Избранное сообщение

Գաբրիել Գարսիա Մարկես. Մտքեր

1.Ես քեզ սիրում եմ ոչ նրա համար, թե ով ես դու, այլ նրա համար, թե ով եմ ես, երբ քո կողքին եմ: 2. Ոչ մեկը արժանի չէ քո արցունքներին: Իսկ ...

понедельник, 5 сентября 2011 г.

Վնասատուները պետք է գտնվեն ոչ թե իշխանության մեջ, այլ բոլորովին այլ տեղ


Իշխանության ներկայացուցիչները, եւ ոչ միայն նրանք, մի հետաքրքիր ձեւ են գտել հակադարձելու իրենց քննադատողներին, հատկապես, երբ վերջիններս հանդես են գալիս իշխանափոխության միջոցով գործող վարչակազմից ազատվելու կոչերով: Իշխանություններն այս դեպքում անմիջապես մի 15-20 տարով ետ են գնում ու հիշում Լեւոնի «ցուրտ ու մութե տարիները, Վանոյի «քաջագործություններըե, ՀՀՇ-ական գործիչների կառուցած առանձնատներն ու ձեռք բերած բիզնեսները, եւ այլն, եւ այլն…

Այսինքն` այսօրվա իշխանավորները ոչ թե ասում են, թե իրենք կառավարում ու իշխում են Սահմանադրությանն ու օրենքի տառին հավատարիմ, այլ` մատնանշում են նախկինների կատարած անօրինականությունները, դրանք համեմատում իրենց արածների հետ ու հանգիստ շունչ քաշում. «Տեսնու՞մ եք, այդ ամենը մեզնից չի սկսվել, բացի այդ, մեր արածը ինչ մի մեծ բան է նրանց արածի համեմատ»:

Ուրեմն, իշխանության ներկայացուցիչները չեն ժխտում, որ այսօր իրենց մեջ կան բազմաթիվ օրինախախտ, անարժան ու ժողովրդին, մեղմ ասած, կեղեքող մարդիկ: Զորօրինակ, ՀՀԿ-ական պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանը, ով մեկ-մեկ ազնիվ պոռթկումներ է ունենում ճշմարտությունն ասելու, սեպտեմբերի 5-ին հայտարարել է, թե չի բացառում, որ իշխանության մեջ էլ կարող են լինել մարդիկ, որոնք երկրին վնաս տված լինեն: Սակայն սրան զուգահեռ, անմիջապես ավելացրել է. « Էդ ո՞վ է խոսում ունեւորությունից, լեգիտիմությունից: Հարթակում կանգնած կան մարդիկ, որոնց էսօր իշխանության մեջ եղած շատ մարդկանցից իրանց անցած ուղիով շատ ավելի բացասական կարելի է գնահատել` թալանի, առաջին միլիոնը ձեռք բերելու համար»: Փաստորեն սրանով Լեռնիկ Ալեքսանյանն ուզում է ասել, թե ժողովուրդ ջան, այո, մենք վատն ենք, բայց հիշեք, սրանք մեզանից ինչքան վատն են եղել, դե, ուրեմն, հանդուրժեք մեզ:

Մի բանում Լեռնիկ Ալեքսանյանը հարյուր տոկոսով ճիշտ է. նախկիններն ու ներկաները իրենց արած-չարածով, իրոք, անհամեմատելի են. եթե նախկինները, ՀՀԿ-ական պատգամավորի բառապաշարով ասած`«ասաբնյակներ են կառուցել ու այնտեղ են ապրում», ապա ներկաների դղյակներին ու պալատներին հատ ու հաշիվ չկա: Եթե նախկինները շրջում են «շքեղ» ու թանկարժեք մեքենաներով, ապա ներկաների գերշքեղ ու գերթանկարժեք մեքենաներն ամեն օր աչքներիս առաջ է: Այս «եթե»-ներն ու «ապա»-ները կարելի է անվերջ շարունակել, ու համեմատությունը, համեստության առումով, բնավ ներկաների օգտին չի լինի:

Բայց տվյալ դեպքում կաեւորն այս չէ: Ի սկզբանե սխալ է դրված իշխանություններին ու նրանց գործունեությունը գնահատելու եւ համեմատականներ անցկացնելու սկզբունքը: Եթե իշխանության ներկայացուցիչը շատ հանգիստ խոստովանում է, որ իրենց մեջ կան բացասական մարդիկ ու վնասատուներ, ապա դրանից (ոչ թե հայտարարությունից, այլ նրա մատնանշած երեւույթից) քրեական հանցագործության հոտ է փչում. ի՞նչ գործ ունեն վնասատուները իշխանության մեջ: Նրանց համար առանձնացված է բոլորովին այլ վայր, ուր, որպես կանոն, հավաքում են բոլոր տեսակի վնասատուներին: Մեր մեջ ասած, այնպես է ստացվել, որ մեզանում նման վայր է դարձել իշխանական ապարատը:

Համլետ Կիրակոսյան

Комментариев нет:

Отправить комментарий