիկանության պետ Մարգար Օհանյանի ձերբակալությունը ինչքան էլ վերաբերի զուտ իրավական դաշտին, այնուամենայնիվ իր հիմքում ունի նաեւ ներքաղաքական ենթատեքստ: Չի կարելի բացառել նաեւ ներխմբային շահերի գործոնը: Որպես կանոն, մեզանում կամ խոշոր շնաձկերը ավելի խոշորներին կուլ են գնում կամ էլ այդ շնաձուկը ինչ-որ բան սխալ է արել, ու ախպերությունը հիմա պատժում է նրան: Թե որ հնարավոր տարբերակն է Մարգար Օհանյանի դեպքում դարձել առաջնային, առայժմ դժվար է ասել: Հնարավոր է, դա ընդհանրապես այդպես էլ անհայտ մնա, քանի որ նման բաները Հայաստանի տիպի փակ համակարգերում երբեւէ ջրի երես դուրս չեն գալիս:


Հասկանալի, որ իշխանությունն այդ փաստը կօգտագործի որպես PR  ակցիա, իբր, տեսեք-տեսեք, պայքարում ենք կոռուպցիայի դեմ եւ չենք խնայում անգամ մեր յուրայինին, ով նաեւ ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյա է: Սակայն հանրությանը կոռուպցիայի դեմ պայքարելու նման երգերով այլեւս չես զարմացնի: Ավելի շուտ` հանրությունն այլեւս չի հավատում նման երգերին: Որեւէ մեկի համար գաղտնիք չէ, որ Հայաստանի ողջ պետական համակարգը թաթախված է կոռուպցիայի մեջ, ավելին` իշխանությունը նստած է այդ կոռուպցիոն համակարգի վրա ու պահվում է դրա միջոցով:

Եթե անգամ գնանք ֆանտաստիկայի ոլորտ ու հիփոթետիկ ենթադրություն անենք, թե հայրենի իշխանությունները կամք ու ցանկություն ունեն անձնվիրաբար պայքարել կոռուպցիայի դեմ, ապա դժվար է պատկերացնել, թե ինչպես են դա անելու. բռնելու ու դատելու են բոլոր կոռուպցիոներների՞ն ու կաշառակերների՞ն. այդ դեպքում պետական ապարատում շատ քիչ մարդ կմնա, քանի որ կոռուպցիան դարձել է այդ ապարատի շարժիչ ուժը: Կամ էլ համակարգը բարեփոխելով ու հասարակական մտածողության մեջ փոփոխություններ կատարելով` արմատախիլ են անելու՞ կոռուպցիան: Այդ դեպքում կոռուպցիայի դեմ «հերոսաբար» մարտնչող Սերժ, Տիգրան ու Ալիկ Սարգսյանները, Աղվան Հովսեփյանը եւ մյուս «ազգային ջոջերը» պետք է սկսեն իրենցից. նախեւառաջ պիտի փոխեն իրենց գործելակերպն ու մտածողությունը, հետո նոր դա պահանջեն հասարակությունից, ինչպես դա անում է մեր փառապանծ վարչապետը:

Հիշու՞մ եք մեկ-երկու տարի առաջ ինչպես էր Տ. Սարգսյանը մեղադրում հասարակությանը` հայտարարելով, որ եթե երկրում կոռուպցիա կա, ապա դրանում մեղավոր է հասարակությունն իր վատ մտածելակերպով: Սա այլ բան չէ, քան պարզ դեմագոգիա:  Իսկ դրանից առաջ թերեւս վարչապետն ավելի անկեղծ էր իր այն հայտարարության մեջ, ըստ որի, երկրում կոռուպցիա չի լինի, եթե տվյալ երկրի առաջին 3-4 դեմքերը կոռումպացված չլինեն: Սա ճշգրիտ բանաձեւ է` համարժեք ժողովրդի ասած «ձուկը գլխից է հոտած» ճշմարտությանը: Այս հայտարարությունը Տ.Սարգսյանն արել էր իր պաշտոնավարման սկզբնական շրջանում, երբ կառավարության նիստերի ժամանակ զբաղված էր բարոյախրատական բնույթի դասախոսություններ կարդալով: Երեւի վարչապետն այդ անկեղծությունն իրեն թույլ էր տվել միամտաբար`չգիտակցելով, որ այն հետո ուղղվելու է իր դեմ:

Այսօր անգամ իշխանությունը չի ժխտում, որ Հայաստանում կա մեծ չափերի հասնող կոռուպցիա: Սրանից հետեւում է, որ վարչապետի նշած առաջին 3-4 դեմքերը շարունակում են մնալ կոռումպացված: Այլ հետեւություններ անել ուղղակի դժվար է:
Ինչ վերաբերում է կոնկրետ «Մարգար Օհանյան» օպերացիային, ապա միանշանակ կարելի է ասել, որ իշխանությունն այդ օպերացիան մշակել է` ելնելով նախընտրական տարվա տրամաբանությունից: Ի վերջո, պետք է, չէ՞, ընտրողի աչքին թոզ փչել…

Համլետ Կիրակոսյան

Комментариев нет:

Отправить комментарий