Избранное сообщение

Գաբրիել Գարսիա Մարկես. Մտքեր

1.Ես քեզ սիրում եմ ոչ նրա համար, թե ով ես դու, այլ նրա համար, թե ով եմ ես, երբ քո կողքին եմ: 2. Ոչ մեկը արժանի չէ քո արցունքներին: Իսկ ...

суббота, 24 сентября 2011 г.

Ժամանակն աշխատում է իշխանության օգտին. Կոնգրեսը պետք է «գազ» տա


Սեպտեմբերի 23-ի հանրահավաքին Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը ժողովրդին կոչ է արել պատրաստվել քաղաքացիական անհնազանդության հաղթարշավին: Հաջորդ հանրահավաքը նշանակվել է սեպտեմբերի 30-ին, ինչը նշանակում է, որ Կոնգրեսն առավել պարբերական է դարձնում դրանք: Սա իր հերթին նշանակում է, որ ՀԱԿ-ը, այնուամենայնիվ, արմատականությունը համարում է որպես ուղիղ ճանապարհ:

Այս մասին իր ելույթում հասկացնել է տվել նաեւ Լեւոն Տեր-Պետրոսյանը, նշելով, թե մինչ այժմ «Կոնգրեսը փորձել է քաղաքական ճգնաժամը հաղթահարել քաղաքակիրթ միջոցներով։ Բայց «կիրթ» արմատից կազմված բառերը, կարծես թե, խորթ են հնչում իշխանությունների համար, եւ նրանք հասկանում են միայն ճնշումների լեզուն»: Լ.Տեր-Պետրոսյանը չօգտագործելով անհնազանդություն բառը`ամեն դեպքում հայտարարել է, որ «այսօրվանից մենք պետք է ավելացնենք մեր ճնշումները եւ առավել հաճախակի ու մարդաշատ հանրահավաքների, ինչպես նաեւ զանգվածային այլ միջոցառումների միջոցով ստիպենք իշխանություններին՝ կատարելու մեր պահանջները»:

Առաջին նախագահը որպես պահանջ ձեւակերպել է 8 կետ, որոնցից զուտ քաղաքական տեսանկյունով կարեւորվում է երկուսը` մինչեւ տարվա վերջ անցկացնել արտահերթ նախագահական ու խորհրդարանական ընտրություններ եւ ընտրություններից առաջ  ընտրական օրենսգրքում կատարել էական փոփոխություններ, նրանցում ընդգրկելով Կոնգրեսի ներկայացրած հայտնի առաջարկները։

Հատկանշական է, որ պահանջներից մեկն առնչվում է պետական պաշտոնյա-լրագրող փոխհարաբերություններին եւ ունի հետեւյալ տեսքը. «Օրենքով արգելել բարձրաստիճան պետական պաշտոնյաների, Ազգային Ժողովի պատգամավորների եւ տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարների կողմից մամուլի միջոցների եւ լրագրողների դեմ դատական հետապնդումների հարուցման պրակտիկանե։ Այս կետը կարեւորվում է հատկապես այսօր, քանի որ նախընտրական ժամանակաշրջան է, եւ իշխանություններն ամեն միջոց ու ջանք կներդնեն ու արդեն իսկ ներդնում են անցանկալի լրատվամիջոցների բերանը փակելու համար, ինչպես ժամանակին արեցին «Ա1+»-ի ու «ԳԱԼԱ»-ի հետ:

Այսպիսով, ներկա քաղաքական իրավիճակում Կոնգրեսի դիրքորոշումը հստակ է. ձեռք քաշել երկխոսությունից ու գնալ արմատական քայլերի: Սրանով հանդերձ, Լեւոն Տեր-Պետրոսյանը չի այրել բոլոր կամուրջները, հայտարարելով, թե «մենք մաքսիմալիստ չենք, եւ պատրաստ ենք լրջորեն վերաբերվել այդ առթիվ իշխանությունների առաջարկած ցանկացած ողջամիտ փոխզիջման»։

Երկխոսությունը գրեթե ոչինչ չտվեց, կամ քիչ բան տվեց Կոնգրեսին: Ի սկզբանե հասկանալի էր, որ այն ավելի ձեռնտու է իշխանություններին` ժամանակ ձգելու, հանդուրժողականության ու ժողովրդավարության պատրանքներ ստեղծելու, միջազգային ուժերի աչքին թոզ փչելու եւ, ի վերջո, հերթական ընտրությունների գնալու համար: Հասա՞վ արդյոք իշխանությունն իր նպատակին: Եթե ոչ ամբողջությամբ, ապա կիսով չափ հասավ, կամ դրա կես ճանապարհին է: Կես ճանապարհին մնալու միակ խոչընդոտը կարող է լինել Կոնգրեսն իր արմատական քայլերով: Սակայն դրա համար նա քիչ ժամանակ ունի: Ժամանակն աշխատում է հօգուտ իշխանությունների:

Սա հասկանում է նաեւ Կոնգրեսի ղեկավարությունը: Հենց այդ կերպ պետք է ընկալել Լ.Տեր-Պետրոսյանի ելույթի եզրափակիչ պարբերությունը` «Սեպտեմբեր–հոկտեմբեր ամիսներին Հայաստանի քաղաքական ճգնաժամի հաղթահարման հարցում լուրջ բեկում կամ վերջնական հստակեցում է տեղի ունենալու։ Այս պնդման հավաստիացումը դուք կստանաք հաջորդ հանրահավաքում»։

Համլետ Կիրակոսյան
«Ասպարեզ»

Комментариев нет:

Отправить комментарий