Избранное сообщение

Գաբրիել Գարսիա Մարկես. Մտքեր

1.Ես քեզ սիրում եմ ոչ նրա համար, թե ով ես դու, այլ նրա համար, թե ով եմ ես, երբ քո կողքին եմ: 2. Ոչ մեկը արժանի չէ քո արցունքներին: Իսկ ...

четверг, 15 сентября 2011 г.

Մեկ գիշերվա մեջ հազարավոր դոլարներ մսխող բիրդան աղաները մեծ բանաստեղծի կյանքը փրկելու համար գումար չունեն


Մեր ժամանակների լավագույն բանաստեղծներից Հովհաննես Գրիգորյանը ծանր հիվանդությամբ գտնվում է Երեւանի հիվանդանոցներից մեկում: Նրա կյանքը փրկելու համար հարկավոր է բուժումն իրականացնել արտասահմանում, որն արժե 50 հազար դոլար: Այժմ հանգանակություն է կատարվում այդ գումարն հավաքելու համար: Չնայած Ֆեյսբուքով, հասարակական այլ խողովակներով, անգամ Հայլուրով բարձրաձայնվում է այդ մասին, սակայն մինչ օրս շատ քիչ գումար է հավաքվել:

Սա վիրավորական է, վիրավորական է ե՛ւ պետության, ե՛ւ հասարակության, ե՛ւ բանաստեղծի համար: Ի տես ամբողջ աշխարհի հայտարարվում է, որ հասարակական, մշակութային, գրական, ինչու չէ, նաեւ ազգային արժեք ունեցող հայ բանաստեղծի կյանքը արժե շատերի համար իրենից ոչինչ չներկայացնող մի ինչ-որ 50 հազար դոլար, նրա պեոզիայի սիրահարները ու գրական ընկերները խնդրում են օգնել, սակայն գումար տվող չկա…

Նախ այդ հանգանակության հարցը չպետք է ծագեր էլ. պետությունը ինչ-որ կերպ, առանց ավելորդ աղմուկի, շատ արագ պարտավոր էր կազմակերպել այդ գործը: Դժվար է կարծել, որ ինչ-որ մեկը իրեն թույլ կտար որեւէ դժգոհություն արտահայտել, եթե պետական բյուջեից կամ այլ աղբյուրներից գումար հատկացվեր այդ նպատակի համար:  Ամեն մի չնչին նպատակի համար գումար մսխվում է, սակայն երբ իրոք այդ գումարի նպատակային ու ազգօգուտ օգտագործման անհրաժեշտությունը կա, հատկացնող չկա:

Ու՞ր են մեր պոռոտախոս եւ հղփացած մեծահարուստներն ու օլիգարխները, ովքեր կարող են մեկ գիշերվա մեջ ռեստորաններում ու սաունաներում 50 հազար դոլարից ավելի գումար ծախսել, ովքեր տաշիրներում ու այլ անճաշակ մրցանակաբաշխություններում տասնյակ հազարավոր դոլարներով շաբաշ են բաժանում, հարյուր հազար դոլար արժեք ունեցող բնակարաններ ու շքեղ ավտոմեքենաներ նվիրում ոչ պակաս հղփացած ու ժողովրդի համար չնչին արժեք ունեցող մեր «աստղերինե: Ու՞ր են մեր նախկին ու ներկա իշխանավորները, ովքեր տարիներ շարունակ լլկեցին պետությունն ու ժողովրդին, հարստացան ու օլիգարխվեցին պետական ունեցվածքի հաշվին: Այն պետության, որի կառուցման ակունքներում, գաղափարական ու մտածողության տեսակետից, կանգնած էր իր մտածողությամբ հեղափոխական ու առաջադեմ Հովհաննես Գրիգորյանը, ում համեմատ այդ բոլոր մարդիկ կոպեկի արժեք չունեն:

Անկասկած է, որ մեր պետական անկախության համար մենք պարտական ենք նաեւ 1960-ական թվականների վերջերին գրական աշխարհ մուտք գործած այն պոետական սերնդին, որը նոր շունչ հաղորդեց սովետական քարացած մտածողությանը, փոխեց աշխարհայացք ու աշխարհընկալում` նախապատրաստելով 80-ական թվականների ազգային վերազարթոնքի շարժումը: Այդ պոետական սերնդի ամենավառ ներկայացուցիչը Հովհաննես Գրիգորյանն է, ու այսօրվա բիրդան աղաները տասնամյակներ հետո կհիշվեն միայն այն պատճառով, որ եղել են նրա ժամանակակիցը …

Եթե անգամ նրանցից մեկը, այնուամենայնիվ, այս ամենից հետո գումար տրամադրի, էլի այս պատմությունն ու քաշքշուկը չի դադարի ամոթալի լինելուց:

Համլետ Կիրակոսյան
«Ասպարեզ»

Комментариев нет:

Отправить комментарий