Избранное сообщение

Գաբրիել Գարսիա Մարկես. Մտքեր

1.Ես քեզ սիրում եմ ոչ նրա համար, թե ով ես դու, այլ նրա համար, թե ով եմ ես, երբ քո կողքին եմ: 2. Ոչ մեկը արժանի չէ քո արցունքներին: Իսկ ...

вторник, 13 сентября 2011 г.

Արմատականությունը որպես ուղիղ ճանապարհ


Հայ ազգային կոնգրեսի սեպտեմբերի 9-ի հանրահավաքը տալու էր մեկ հարցի պատասխան. ինչպիսի՞ն են լինելու ՀԱԿ-ի քայլերը առկախված երկխոսության պայմաններում: Եւ ընդհանրապես, Կոնգրեսն ինչպե՞ս է դիմավորելու, անցկացնելու ու ճանապարհելու քաղաքական աշունը, որն ավանդաբար համարվում է ակտիվացման ու իր մեջ հեղափոխության նախադրյալներ պարունակող շրջան:

Առաջին նախագահ Լ.Տեր-Պետրոսյանն իր ծավալուն ելույթում ոչ պակաս ծավալուն անդրադարձ կատարեց 2008 թվականի նախագահական ընտրություններում գրանցված ընտրակեղծիքներին` մեկ անգամ եւս հիշեցնելով իշխանության ոչ լեգիտիմության մասին: Այս թեման վերջին օրերին լայնորեն շրջանառվում է նաեւ վիքիլիքսյան հայտնի փաստաթղթերում, որտեղ մատնանշվող փաստերը ներկայացնում են Ռ.Քոչարյանի, Ս.Սարգսյանի եւ նրանց կամակատարների կողմից իշխանության բռնազավթման գործընթացի ողջ մանրամասները, ընդհուպ մինչեւ Սահմանադրական դատարանի անդամների վրա այդ օրերին եղած ճնշումները:

Այս ամենը նշանակում է, որ առաջիկա ներքաղաքական գործընթացներում լեյտմոտիվի դերում կարող է հանդես գալ կեղծված ընտրությունների թեման, ինչն իր հերթին նշանակում է «դարձ ի շրջանս յուրե, այսինքն` 2008-2009 թթ. իրավիճակ: Սպասվող հանրահավաքային ակտիվացման համապատկերում, ինչի մասին հայտարարել է Կոնգրեսը, դիրքորոշման այս կոշտացումը կոնգրեսական որոշակի շրջանակների եւ արմատական տրամադրված երիտասարդության տրամադրություններն արտահայտող մարտավարություն է:

Որքան էլ Լեւոն Տեր-Պետրոսյանն ու Կոնգրեսի մյուս ղեկավարները իշխանության հետ երկխոսությունը համարում էին ճիշտ քայլ պետության շահերի տեսակետից, այնուամենայնիվ ընդդիմության ներսում շատերը դեմ էին դրան`գտնելով, որ այս իշխանության հետ անիմաստ է որեւէ հարցի շուրջ երկխոսել: Այդ իշխանությունը հասկանում է միայն «կոշտությանե լեզուն եւ նրան պետք է պատասխանել միայն այդ լեզվով:

Չնայած սրան` Լեւոն Տեր-Պետրոսյանն հասկացնել է տվել, որ ՀԱԿ ակտիվիստ Տիգրան Առաքելյանի ազատ արձակման դեպքում Կոնգրեսը պատրաստակամ է շարունակել առկախված երկխոսությունը: Սա կարելի է համարել երկխոսության տապալման պատասխանատվությունը իր վրա չվերցնելու փորձ, կամ էլ ընդամենը քաղաքավարական ժեստ, մանավանդ Լ.Տեր-Պետրոսյանը նաեւ հայտարարել է, որ անկախ ամեն ինչից, իրենք որեւէ ակնկալիք չունեին, թե երկխոսության միջոցով հնարավոր է հասնել արտահերթ ընտրությունների: Չնայած նա բացառել էր հեղափոխական կամ ապստամբության ճանապարհը, սակայն մատնանշել էր պայքարի միակ ուղենիշը` բարձրացնել ժողովրդի ակտիվությունը եւ դրա միջոցով ճնշում գործադրել իշխանությունների վրա: Նիկոլ Փաշինյանն էլ տվել էր առաջիկա պայքարի քաղաքագիտական ձեւակերպումը` սահմանադրական հեղափոխություն:

Ըստ ամենայնի, Կոնգրեսի առաջիկա գործողությունները հիմքում ընկած է լինելու արմատականությունը: Հայաստանում ստեղծված սոցիալ-տնտեսական վիճակը, ամենատարբեր խնդիրների առթիվ դժգոհությունների աճը, հասարակական բողոքի մեծ ալիքը բանակում տիրող իրավիճակից, իշխանությունների անգրագետ գործունեությունը եւ բոլոր ոլորտներում տապալումները իրական հիմքեր  են ստեղծել այդ արմատականությունը շոշափելի դարձնելու համար:

Համլետ Կիրակոսյան
«Ասպարեզ»

Комментариев нет:

Отправить комментарий